Թող մի հատ բոչկա դնեին հրապարակում, էթող-գալողը քցեր 1000 դրամը. Գրիշա Սարգսյան

Թող մի հատ բոչկա դնեին հրապարակում, էթող-գալողը քցեր 1000 դրամը. Գրիշա Սարգսյան

Նախորդ շաբաթվանից քննարկումների կիզակետում է ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ: Այդ գումարով նախատեսվում է օգնել 2017թ-ից հետո զոհված կամ վիրավորված զինծառայողներին, նրանց հարազատներին:



Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը դրական է ընդունում այն ամենը, ինչը վերաբերում է բանակին, եթե դա ծառայի իր նպատակին. «Մի քանի տարի առաջ, երբ Աղաբեկյան Արթուրը փոխնախարար էր, բացեցին հիմնադրամ, բայց նպատակին ծառայե՞ց, թե՞ ոչ, անհայտ մնաց, հիմա սա դրա շարունակությունն ա: Օրենքը դա գիտություն ա, չեն հասկանում ո՞նց ընդունեն, ի՞նչ ընդունեն, դրա մեջ ինչ կիրառեն, որ այդ օրենքները երկար կյանք ունենան, այդ օրենքները կարճ կյանք են ունենում: Ես համաձայն եմ, ինքս բանակի համար կյանքս չեմ խնայում, ոչ մի հայ բանակի համար չի զղջա, որովհետև դա մեր հզորությունն ա, դա մեր փառքն ա, մեր բանակը զսպաշապիկ ա թշնամիների համար: Ես համաձայն եմ, բայց սա կարելի էր անել ավելի դիպլոմատ, կուլտուրական, կոռեկտ, սա մուրացկանություն ա, ոնց որ Սփյուռքի նախարարը ասում էր՝ բերեք ամեն մեկդ 1000 դոլար դրեք ստեղ, որ լավ լինի: Տենց անմտություն անելով` երկիր չեն կառուցում: Ես հարգում եմ, ընդունում եմ Վիգեն Սարգսյանին, բայց սա ոնց որ մուրալ լինի: Շըփ-թըփ բերեցին, ո՞վ ա կանտրոլ անելու, որ դա իր նպատակին ծառայի: Երեք նախագահ ենք ունեցել, ով եկավ, բերեց սահմանադրությունը կարեց իր հագով, որպեսզի պաշտպանի իր իշխանությունը, իր բիզնեսները և այլն, բա կարելի ա՞ երկու օրը մեկ սահմանադրություն փոխել: Հասկացանք, որ իրանք անձեռնմխելի են, բայց որ իրանց զավակները, բալեքը, թոռները ապրելու են էս երկրում, մի քիչ իրենց սերունդների մասին մտածեն: Էս Ազգային Ժողովի 99 տոկոսը էնտեղ պիտի նստած չլիներ, որովհետև դրանք տանձը խնձորից չեն տարբերում, ո՞նց են գնացել օրենք ընդունում, երկիրն էլ այդ օրենքով շարժվի»:



-Նշեցիք, որ այդ ամենը կարելի էր կոռեկտ ձևով անել, ի՞նչ եք առաջարկում, ինչպե՞ս կազմակերպել, որ ձեր խոսքով ասած՝ մուրացկանություն չդիտվի:



Դրա համար ունենք հատուկ ինստիտուտներ, խոշոր տնտեսագետներ, կարելի էր այն ձևով կազմակերպել, որ նույնիսկ բնակչությունը չզգար, որ նման բան ա կատարվում, բնակչությունը ոչ թե դժգոհ ա, պռոստը ստեղ գնում ա, որ վստահություն չկա պետության, իշխանության նկատմամբ: Սոցիալական անարդարություններից, խաբվելուց մարդիկ արդեն հոգնել են, դրա համար մարդիկ չեն կարող վստահել, որ էդ 1000 դրամը կգնա, տեղ կհասնի և զինվորը պաշտպանված կլինի դրանով: Եթե վեկալես, ամբողջ իշխանության կեսը դոկտոր-պրոֆեսորներ են, չե՞ն կարողանում մշակել մեխանիզմ, որ բնակչությունն էլ չիմանար` նման բան են անում, մեր թշնամին չուշանար, թող մի հատ բոչկա դնեին հրապարակում, էթող-գալողը քցեր 1000 դրամը: Դա ուրախացնում ա թշնամիներին, որ Հայաստանը էն օրի ա ընկել, որ հազար-հազար դրամ ա հավաքում: Ո՞նց կարա 5 միլիոն ստացողը 1000 դրամ տա, 80 հազար դրամ ստացողն էլ 1000 դրամ տա, էդտեղ էլ ա սոցիալական անարդարություն, ո՞ր մեկն ասեմ… Կամաց-կամաց իմ մեջ վստահություն ա լինում վարչապետի նկատմամբ, և ես իմ թիմիով կկանգնեմ երևի վարչապետի կողքին, որ նա իր բոլոր ծրագրերը իրականացնի Հայաստանի առաջընթացի համար:



-Եթե այդ հիմնադրամը վերահսկի հանրության կողմից վստահություն ունեցող անձ, դա բավակա՞ն կլինի դժգոհության ալիքը մեղմելու համար:
Իշխանության մեջ այդպիսի անձ կա՞, որ կարող է կանգնել այդ հիմնադրամի կողքը և իմանանք, որ լավ կլինի: Էս պահին ժողովրդի մոտ վստահության նշույլ մտցրել է վարչապետը:



-Նշում եք, որ ձեր թիմով կանգնելու եք վարչապետի կողքին, եթե վերջինս անդամակցի ՀՀԿ-ին, այդ դեպքո՞ւմ էլ նրան կաջակցեք:



Եթե վարչապետը կարողանա արմատական փոփոխություններ մտցնել, մաքրել դեղնակտուցներից և սուտ փիլիսոփաներից Հանրապետական կուսակցությունը, ես մեծ սիրով պադերժկա կանեմ, եթե մնան էսօրվա կազմը, ի սեր Աստծո, ես անելու բան չունեմ:



-Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, դուք ձեր թիմով ո՞ւմ կողքին եք կանգնելու, մասնակցություն ունենալո՞ւ եք:



Ես չեմ կարող ասել, որովհետև այնքան խառնաշփոթ է քաղաքական դաշտում, բայց նախ քաղաքական դաշտ գոյություն չունի, ցերեկը խաղում են ընդդիմություն, գիշերը գնում են, խառնվում են թալանչիների հետ: Կգա ժամանակ, ամեն ինչը կշտկվի և կիմանանք՝ ում կողքն ենք կանգնելու: Երբ կողմնորոշվենք` որ ուժի կողքը կարելի ա կանգնել, բայց մեր կանգնելը լինելու ա վճռական ու անպայման հաղթական քայլ ենք անելու:



-Հիմա դուք ձեզ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ եք համարում, ժամանակին սատարել եք ՀՀԿ-ին:



Ես ոչ ընդդիմադիր եմ, ոչ իշխանամետ, ես ժողովրդի զավակն եմ, նրա կողքին եմ: Դուք տեսե՞լ եք, որ ես ինձ կուսակցական համարեմ, դիմություն-ընդդիմություն խաղամ, էդ կապիկությունները ես չեմ ընդունում: