«Հյուսիս-հարավի» վրա արդեն ծախսել են ավելի քան 200 մլն․ դոլար

«Հյուսիս-հարավի» վրա արդեն ծախսել են ավելի քան 200 մլն․ դոլար

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանի տարբեր շրջաններ այցերի ժամանակ հաճախ է հետեւում շինարարական աշխատանքների ընթացքին եւ հինգշաբթի օրերին, կառավարության նիստերից հետո, զեկուցում է կարմիր գորգի վրա հավաքված լրագրողներին։ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մասին նախարարն ասել է, որ եղանակային պայմանների պատճառով շինարարությունը հիմնականում կանգնեցված է։ 



Ծրագրի գրասենյակից հայտնեցին, որ ներկայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Աշտարակ-Թալին եւ Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում: Կատարվում են լայնածավալ հողային, արհեստական կառուցվածքների, հաղորդակցուղիների տեղափոխման, բետոնե ճանապարհային ծածկի կառուցման եւ այլ աշխատանքներ: Հունվարի դրությամբ իրականացվել են շուրջ 52.000 քմ (շուրջ 5 կմ) ցեմենտբետոնե ճանապարհային պատվածք եւ մեծածավալ հողային աշխատանքներ:



ՊՈԱԿ-ից փորձեցինք պարզել, թե ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավի» քանի կիլոմետրն է պատրաստ, եւ մինչեւ փետրվար ինչ գումար է ծախսվել ճանապարհի կառուցման վրա։ Մեզ հանգամանալից պատասխան տվեցին՝ հիշեցնելով, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման, դրամաշնորհի եւ ՀՀ պետական բյուջեից ԱԱՀ-ի, հողերի օտարման եւ տարաբնակեցման, ինչպես նաեւ հաղորդակցուղիների տեղափոխման ծախսերի մասով համաֆինանսավորման տարբերակով: Տրանշ 1-ից, որով կառուցվել է Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ 31 կմ-անոց հատվածը, ծախսվել է ընդամենը 69,239,096 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Տրանշ 2-ից, որով կառուցվում է Աշտարակ-Թալին շուրջ 42 կմ-ն, ծախսվել է 94,242,527 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Իսկ տրանշ 3-ից (Թալին-Գյումրի 46,17 կմ + Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների 9 ուղեանցերի (վերգետնյա անցում) եւ 1 կամրջի վերանորոգում ու վերակառուցում) ծախսվել է ընդամենը 15,462,757ԱՄՆ դոլար եւ 24,155,312 եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն:



Այսինքն, պաշտոնական թվերով, ավելի քան 200 մլն․ արդեն ծախսվել է։ Ոչ պաշտոնական գնահատականներով, «Հյուսիս-հարավը» բավականին թանկ է նստում Հայաստանի վրա։ Գրասենյակից հայտնում են, որ տրանշ 1-ի որոշ հատվածներում ներկայում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներն առնչություն չունեն ճանապարհի կառուցման հետ:



«2016 թվականի հունիսից մեկնարկել է «Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի եւ 1 կամրջի վերակառուցում/կառուցում/վերականգնում։ Ծրագրի շրջանակներում վերակառուցվում են Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի գոյություն ունեցող 6 ուղեանցերը, ինչպես նաեւ կառուցվում են 2 նոր ուղեանցեր Մարմարաշեն ու Բուրաստան համայնքների տարածքներում, Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածում վերանորոգվում են 1 ուղեանց եւ 1 կամուրջ: Նշված աշխատանքները նախատեսվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ տրանշի գնումների պլանով եւ ֆինանսավորվում են համապատասխան տնտեսված միջոցներից։ Նշված կառուցվածքների կառուցման, վերակառուցման կամ վերանորոգման որեւէ աշխատանք ներառված չի եղել առաջին տրանշի շրջանակներում, եւ որեւէ գումար այդ նպատակով նախորդ պայմանագրով չի ծախսվել:



Նշված աշխատանքները միտված են արդիականացնել (բարձրացնել գաբարիտային չափսերը), ինչպես նաեւ հիմնանորոգման եւ նոր ուղեանցերի կառուցման միջոցով բարելավել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի անվտանգ եւ հարմարավետ հատումը զուգահեռ տարածքներից եւ հարակից համայնքներից»: Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը չի սահմանափակվում զուտ ճանապարհ կառուցելով, այլ նաեւ վերակառուցվելու են տրանսպորտային հանգույցներ, կամուրջներ, վերգետնյա եւ ստորգետնյա ուղեանցեր, ջրանցումներ եւ այլն, իսկ արդեն կառուցված ճանապարհը կահավորվում է գալվանացված մետաղական արգելափակոցներով, ավտոմատ համակարգով, նախազգուշացնող, կարգավորող եւ տեղեկատվական նշաններով, գծանշումներով։ Արժեքի մեջ են մտնում նաեւ ծրագրի ազդեցության ենթարկվող հողերի օտարման ու տարաբնակեցման, հնագիտական վայրերի ուսումնասիրության ծախսերը, այնպես որ, փող ծախսելու եւ ծախս ցույց տալու տեղ՝ ինչքան ուզես։




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ