Նոր նախարարները երաշխավորված բիզնեսի ներկայացուցիչներ են եղել

Նոր նախարարները երաշխավորված բիզնեսի ներկայացուցիչներ են եղել

Նոր կառավարությունն անվանում են պրոֆեսիոնալների կաբինետ, մենեջերների կառավարություն, գործարարների, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարները հիմնականում մասնավոր ձեռնարկությունների նախկին ղեկավարներ են: Նոր վարչապետի բնորոշմամբ՝ «համեստ եւ պարկեշտ» այդ անձինք միանգամից չեն համաձայնել նախարար դառնալ, եւ նրանց կարելի է հասկանալ: Նրանք բիզնեսի ոլորտից են եկել, բայց նրանցից ոչ մեկն ինքնուրույն խաղացող չի եղել, եւ ձեռնարկությունները, որտեղ նրանք աշխատել են, հաջողել են բոլորովին այլ պատճառներով:



«Ինգո Արմենիային» օգնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը



Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որը երկար տարիներ բժիշկ-անեստեզիոլոգ է աշխատել Հրազդանի հիվանդանոցում, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն էր, իսկ «Ինգո Արմենիան» մեկն էր այն 6-7 ապահովագրական ընկերություններից, որոնք մնացին շուկայում վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի «զտումներից» հետո: Նրա օրոք Կենտրոնական բանկն այս ոլորտի համար ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը սահմանեց 1 միլիարդ դրամ: Արդյունքում ապահովագրական ընկերությունների կեսը վերացան: Նրանք, ովքեր մնացին ոլորտում, կարճ ժամանակ անց ոտքի կանգնեցին եւ սկսեցին ահռելի շահույթներ ստանալ, քանի որ նշված օրենքի ընդունումից մի երկու ամիս առաջ, 2010 թվականի հոկտեմբերից, ուժի մեջ էր մտել ԱՊՊԱ-ն (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն), «Ինգո Արմենիան» եւ մյուս ընտրյալներն ուղղակի դատապարտված էին հարստացման: 2014 թվականին «Ինգո Արմենիան» Հայաստանի ապահովագրական 6 ընկերություններից երկրորդն էր իր կշռով՝ «Ռոսգոսստրախ Արմենիայից» հետո:



Իգնատի Առաքելյանը հայտնվեց հակառակ կողմում



Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկ այլ արտոնյալ ձեռնարկության գործադիր տնօրենն էր` Երեւանի կոնյակի գործարանի, որտեղ նա կարիերան սկսել է հասարակ հաշվապահից: Սա մի գործարան է, որը երկար տարիներ մթերել է աճեցվող խաղողի 90 տոկոսը: Մինչեւ 2004 թվականն այն արտադրում էր հայկական կոնյակի 63 տոկոսը: Այսօր էլ «Պեռնո Ռիկարն» ամենահարուստ կոնյակ արտադրողն է Հայաստանում, որը բարդ հարաբերություններ ունի գյուղացիների հետ եւ միշտ առիթ է փնտրել խաղողի գինը գցելու: Իգնատի Առաքելյանը հիմա պետք է պետական մտածողություն ձեւավորի եւ անշահախնդիր ձեւով կանգնի գյուղացու եւ արտադրողի մեջքին, այսինքն՝ խաղա հակառակ կողմից:



Ռուսական կայուն ձեռնարկությունների դրածոները



Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ է պաշտպանված եւ արտոնյալ ձեռնարկության ներկայացուցիչ, որը «Պեռնո Ռիկարից» էլ պաշտպանված է Հայաստանում: Խոսքը ռուսական «Ռոստելեկոմի» մասին է, որը Հայաստանում մատուցում է ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության եւ նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ, եւ որի դուստր ձեռնարկության ղեկավարն էր մեր նոր տրանսպորտի նախարարը: Էներգետիկայի նախարարը ռուսական «Հրազդան ՋէԿ»-ի տնօրենն է, ՊԵԿ նորանշանակ նախարար Վարդան Հարությունյանը ռուսական «Գազպրոմ Արմենիան» էր ղեկավարում, իսկ մեկ այլ «գազավիկ»` «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության տնօրեն Արսեն Հարությունյանը նշանակվեց Ջրային պետական կոմիտեի ղեկավար: Սա այն ընկերությունն է, որն անհասկանալի ծառայությունների համար գազ սպառող յուրաքանչյուր անձից ամեն ամիս երաշխավորված գումար է ստանում: ՀՀ քաղաքացիները սա համարում են պորտաբույծ կառույց, ինչպեսեւ ողջ գազի համակարգը, որն անտրամաբանական թանկ գներով է վաճառում գազը: Անգամ Ուկրաինայում գազն ավելի էժան է, քան Հայաստանում: Նոր կառավարիչներին զուտ ձեւականորեն կարելի է բիզնես աշխարհի ներկայացուցիչներ համարել: Նրանք բոլորն էլ եկել են երաշխավորված, պետական հովանավորությամբ եւ աջակցությամբ գործող բիզնեսից, կայուն ռուսական ընկերություններից, որոնք երբեք չեն գտնվել ազատ մրցակցության դաշտում եւ ծաղկել են բացառապես իշխանության ուժով:



ՀԳ. Եվ հիմա այս մարդիկ, իրենց նշանակման օրից սկսած, պետք է սովորեն ապրել ՀՀ քաղաքացիների դարդերով, պետական մտածողություն ցուցաբերեն: Կառավարության ամեն նիստից հետո նրանք լրագրողներին նույնն են ասում` դեռ չեն խորացել խնդիրների մեջ, ժամանակ տվեք, 100 օր տվեք եւ այլն: Առայժմ ոչ մի նոր գաղափար կամ «նոու հաու», կամ միտք, թե ինչպես պետք է իրենց ոլորտները դուրս բերեն փոսերից, նրանք չեն բարձրաձայնել:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ