Վարչապետը «ատրիբուտ» է մտցրել հատուկ լրագրողների համար

Վարչապետը «ատրիբուտ» է մտցրել հատուկ լրագրողների համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր «բարեփոխիչ» ջանքերում հասավ լրագրողներին։ Այսօր կառավարության շենք եկող չորրորդ իշխանավորներին անակնկալ էր սպասվում։ Պարզվում է, միայն հավատարմագրի առկայությունը բավարար չէ շենք մտնելու համար, և ներսում ուժեղացված հսկողություն իրականացնող ավտոմատավորները պահանջում էին որ հավատարմագրերը անպայման լինեն լրագրողների դոշին։ Ընդ որում, այդ ատրիբուտը պետք է ոչ թե փակցված լինի, ասենք, քորոցով, կամ «բուլավկած» լինի, այլ անպայման պետք է կախված լինի մեկ այլ ատրիբուտի՝ հատուկ ժապավենի վրա։ Եթե, օրինակ, լրագրողները այս ատրիբուտը կախեն ականջներից, չի ստացվի։ Անպայման վզից կախած պետք է լինի։ Ժապավենները բաժանվում էին ներքևում, ընդ որում, քիչ էին, և հենց դրանք վերջացան, ավտոմատավորները փակեցին դռները լրագրողների առաջ։ Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է։ Երևի, ատրիբուտների թշնամի վարչապետը վարակվել է նախկին դատախազ Հակոբ Բաբայանի որդուց՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանից, որը բեյջերի պատերազմ էր սկսել լրագրողների դեմ, բայց այդպես էլ ոչնչի չհասավ։ Գուցե, վարչապետի այս նորամուծությունը վատ չընդունվեր լրագրողների կողմից և նրանք չվազեին խմբագրություններ ու այս մասին «ստատուսներ» գրեին, եթե վարչապետի մամուլի վարչությունը գոնե բարի լիներ վաղօրոք զգուշացնել նրանց, որ այսուհետ այն կիրառվելու է, պարզաբանել ելումուտի նոր կանոնները։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե վարչապետը նոր ատրիբուտիկա մտցնելուց առաջ գոնե ձևի համար ծանոթանար իր շենքում աշխատող լրագրողների աշխատանքային պայմաններին, ավելի ճիշտ «չպայմաններին»։ Լրագրողները խմբվում են կարմիր գորգի մոտ, միմյանց խանգարելով, իրար ոտքերի և մարմնի այլ մասերի վրա բարձրանալով, մի կերպ ձայնագրիչներն ուղղում են դեպի նախարարների բերանի հատվածը, փորձում են ընկալել պատասխանները, իհարկե, եթե նախարարը հետևի մուտքով չի փախել ու հանդգնել է նետվել իրեն սպասող տեսախցիկների և ձայնագրիչների երախը։ Իհարկե, նախարարները շատ տգեղ են դուրս գալիս այս խմբակային կադրերում, երբեմն ականջախառը, երբեմն, մեջքի կողմից և բավականին անտեղյակ պատասխաններ են տալիս խմբակային այս հարձակումների ժամանակ։ Էքսկլյուզիվության, լրագրողական հմտությունների դրսևորման, հեղինակային, լուրջ հարցերի կամ մտածված պատասխանների մասին այս «չպայմաներում» խոսելն ավելորդ է։ Բայց ահա վարչապետի այսօրվա նորամուծությունից հետո այս գեղեցիկ կադրերին կավելանան նաեւ վզից կախ տված բեյջերը։ Հասկանալի չէ, թե ինչ է դա ավելացնելու մեր կյանքում կամ ինչպես է նպաստելու կառավարության աշխատանքի ավելի լիարժեք լուսաբանմանը։