Թագավորական երկիր կլինի, թե պառլամենտական, կարեվորը՝ երկիրը երկիր դառնա

Թագավորական երկիր կլինի, թե պառլամենտական, կարեվորը՝ երկիրը երկիր դառնա

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ամեն օր հեռուստաեթերով լսում է կոչեր ու էլի կոչեր։ Ասում է՝ այդ ամենից լավ բան չի սպասում, ապա մանրամասնում, թե ինչ նկատի ունի. «Գիտե՞ք ինչու լավ բանի չեմ սպասում, որովհետեւ այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում։ Ամեն ինչ կախված է ցանկությունից, կա՞ր ցանկություն՝ չկար, հիմա որտեղի՞ց պետք է լինի այդ ցանկությունը։ Մեկ է՝ խորհրդարանում լինելու է կայուն մեծամասնություն, իսկ ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն, դա ինձ համար անհասկանալի է, կարծում եմ՝ էլի նույն բանն է լինելու, եւ ոչինչ չի փոխվելու։ Թվերի վերադասավորությունից հաշիվը չի փոխվում։ Ոնց նայում եմ, տեսնում եմ, որ բոլորն ուզում են խորհրդարան։ Այնպիսի մարդիկ են ուզում գնալ խորհրդարան, որ ունեն բիզնես, գործարար մարդիկ են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուզում գնալ, պարզ է մի բան. ուզում են լինել անձեռնմխելի, ոչ ոք իրենց ձեռք չտա, եւ ավելի ազատ իրենց գործերը կատարեն։ Թող անեն, ինչ ուզում են, բայց ժողովուրդը դրանից ինչ-որ բան շահելո՞ւ է, ես կարծում եմ, որ ոչինչ չի շահելու»։ 



Թոքմաջյանը չի հավատում, որ մեր օրերում կարող են հրաշքներ կատարվել, որովհետեւ ամեն ինչ հաշվարկված է, մտածված, իսկ իշխանության կերակրատաշտից օգտվողներն էլ այսօր դեմ են դուրս գալիս նույն իշխանությանը։ «Ինչի՞ համար են դեմ դուրս գալիս՝ վիրավորվա՞ծ են, նեղացա՞ծ, ոչինչ չենք կարող իմանալ, դրա համար շատ հարցեր այնքան մութ են։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը որ ուզեր, շատ հարցեր չէ՞ր կարող լուծել, վարչապետ էր, չէ՞, իսկ ինչո՞ւ չարեց, որովհետեւ չէր ուզում, կամ թույլ չէին տալիս։ Սեյրան Օհանյանը, ով կամ դուրս եկավ, կամ հանեցին, իշխանության մեջ էր, կառավարության անդամ, ինչո՞ւ է այսօր դեմ դուրս գալիս։ Թող պատճառաբանի, ասի՝ այսինչ բաների համար դուրս եմ գալիս։ Կամ՝ Վիկտոր Դալլաքյան, դու անընդհատ նախագահի կողքին ես եղել, խորհրդական, խորհրդարանում նրա ներկայացուցիչը, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ այսօր դեմ ես դուրս գալիս։ Չի ասվում, էլի մութ է մնում մեզ համար։ Այնպես որ, այնքան մութ բաներ կան, որ ինչպե՞ս կարող ենք սպասելիքներ ունենալ... Ես ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանում եմ, այլ ուզում եմ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ իմանան, թե ինչումն է գաղտնիքը, ի՞նչ է եղել՝ իր հետ վա՞տ են վարվել, ուզեցել է բիզնես անի, չե՞ն թողել, թե՞ արտառոց բաներ է նկատել, բայց ի վիճակի չի եղել բարձրաձայնել»,-ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ քանի դեռ շատ բաներ չգիտենք, չենք կարող սպասելիքներ ունենալ։ Իսկ եթե մի բան չի բացահայտվում, ուրեմն այս ամենը խաղեր են։



Թոքմաջյանն իր խոսքում նշում է, որ շատ առաջարկներ են եղել թե առաջ, թե հիմա՝ որեւէ կուսակցության շարքերն ընդգրկվելու համար, բայց. «Ո՞նց կարող եմ ես իմ խիղճը վաճառել եւ իմ գաղափարախոսությունն այդքան նեղացնել մի կուսակցության համար... այն էլ այսօրվա կուսակցությունները, որ ընդհանրապես գաղափարախոսություն չունեն։ Իհարկե, հարմարավետությունս մի քիչ մեծացնելու համար կարող եմ ինչ-որ կուսակցության մեջ մտնել եւ իմ համար տանիք ստեղծել։ Բայց, հավատացեք, այդ ամեն ինչը միայն ու միայն գլխին տանիք ունենալու կամ կերակրատաշտից օգտվելու խնդիր է։ Դրա համար ես մերժում եմ, որովհետեւ ես ազատ արվեստագետ եմ։ Իմ գաղափարներն ավելի բարձր են, մարդկային, քան նեղ կուսակցական շահերը»։ Այն հարցին՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր թեւից են առաջարկել, քանդակագործը նկատում է. «Հիմա ընդդիմադիր կա՞, ո՞րն է ընդդիմադիրը, բոլորն էլ նույնն են այսօր, բոլորն էլ ուզում են խորհրդարանի անդամ դառնալ, դրա ընդդիմադիրը ո՞րն է»։



Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի կարծիքով, այս տարվա ընտրությունները շատ վճռորոշ են լինելու. «Սա լավ հնարավորություն է, որ քաղաքականության մեջ գործող ուժերը, դաշինքներ են, թե կուսակցություններ, վերադարձնեն վստահությունը ժողովրդի մոտ։ Հիմա ժողովուրդը շփոթված է եւ չգիտի՝ ով է ճիշտ, ով է սխալ, իսկ առանց այդ վստահության երկիր չի կառուցվի։ Սա եզակի հնարավորություն է, եթե սա էլ ապականվեց, ուրեմն մեր երկիրն ապագա չունի»։



Նրա համար էական չէ այն, որ ընտրական մոդել է փոխվելու, Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ մեր երկիրը, ունենալով շատ հին ակունքներ պետական կառավարման ոլորտում, ցավոք, դա չի ուսումնասիրում եւ նայում է, թե ամերիկաներում ու եվրոպաներում ինչ մոդելներ են գործում. «Ինձ համար կարեւոր չէ մոդելը, մեր երկիրը ոչ թե մոդելների կարիք ունի, այլ ուղղակի սրտացավության, առանձին անհատների, համակարգի, իսկ համակարգը մի օրվա մեջ չի ստեղծվում, դրա համար երկար ժամանակ է պետք։ Մեր երկիրը կառավարվում է մարդկանց քմահաճույքներով, իսկ համակարգը դա մշակույթ է, որը ժամանակի մեջ է ձեւավորվում։ Մենք այդ համակարգը, որ ունեցել ենք, կորցրել ենք եւ հիմա ընդօրինակում ենք աշխարհում կայացած համակարգերին, մոդելներին եւ ինքներս էլ չենք կողմնորոշվում շատ դեպքերում։ Ինձ համար միեւնույն է՝ թագավորական երկիր կլինի, թե պառլամենտական, ես այդ նրբությունները չգիտեմ, ինձ պետք է, որ մեր երկիրը երկիր դառնա, իսկ երկիր դառնալն այսօր ամեն մի անհատից է կախված, ընտրություններից, իշխանավորներից։ Երբ գյուղացին նեղանում է իր գյուղապետից եւ թողնում-գնում է Ռուսաստան, անգամ այդ փոքր փաստը պետք է հաշվի առնել։ Ինչո՞ւ պետք է այդ մարդիկ ստիպված թողնեն գնան, դա մեր այսօրվա ամենամեծ կորուստն է։ Ընդհանրապես, 25 տարի է անցել մեր անկախացումից, բայց մենք բացի կորուստներից ձեռքբերում չենք ունեցել, միայն տեսականորեն ֆիքսված անկախություն եւ ազատություն, բայց իրականում անկախությունը դա ուժն է, տնտեսությունը, անկախ գործելու կարողությունը, ցավոք, մենք դեռ լիարժեք անկախություն եւ ազատություն չունենք, ավելին՝ այդ տարիների ընթացքում կորցրել ենք մեր արդյունաբերությունը, գիտությունը, մշակույթը»։



Հաղթանակ Շահումյանը նույնպես միանում է այն մտավորականներին ու հասարակական գործիչներին, ովքեր պահանջում են ընտրությունների օրը փոխել, քանի որ հենց ապրիլի 2-ին սկսվեց քառօրյա պատերազմը. «Չեմ հասկանում, թե մի քանի օր հետո ընտրություն անելն ինչով պետք է խանգարեր, կամ այստեղ ո՞րն է օրենքի խախտում, երբ մենք ամեն օր մեր առօրյա կյանքում շրջանցում ենք եւ Սահմանադրությունը, եւ տարբեր օրենքներ։ Ինձ թվում է՝ 4-5 օրը ոչինչ չէր անի, հատկապես որ ժողովուրդը պահանջում է, ու չեմ կարծում, որ մեր չինովնիկները դա չեն հասկանում։ Այդ օրը մենք 100-ից շատ զոհ ենք ունեցել, պատանիներ, ովքեր մեր երկրի համար են իրենց կյանքը տվել, այդ օրը շատերը գերեզման են գնալու, եւ իրենց չի հետաքրքրում՝ ընտրություն կլինի՞, թե՞ չէ։ Կարծում եմ՝ այդքան բանականություն կունենան եւ կտեղափոխեն»։



Հաղթանակ Շահումյանին տարբեր կուսակցություններից դեռ վաղուց են առաջարկել ներգրավվել իրենց շարքերը, ասում է՝ արվեստի մարդն իր գործունեությամբ արդեն պետականամետ դիրքորոշում ունի, իսկ եթե գնաց-մտավ որեւէ կուսակցական շարժման մեջ, դա կնշանակի, որ ինքը դավաճանում է իր համոզմունքներին։



Լուսանկարները՝ panarmenian.net-ի եւ hetq.am-ի