Սերնդափոխությունը չպետք է հասկանալ՝ միանգամից բոլոր հները գնում են, նորերն են գալիս

Սերնդափոխությունը չպետք է հասկանալ՝ միանգամից բոլոր հները գնում են, նորերն են գալիս

Խորհրդարանի ամենատարեց պատգամավորներից Խոսրով Հարությունյանը հաջորդ խորհրդարանում նույնպես կլինի եւ կրկին՝ ՀՀԿ խմբակցությունից։ Նա դեռեւս գործող խորհրդարանի գործունեությունը բավականին արդյունավետ է գնահատում։ Որպես արդյունավետության գրավական՝ պարոն Հարությունյանը հիշեցրեց Հարկային օրենսգրքի ընդունումը։ «Ես կարող եմ բերել այսպիսի մի շարք օրենքներ, որոնք համակարգաստեղծ են, եւ այդ առումով ես նախկին խորհրդարանի գործունեությունը գնահատում եմ դրական»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց նա։ Ի դեպ, Հարկայինն անցած խորհրդարանի ընդունած ամենավիճելի օրենսգրքերից է, որի հետ կապված շատ քննադատություններ հնչեցին։



- Այս գումարման խորհրդարանի մասին ասում էին, որ սա ավելի վատն էր, քան սրա նախորդը, հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպիսի խորհրդարան է սպասվում մեզ առաջիկայում, ասում են, որ ավելի վատը կլինի, քան այս մեկը։ Այսինքն՝ մինչեւ չգա հետինը, չենք հիշի առաջինը։



- Գիտե՞ք, ես, ճիշտն ասած, որ ասում են՝ լավն էր կամ վատն էր, միշտ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չափանիշներով են գնահատում։



- Պատգամավորների ինտելեկտուալ մակարդակը, աշխատանքի արդյունավետությունը, ակտիվությունը, արժեհամակարգը։



- Դա որտե՞ղ է արտահայտվում, երկու փուլում՝ կա՛մ ընդունված փաստաթղթերի որակով եւ հանձնաժողովների աշխատանքով, կա՛մ ելույթներով լիագումար նիստում։ Այլ կերպ ընտրողը կամ դուք՝ մասսմեդիան, չի կարող գնահատել այս կամ այն քաղաքական գործչի որակը։ Հիմա էդ տեսանկյունից ես չեմ հետեւել, անկեղծ ասած, 2007-12 թթ․ խորհրդարանին, դրա համար որեւէ որակում չեմ տա։ Բայց եթե փորձեմ համեմատել 1995-99 թթ․ խորհրդարանի հետ կամ 90-95 թթ․ Գերագույն խորհրդի հետ, որտեղ ես եղել եմ պատգամավոր, իսկ 99-ի վերջին հատվածում էլ եղել եմ խորհրդարանի նախագահ, ապա ես կարող եմ ասել, որ այն խորհրդարանն այս խորհրդարանին իր որակներով չէր զիջում։ Թեպետ, կրկնում եմ՝ այս խորհրդարանում աշխատելն ինձ համար նույնպես եղել է շատ հետաքրքիր։



- Մենք նոր ձեւավորվող խորհրդարանում ունենալու ենք չորս ուժ, որից երեքը նախկին կամ ներկա կոալիցիոն գործընկերներ են, եւ միայն մեկն է, որ հասարակության մեջ դեռեւս համեմատաբար իրական ընդդիմադիր է ընկալվում։



- Այսինքն՝ Ձեզ քանա՞կն է անհանգստացնում, թե՞ նրանց որակը։



- Ե՛վ քանակը, ե՛ւ որակը, ե՛ւ աշխատանքը։



- Ուրեմն քանակն ինձ չի անհանգստացնում, որովհետեւ շատ ու շատ երկրներում կտեսնեք ընդամենը երկու կամ երեք ուժ խորհրդարաններում, էնպես որ, քանակը չէ կարեւոր։ Խոսքը, հավանաբար, որակի մասին է։ Իսկ որակ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ քաղաքական կուսակցության որակ ասածը նախեւառաջ կուսակցության կազմով է պայմանավորված, այդ քաղաքական գործիչների փորձառություն, հմտություն, մասնագիտական կարողություններ։ Հիմա մենք շատերին ճանաչում ենք, կան մարդիկ, որոնց չենք ճանաչում, դրա համար կանխավ որեւէ գնահատական տալ, թույլ տվեք զերծ մնալ։ Ժամանակը ցույց կտա։



- Օրինակ՝ նրանց մասին, ում ճանաչում ենք․ ՀՀԿ խմբակցությունից նորից անցան մարդիկ, հիմնականում խոշոր գործարարներ, որոնց հինգ տարվա ընթացքում մենք չենք տեսել ո՛չ ամբիոնից հրապարակային հանդես գալուց, ո՛չ հանձնաժողովներում աշխատելիս։



- Այ, էստեղ, կներեք, Դուք սխալվում եք։ Հրապարակային հանդես գալու առումով Ձեզ հետ կհամաձայնեմ, բայց էդ նույն գործարարները հանձնաժողովների, հատկապես տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքներում շատ կարեւոր եւ շատ լուրջ մասնակցություն են ունենում։



- Օրինակ՝ Արտակ Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին քանի՞ անգամ եք տեսել հանձնաժողովների նիստերին։



- Կներեք, ընդամենը երկու հոգու անուն տվեցիք, չէ՞։ Իսկ, օրինակ, եթե ասենք՝ Գարիկ Նուշիկյան, Հակոբ Հակոբյան, Ալիկը Պետրոսյան, Գրիգորյան Արայիկը, Արմանը Սահակյան․․․ Դուք նրանց չե՞ք տեսել տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ քննարկումների ժամանակ։ Երբ որ մենք քննարկում էինք Հարկային օրենսգիրքը, հավատացնում եմ Ձեզ, այդ պատգամավորների մասնակցությունն այդ քննարկումներում անհամեմատ ավելի կառուցողական եւ օգտակար էր, քան որեւէ այլ պատգամավորների, որովհետեւ նրանք ունեն փորձառություն։ Չպետք է մենք հանրությանը տրամադրենք այն անհատների դեմ, որոնք բիզնեսում են, ունեն բիզնես հետաքրքրություններ, կարողություններ, որոշակի ունեցվածք։



- Բայց նրանց ներկրած ապրանքները, օրինակ, ընտրություններից հետո թանկացան, եւ դա հենց կապում են ընտրությունների հետ։



- Լավ, Դուք երկուսի անուն եք տվել, էդ երկուսն ամբողջ շուկան տնօրինո՞ւմ են։



- Երրորդին էլ ավելացնեմ՝ Միհրան Պողոսյան, ում ներկրած բանանը եւս թանկացավ։



- Չէ, լավ, եկեք իրերն իրենց անուններով անվանենք։ Նախ մենք ունեցել ենք հիմնականում 2017 թվականի հունվարից սկսած որոշակի գների տատանումներ, եւ դա կապել ընտրությունների հետ՝ ուղղակի Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել որպես իրողություն։ Դա ընտրությունների հետ որեւէ աղերս չունի, գոնե այդ ընկերների մասնակցությունը։ Մենք պետք է ոչ թե մերժենք, թե ինչու են Հակոբ Հակոբյանը կամ Ալիկ Պետրոսյանը գալիս խորհրդարան, այլ ինչպես անենք, որ նրանք խորհրդարանում աշխատելիս չփորձեն ակնհայտորեն, հրապարակավ սեփական տնտեսական հետաքրքրություններին հետամուտ լինել։



- Ի դեպ, Ձեր կողմից որպես դրական օրինակ բերված անձինք՝ Հակոբ Հակոբյանը, Ալիկ Պետրոսյանը, Գարեգին Նուշիկյանը, նոր խորհրդարանում չեն լինելու։



- Ցավոք սրտի, ի՞նչ ասեմ։ Օրինակ՝ նույն Գարեգին Նուշիկյանը, որ լիներ․․․ բայց կա, օրինակ, Արայիկ Գրիգորյանը։ Ես ասում եմ, օրինակ՝ ակցիզների քննարկման ժամանակ Արայիկ Գրիգորյանի մասնակցությունը շատ կարեւոր դարձավ։



- Այսինքն՝ համեմատաբար արդյունավետ աշխատող, օգտակար պատգամավորները դուրս մնացին, անարդյունավետները, որոնց մասին մենք խոսեցինք, նորից մնացին։



- Հետաքրքիր բաներ եք ասում, ես ասացի՞ այդպիսի բան։ Ես կարող եմ շարունակել եւ շատ-շատերի անունները տալ, որոնք խորհրդարանում են եւ պակաս տնտեսությունից չեն հասկանում։ Կներեք, ես Ձեզ հետ համամիտ չեմ։ Ես ընդամենն օրինակ բերեցի, թե ինչպիսի դերակատարում կարող են ունենալ տնտեսական, բիզնես փորձառություն ունեցող անհատները խորհրդարանում, հիմա դրանց փոխարեն ուրիշներն են երեւի անցել։



- Դուք ավագ սերնդի ներկայացուցիչներից եք, եւ շատերն ասում են՝ ինչո՞ւ պետք է Դուք, Գալուստ Սահակյանը, ձեր սերնդակից մյուսները նորից դառնան պատգամավոր, ասում են՝ ձեր փոխարեն պետք է երիտասարդները գան, թեեւ նրանց մասին էլ ասում են՝ անփորձ են, չեն կարող լավ աշխատել։ Այս դիլեման ինչպե՞ս է լուծվում։



- Ուրեմն պարզ է, չէ՞, որ սերնդափոխություն ասածը չպետք է հասկանանք՝ միանգամից բոլոր հները գնում են, եւ միանգամայն նորերն են գալիս։ Սերնդափոխությունը կոչվում է սերնդափոխություն, որովհետեւ դա տեղի է ունենում աստիճանաբար։ Եթե Դուք վերցնեք ՀՀԿ ցանկը եւ համեմատեք նախորդի հետ, ապա ավագ սերնդի ներկայացուցիչների քանակը նվազել է, փոխարենը ավելացել են երիտասարդները։ Բայց դա չպետք է արվի կտրուկ, չպետք է արվի հանպատրաստից, եւ թույլ տվեք նկատել, որ իմ սերնդակիցները, որքան էլ շատերի համար դա ընդունելի չլինի, իրենց փորձառությամբ, մասնագիտական կարողություններով, քաղաքական հոտառությամբ շատ օգտակար դերակատարում են ունեցել եւ, համոզված եմ՝ կունենան խորհրդարանում եւ ոչ միայն խորհրդարանում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ