Երևի շատերի համար հայրենիքը դարձել է գլխացավանք

Երևի շատերի համար հայրենիքը դարձել է գլխացավանք

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենի հետ



- Որքանո՞վ եք կարեւորում ապրիլի 2-ի ընտրությունները մեր կյանքում, բացի նրանից, որ ընտրական մոդել է փոխվում։



- Ամեն ընտրություն ինչ-որ հույս է ներշնչում, բայց որեւէ գործնական սպասելիք, ցավալիորեն, չունեմ։ Հուսանք՝ ինչ-որ բան կփոխվի, ու մենք կունենանք մտավորականներով, ինտելեկտուալ պոտենցիալով պաշտոնյաներ, պատգամավորներ, եւ այս խայտառակ իրականությունը, երբ պատգամավորը կապ չունի օրենսդրական գործունեության հետ եւ պատգամավոր դառնալու հիմնական նպատակը ստվերային դաշտում հայտնվելն է, կփոխվի, ու պրոֆեսիոնալներ կլինեն բոլոր օղակներում։



- Ասացիք՝ «հուսանք, մի բան կփոխվի», ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ հույսեր կապո՞ւմ եք։



- Աղոտ, որովհետեւ ջուրն այնքան պղտոր է, որ դժվար է տեսնել, թե ներսում ինչ է կատարվում, դրանք ցավալիորեն շատ աբստրակտ հույսեր են, որովհետեւ, ելնելով այս տարիների փորձից, 96-ից մինչ այսօր չի եղել որեւէ բան, որ հույս ներշնչի։ Մենք տեսնում ենք, որ անգամ հարյուրավոր զոհերից հետո գրեթե ոչինչ չի փոխվում, եւ քարոզարշավ են անում մարդիկ, որոնք քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն։ Նաեւ այս ինտերնետի դարում տնետուն ընկնելն ինձ հուշում է, որ մենք շատ հեռու ենք պետություն ունենալուց, քաղաքակիրթ երկիր կառուցելուց։ Իսկ որպեսզի մենք ունենանք ուժեղ երկիր, պետք է ունենանք հզոր մշակույթ, լավ գրականություն։ Մշակութային դաշտից պետք է սկսել ամեն ինչ, դա ինձ համար բանակաշինությանը հավասարազոր ոլորտ է։



- Մշակույթի նախարարին էլ հանրապետականացրին ու ներգրավեցին ակտիվ քարոզարշավի մեջ։



- Կարծում եմ՝ դա անհատի որոշումն է, ես ուզում եմ աշխատանքը տեսնել, ինձ համար կարեւորը դա է՝ տեսնել մշակույթի հանդեպ վերաբերմունք, որովհետեւ մշակույթն ամենախոցելի, ամենանուրբ, ամենաանպաշտպան ոլորտն է, եւ պետությունն ամեն գնով պետք է աջակցի մշակույթին, եթե այստեղ սկսենք շարժվել ինդուստրիալ սկզբունքներով, այս դաշտը կփոշիացնենք։



- Կուսակցությունների նախընտրական ծրագրերում մշակույթին հատկացված տողեր կա՞ն, որքանո՞վ են դրանք բավարար։



- Չեմ հանդիպել, միգուցե ուշադիր չեմ եղել, հետո ինձ թվաց՝ շատերի համար դա տասներորդական ոլորտ է, դրա համար է, որ մենք խնդիրներ ենք ունենում անվերջ, որովհետեւ մշակութային, հոգեւոր զարգացում ապրած մարդը լրիվ այլ սկզբունքներով է առաջնորդվում՝ նա երբեք չի գողանում, այդպիսի մարդիկ պետք է պաշտոնի գան եւ փորձեն ծրագիր իրականացնել պրոֆեսիոնալ կերպով, ոչ թե գան, որ գողանան։



- Այս ընտրություններում շատ մտավորականներ ընդգրկված են նախընտրական ցուցակներում, ինչպե՞ս եք գնահատում դա։



- Նորմալ եմ նայում, գրողը կարող է նաեւ կուսակցական լինել, սահմանափակումներ չկան, քաղաքականությունը մեր կյանքի որոշակի մասն է, ես կուզեմ, որ մշակութային գործիչները, եթե ունեն այդ կարողությունը, ներգրավված լինեն։ Վերջապես, հասարակությունը պետք է բարեկեցիկ ապրի, որ ժամանակ ունենա արվեստի համար։



- Օրեր առաջ հրապարակվեցին 100-ից ավելի դպրոցների տնօրենների հետ ձայնագրություններ, ովքեր ցուցակներ էին հավաքագրում ՀՀԿ-ի օգտին, սա ինչպե՞ս կգնահատեք։



- Անթույլատրելի եմ համարում, դա ինձ համար ուղղակի աբսուրդ է եւ ազդում է ամբողջ դպրոցի հոգեբանության վրա, եթե դպրոցը դառնում է ինչ-որ կուսակցության նեղ շահերի սպասարկողը, թեկուզ միայն տնօրենի մակարդակով։ Այնտեղ ամբողջ բարոյահոգեբանական մթնոլորտն աղավաղվում է, նույնը նաեւ այն դեպքում, երբ տարբեր ուժեր ավտոբուսներով մարդիկ են տանում տարբեր տեղեր, ելույթներ ունենում նույն մարդկանց առաջ, հետո այդ ավտոբուսները նորից իրենց «ջիպերի» հետեւից քարշ են տալիս ինչ-որ տեղ, եւ դա կոչվում է ընտրարշավ։ Եթե անկեղծ, ես նույնիսկ ավելորդ եմ համարում քաղաքականությունից խոսելը Հայաստանում։



- Որովհետեւ այդ կուլտուրան չկա՞։



- Կուլտուրայի հարցը չէ, նույնիսկ կարգին մասնագետներ չկան, մեզ մոտ աղավաղված է լրիվ՝ աջեր, ձախեր, սոցիալիստներ, դեմոկրատներ, կարող է լրիվ իրար հակադիր ուժերը կազմեն կոալիցիա, դրա համար ես քաղաքականությանը Հայաստանում լուրջ չեմ վերաբերվում, սա ուղղակի պաշտոնի հասնելու միջոց է մեզ մոտ։ Հուսով եմ, որ մեր երկրում ինչ-որ բան կլավանա՝ հետեւելով այլ երկրների փորձին։ Օրինակ՝ 18-րդ դարի Անգլիայում խայտառակ ընտրություններ եղան, Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպում հոյակապ ներկայացնում է դա, որը կարծես այսօրվա Հայաստանի մասին լինի, բայց այսօրվա Անգլիայում լիովին այլ քաղաքական միջավայր ու մշակույթ կա, կարծում եմ՝ նաեւ ժամանակ է պետք։



Դրա համար միանգամից պահանջել, որ 70 տարի Սովետի սապոգի տակ եղած, իսկ մինչ այդ պետականություն չունեցած, դրանից հետո էլ կիսաազատ այս վաշխառու, չարչիական մշակույթի, վայրի կապիտալիզմի կուտակման այս շրջանում մենք կունենանք մեծ առաջընթաց քաղաքականության ոլորտում, այդպես չէ։ Ցավալիորեն, մենք չունենք նաեւ այն գիտակցությունը, որ հասկանանք՝ այդ ժամանակը չունենք։ Եվ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, եթե դա չհասկանանք ու չշտկենք, ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, կլինեն ավելի սարսափելի պատերազմներ, եթե մենք չսթափվենք․ ցավալիորեն, ես այնքան չեմ հավատում, որ մենք կսթափվենք։



- Հայաստանում են նաեւ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, ովքեր ընտրությունների օրը դիտորդական առաքելություն են անելու։ Կհաջողվի՞ նրանց ազդել, որ մարդիկ ձայնը չվաճառեն։



- Շատ ուրախալի է, բայց դա կաթիլ է օվկիանոսի մեջ։ Ես շատ եմ ուզում, որ կարողանան ինչ-որ ձեւով ազդել, բայց եթե գյուղում ապրող գյուղացին սպասում է, թե երբ պիտի այդ գումարը բերեն իրեն տան, ինձ թվում է՝ ոչ Սերժ Թանկյանը, ոչ Արսինե Խանջյանը՝ շատ հարգված ու տաղանդավոր մարդիկ, չեն կարողանա ինչ-որ բան փոխեն։ Բայց ամեն դեպքում ես դրական եմ գնահատում, որ այս մարդիկ ապրում են Հայաստանով եւ իրենց թանկ ժամանակից հատկացրել են, որպեսզի ինչ-որ բան այստեղ փոխեն, որովհետեւ, ապրելով արտերկրում, իրենք հավատում են Հայաստանին ու իրենց հույսը սրա հետ են կապում։ Իրենց գիտակցությունը շատ ավելի բարձր է, քան այստեղ ապրող մարդունը, ով սպասում է, որ իրեն բերեն, ինչ-որ բան տան, ինքը գնա, մեկին ընտրի։ Այս գիտակցությունը մեզ լրիվ քայքայում է, ու իրականում արտագաղթն այս ամենի հետ է կապված, արտագաղթում են անարդարությունից ելնելով, որ միջին ու մանր բիզնեսը դեմ են ընկնում հարկային պատին, եւ գործողության մեջ են դրվում կեղծ թեզեր՝ զիջումների գնանք։



- Արցախի թեման կուսակցությունների ծրագրերում առանցքային տեղ է զբաղեցնում։



- Ինչ վերաբերում է հողեր տալ-չտալուն, դա ուղղակի այնքան պրիմիտիվ է, որ զարմանում եմ, թե քաղաքական գործիչներն ինչքան են իջնում այդ զրուցարանի մակարդակի եւ խոսում են խաղաղության դիմաց հողեր տալ-չտալուց։ Դու փորձում ես զիջման գնալ մի պետության, որը գրեթե ամեն օր զինվոր է սպանում սահմանի վրա։ Զիջենք այդ տարածքները, մեր սահմանը հետ քաշենք, մոտեցնենք մեր գյուղերին, տներին, եւ ի՞նչ, մտածում ենք, որ նրանք էլ չե՞ն կրակի, երբ պարզ հայտարարում են, որ թույլ չեն տա 2-րդ հայկական պետության գոյություն մեր տարածքներում։



Այսինքն՝ դա նշանակում է, որ մենք պետք է հանձնենք Արցախը եւ հույս դնենք որեւէ կառույցի վրա՝ թեկուզ միջազգային, նույնպես անհեթեթ է, հարձակման դեպքում ի՞նչ են անելու, գալու են այստեղ կռվե՞ն, փրկելո՞ւ են մեզ։ Մենք ունենք շատ լավ օրինակներ, թե ինչ տեղի ունեցավ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ քանի գրոշ արժեցան այդ պայմանագրերը, հետո տեսանք, թե 15-ին Եվրոպայի քթի տակ ինչ կատարվեց, եւ հիմա հույս կապել միջազգային հանրության հետ, աբսուրդ է։



Մեր առաջնային երաշխիքը մեր անվտանգությունն է, հզոր բանակն է, հզոր մշակույթը եւ մեր երկրի ներսում արդարության հաստատումը, հավասար բիզնեսի պայմանները, որպեսզի տնտեսությունը զարգանա․ սա է մեր երաշխիքը, եւ այն չի կարող լինել ստորագրված մի թուղթ։ Եթե դու ունես ուժ, այդ թուղթը քեզ միանշանակ անհրաժեշտ է, դու կհիմնվես դրա վրա, որովհետեւ ուժեղ ես, բայց եթե թույլ ես, ոչ մեկը հետդ չի բանակցի։ Մենք ամեն գնով պետք է պահպանենք մեր տարածքները, որովհետեւ հետո կասեն՝ սա էլ տվեք, նա էլ տվեք, ու վերջում այստեղ ոչ մեկը չի մնա, երեւի շատերի համար հայրենիքը դարձել է գլխացավանք։



- Ի վերջո, բոլորն են խաղաղություն ուզում։



- Խաղաղությունը չեն մուրում, դա ողորմություն չէ, խաղաղությունը նվաճում են եւ պահպանում։ Եթե դու թույլ ես, անմիջապես խնդիրներ են առաջանում, Սիրիան դրա վառ օրինակն է, տեսեք, թե երբեմնի բարեկեցիկ երկիրն ինչի վերածվեց։ Հասկանալի է, որ ինչ-որ զիջումներ լինելու են, եւ խոսքը նրա մասին չէ, որ ոչ մի թիզ հող, բայց այդ զիջումը պետք է խելամիտ լինի՝ ինչի՞ դիմաց։



Արցախն առայժմ մեր միակ հաղթաթուղթն է, բոլոր առումներով մենք հիմա զիջում ենք Ադրբեջանին, մեր հաղթաթուղթը տալիս ենք, դիմացը ոչինչ չենք ստանում։ Եթե դրա դիմաց ստանանք Արցախի անկախություն, չեմ կարծում, թե որեւէ մեկը դեմ լինի, որովհետեւ ոչ մեկին ձեռնտու չէ, որ ամեն օր սահմանին մեր երեխաները զոհվում են։ Իհարկե, սրան պետք է վերջ տալ, բայց այնպես վերջ տալ, որ էլ չկրկնվի, եւ ոչ թե այնպես, որ հետագայում ավելի մեծ պատերազմի առաջ կանգնենք։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ