Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի

Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի

Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, ով ընդգրկված է Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում, դեռ չգիտի, թե որ համարն է, եւ ինչ տեսք կունենա թեկնածուների համամասնական կազմը՝ չորրորդ համարից սկսած։ Միայն նշեց, որ ամսի 9-ին պարզ կդառնա։ Նրան հայտնի չէ նաեւ, թե ով կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը, կամ ինչպես կանցկացվի քարոզարշավը։



- Տիկին Նահապետյան, սպասվում էր, որ Դուք ընդգրկված կլինեք ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում, բայց, փաստորեն, չկաք։



- Քաղաքապետարանի ցուցակն ընդհանրապես տարբերվում է Ազգային ժողովի ցուցակներից։ Դա էնպես չէ, որ եթե առաջին եռյակում ես, ուրեմն ի պաշտոնե ինչ-որ բաներ պետք է զբաղեցնես։ Քանի որ, Դուք գիտեք, որ մեզ մոտ շատ մեծ քանակությամբ Երեւանի պատվավոր քաղաքացիներ են, մշակութային գործիչներ, կարող է էնպես լինի, որ իրենք առաջինը լինեն, օրինակ՝ Լպուտյանը, որ հայտնի գրոսմայստեր է։ Բայց ցուցակը չի տարանջատում՝ առաջին համար, վերջին համար։



- Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների նման կլինի՝ կներկայանաք աչքի ընկնող դեմքերով, որոնք քարոզարշավի շարժիչ ուժը կլինեն, ինչպես Կարեն Կարապետյանն էր։



- Դե, ցուցակում, ոնց որ Շարմազանովն ասաց, առանձնապես մարդկանց մեծ փոփոխություն տեղի չի ունենալու, կլինեն նոր դեմքեր, բայց ոչ՝ մեծ քանակությամբ։



- Իսկ Դուք ի՞նչ դեր եք ստանձնելու, ի՞նչ դերակատարում է վերապահվելու Ձեզ քարոզարշավի ժամանակ։



- Դեռ չեն ասել, թե ես ինչ դեր եմ ստանձնելու, ինչ եմ անելու, իհարկե, ամսի 21-ին քարոզարշավը կմեկնարկի, դերակատարումը՝ երեւի ամսի 10-11-ին, երբ ցուցակները հանձնեն ԿԸՀ, նոր արդեն կհասկանանք՝ ով է մասնակցելու, ինչ է անելու։ Ինձ թվում է՝ կտարբերվի ինչ-որ ձեւով նախորդ քարոզարշավից։ Նախորդ անգամ, եթե հիշում եք, մենք բոլոր վարչական տարածքներով, բոլոր փոքր տարածքներով, հայաթներով կարողանում էինք մարդկանց հետ աշխատել։ Հիմա, ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչ տեսք կունենա։



- Ինչ-որ նոր, կրեատիվ լուծումներ սպասե՞նք ձեր թիմից։



- Երեւի թե՝ հա, որովհետեւ մենք մի քիչ այլ ենք ներկայանում, մենք ունենք արդեն ութ տարվա աշխատանք՝ Երեւան քաղաքի զարգացում, վարչական տարածքների եւ կենտրոնի զարգացում, եւ ունենք արած շատ-շատ գործեր։ Արդեն անզեն աչքով երեւում է, թե ինչ է արված Երեւան քաղաքում։ Եվ ունենք ծրագրեր, Երեւան քաղաքի զարգացում։



- Այդ երեւացողների մեջ նաեւ չարված գործեր կան, որոնց մասին մամուլն այս տարիներին գրում է, օրինակ՝ տրանսպորտի խնդիրը, աղբահանության, վերելակների։



- Ուրեմն տրանսպորտի խնդիրը երեւի թե տասն անգամ Նիկոյան Վահեն՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը, ներկայացրել է, որ դա միջազգային կառույցների լուծման հարցն է, այսինքն՝ դա չի կարող լուծվել տեղական կամ բյուջեի ռեսուրսով, որովհետեւ տրանսպորտը, ընդհանրապես, բավականին ծանր հարց է։ Եվ էսօր մենք հասել ենք նրան, որ ունենք արդեն ծրագիր եւ ընտրված միջազգային կառույց, որը պետք է կարողանա տրանսպորտի հարցը կարգավորել։ Արդեն ստորագրված է պայմանագիրը։ Աղբահանության ու վերելակի թեման էլ է ամենախոշոր հարցերից, աղբահանության համար պետք է աղբավերամշակման գործարան կառուցվի։ Իսկ վերելակները․․․ հնարավոր չէ վերելակ գնել-բերել կամ մաս փոխել։ Դա արդեն ծրագիրը կա, աշխատում է, արդեն միջազգային կազմակերպություն կա, որ պետք է էստեղ կառուցի վերելակների գործարան։ Աղբահանության մասով էլ արդեն պայմանագրային փուլն արված է, էս հինգ տարվա ընթացքում մենք հասցրինք «Սանիտեքի» ներմուծումը Երեւան, որի շնորհիվ, կարծում եմ, աղբահանությունն ինչ-որ կերպ կարգավորվել է, չի կարելի համեմատել այսօրվա վիճակը երեք տարի առաջվա հետ։



- Բայց ձնամաքրման աշխատանքներից շարունակում են դժգոհել՝ արդեն երկու ձմեռ է։



- Բայց էս տարի աննախադեպ էր, էս տարվա ձմեռ եղել է 100 տարի առաջ։ Անցած տարի տասն օր էր, իսկ էս տարի վեց ամիս է, դեռ ձմեռվանից դուրս չենք եկել։ Հլը մի հատ նայի քաղաքի փողոցների վիճակը՝ ինչ է կատարվում։ Մի հատ նստի մեքենա ու գնա, օրինակ, Գյումրի։ Երեւանից դուրս ես գալիս, ընկնում ես փոսի մեջ ու էլ դուրս չես գալիս։ Ընդհանրապես, աննախադեպ ձմեռ էր։ Եվ էդ նյութերը, որ տվեցին, որ սառցակալումը չլինի, դրանց մեջ ինչ-որ բան էր պարունակվում, ու հիմա ամբողջ ասֆալտը քայքայված վիճակի մեջ է։



- Վերադառնանք Ձեզ։ Խոսակցություն կա, որ եթե ձեր թիմը հաղթի, հնարավոր է Դուք զբաղեցնեք փոխքաղաքապետի պաշտոնը։



- Ես ոչ մի պաշտոնի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ես Երեւան քաղաքի ծնունդ եմ, Երեւան քաղաքի նվիրյալ եմ՝ պապական եկած, եւ ես ամեն ինչ կանեմ, որ միշտ լինեմ երեւանցու կողքին։ Թե մնացածն ինչ կլինի, ով կնշանակվի, ով կհաղթի, ոնց կլինի, կապրենք՝ կտեսնենք։ Ճիշտն ասած՝ ես կարծում եմ, որ ամեն մարդ էլ ամեն ինչի համար հավակնություն ունի։ Երբ որ մարդ կարողանում է աշխատել եւ ասելիք ունի, իհարկե, հավակնություն ունի, դա՝ միանշանակ։



- Ձեր մրցակիցներն արդեն նախնական հայտնի են՝ Զարուհի Փոստանջյանն իր «Երկիր ծիրանիով», «Ելքը»՝ Անահիտ Բախշյանով եւ այլն։



- Դե, Բախշյանին սովորել ենք արդեն, հինգ տարի իր հետ ավագանի եղանք, չեմ կարծում, որ ինքը Երեւանում նոր ասելիք կամ անելիք ունի։



- Բայց Բախշյանն ավագանու այն եզակի անդամներից էր, որ ընդդիմանում էր ձեր որոշումներին, խնդիրների մասին բարձրաձայնում էր։



- Դա էդպես միանշանակ չէ։ Բայց շատ ուրախ ենք Բախշյանի համար, երջանիկ ենք, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի։ Ով ուզում է, թող գա։ Շատ ուրախ կլինենք տեսնել Զարուհի Փոստանջյանին, շատ ուրախ կլինենք տեսնել «Ելքի» տղաներին, եթե գալու են եւ մի փուշ հանեն, Երեւանին օգնություն տան, իհարկե, թող գան, մեծ հաճույքով։ Ու, ամենակարեւորը, երեւանցիներ գան, լինեն սրտացավ, քաղաքը սիրող։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ