Մովսես Հակոբյանի օրոք զինվորներին անորակ համազգեստ սկսեցին հագցնել

Մովսես Հակոբյանի օրոք զինվորներին անորակ համազգեստ սկսեցին հագցնել

Քառօրյա պատերազմի օրերի կորուստներից հետո թվում էր, թե ՊՆ ղեկավարությունն ավելի հոգատար, ավելի սրտացավ է լինելու զինվորների նկատմամբ, ավելի լավ է կազմակերպելու նրանց կենցաղն ու հանգիստը, բարձրացնելու է մատակարարվող ապրանքների եւ սննդի որակը: Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ: Ս․թ․ հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար եւ էժանագին կտորից: Այդ կտորի բաղադրության միայն 35 տոկոսն է բամբակ: 65 տոկոսը սինթետիկ է, նեյլոն: Ստորեւ ներկայացնում ենք նախկինում բաժանված համազգեստի եւ նորի պիտակների լուսանկարները: Սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է: Նա մայիսի վերջից ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի եւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը: Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը համազգեստը կարվում էր 50 տոկոսով բամբակյա կտորից, որը դարձյալ քիչ է: Զինվորը հաճախ օրեր շարունակ նույն հագուստով է, հերթապահության է գնում՝ առանց փոխվելու, եւ համազգեստը պետք է հիգիենայի պահանջներին համապատասխանի, չպետք է շոգեցնի, քրտնեցնի կամ հեշտ հրկիզվող լինի: Նեյլոնի բարձր պարունակություն ունեցող համազգեստն արագ բռնկվող է: Այն կրողն անպաշտպան է, օրինակ, նապալմի` բենզինի խտացման արդյունքում ստացված զինատեսակի առաջ, որը քառօրյա պատերազմի ժամանակ, ըստ վկայությունների, կիրառվել է: «Կարողանում էինք փրկել նրանց, որոնք համազգեստով չէին»,- հիշեցի ապրիլյան օրերին Արցախ մեկնած վետերաններից մեկի խոսքը: Խորհրդային շրջանում, օրինակ, բանակային համազգեստը կարում էին բամբակի 90 եւ ավելի տոկոսի պարունակությամբ հյուսվածքից: Հայտնի «ստեկլյաշկան», որը փայլ ուներ եւ կարված էր սինթետիկ հյուսվածքից, նախատեսված էր միմիայն շինարարական աշխատանքների համար: Փաստորեն, համազգեստի որակը գցելը Մովսես Հակոբյանի առաջին քայլերից է եղել: Այս համազգեստի շուկայական գինը 15 հազար դրամ է: Հավանաբար, Մովսես Հակոբյանը եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշել են տնտեսումներ կատարել բանակայինների համազգեստի որակի հաշվին: Այլ բացատրություն գտնել հնարավոր չէ: 15 հազար դրամ արժողությամբ համազգեստը նախատեսված է ժամկետային զինծառայողների համար, որը, ինչպես հայտնի է, դիմացկուն է եւ Օհանյանի 2-3 հազար եվրո արժողությամբ հագուստ կրող տիկնոջ պես պահանջկոտ չէ: Ինչո՞ւ որոշեցիք էժանացնել համազգեստը, ո՞րն է այս որոշման տրամաբանությունը։ Հարցերն ուղղեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով նրան լուրջ վերաբերվել մեր հարցմանը: Բայց նա ավելի կարեւոր հարցերով էր զբաղված։ «Դա նեղ տեխնիկական հարց է, որին պիտի պատասխանեն մասնագետները։ Ես հիմա պատմության մեջ ամենամեծ զենքի ցուցահանդեսը պիտի թողեմ, վաղը ՀԱՊԿ նիստը թողեմ, որ Դուք անլուրջ չհամարեք»,- պատասխանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մենք պետք է մեր հարցումն ուղղենք գլխավոր շտաբ: Գլխավոր շտաբի կայքում նշված էլեկտրոնային հասցեով նամակներ ուղարկելը նույնն է, թե ինչպես ռուս մեծ գրող Չեխովը կասեր` в деревню, дедушке նամակ գրելը: Եվ ինչո՞ւ գլխավոր շտաբին նամակ գրենք, եթե ՊՆ-ն մամուլի քարտուղար ունի: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արծրուն Հովհաննիսյանը շուտով դադարելու է այդ պաշտոնն զբաղեցնել: Ասում են:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ