Որքանո՞վ է ՀՅԴ-ն պետք ՀՀԿ-ին՝ որպես «բուքսիր»

Որքանո՞վ է ՀՅԴ-ն պետք ՀՀԿ-ին՝ որպես «բուքսիր»

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այժմ բանակցում են նոր կառավարությունում եւս կոալիցիայով հանդես գալու շուրջ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ չասաց, թե ով է կոնկրետ վարում այդ բանակցությունները, միայն նշեց, որ դրանում ներգրավված են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ։



Չասաց նաեւ, թե այս անգամ քանի պորտֆել կստանան դաշնակցականները, որոնք կլինեն դրանք, եւ ինչ պայմաններ են դրված այդ բանակցությունների հիմքում։ Նա միայն խոսեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գաղափարական ընդհանրությունների մասին՝ պառալամենտարիզմ, սահմանադրական փոփոխություններ եւ այլն, որից պարզ դարձավ, որ «ազգային պահպանողական, աջ-կենտրոնամետ» ՀՀԿ-ն եւ «իր էությամբ եւ աշխարհայացքով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական» ՀՅԴ-ն բավականին շատ գաղափարական ընդհանրություններ ունեն։ Երեւի դրա համար էլ կոալիցիայի հարցում «նմանը նմանին է գտել»։ Բայց ՀՀԿ-ն իր հավաքած ձայների քանակով ՀՅԴ-ի կամ որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու սահմանադրական կամ ֆիզիկական պահանջ, կարծես թե, չունի, միանձնյա էլ կարող է ձեւավորել կառավարություն եւ անցկացնել օրենքներ։ Էլ ինչների՞ն է պետք իրենց «գաղափարակից» ՀՅԴ-ի մասնակցությունը կառավարությունում, որտեղ ստիպված են լինելու իրենց թանկ պորտֆելներից մի քանիսը նվիրել դաշնակցականներին։ Այստեղ Աշոտյանը խոստովանեց, որ ՀՅԴ-ն, ամեն դեպքում, պետք է իրենց որոշ օրենքներ հեշտությամբ անցկացնելու համար, քանզի դրանց ընդունման համար 60 տոկոսից ավելի ձայն է հարկավոր։ Այսինքն՝ քաղաքական-գաղափարականի անվան տակ, իրականում, պարզ մաթեմատիկական հաշվարկ եւ առեւտրային շահ է գործում։ Թեպետ ՀՅԴ-ն, նաեւ այլ ուժեր եւ անհատներ կոալիցիայից դուրս էլ էին ՀՀԿ-ին նման «ծառայություն» մատուցում, երբ պետք էր լինում քվեարկել ՀՀԿ-ի պարտադրած օրենքների օգտին։



- Դուք մեծամասնություն ունեք արդեն, Ձեր ինչների՞ն է պետք Դաշնակցությունը՝ որպես կոալիցիոն գործընկեր։



- Այնպիսի հարց եք տալիս, որի պատասխանը գիտեք։ Կոալիցիաների ձեւավորման համար կա երկու սկզբունք․ առաջին դրդապատճառը՝ կազմել կոալիցիա, դա սահմանադրական դրդապատճառն է, երբ որեւէ քաղաքական ուժ միայնակ չունի մեծամասնություն, եւ բնական է՝ սկսվում են քաղաքական կոնսուլտացիաներ, ձեւավորվում է որոշակի դաշինք, կոալիցիա, ստանձնում են մեծամասնության պարտականությունները խորհրդարանում, ձեւավորվում են կառավարություն եւ այլն։ Սահմանադրական պահանջ՝ այսինքն։ Երկրորդ մոտիվացիան քաղաքական է, երբ կա քաղաքական որոշում՝ երկու-երեք ուժերի կողմից միավորվելու։ Քաղաքական որոշման տակ դրվում են հիմնականում ծրագրերը։ Ինչպիսի արժեհամակարգային նմանություններ կան գոնե գործունեության մեջ երկու կուսակցությունների միջեւ, Դուք գիտեք։ Մեր գործող կոալիցիան սահմանադրական պահանջով չի ձեւավորվել, քաղաքական է, կարծում եմ՝ երկրորդն էլ քաղաքական է նախեւառաջ։ Բայց մի կարեւոր հանգամանք եւս հիշեցնեմ Ձեզ։ Նոր Սահմանադրությամբ մի շարք կարեւորագույն օրենքներ պահանջում են նոր քանակական ցենզ՝ 3/5, ինչը նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն։ Հետեւաբար, կա նաեւ որոշ դեպքերում նման օպերացիայի, նման համագործակցության սահմանադրական պահանջ եւս, որպեսզի այդ կարեւորագույն օրենքներն ստանան բավականաչափ թվով ձայներ։



- Այսինքն՝ դուք, այդուհանդերձ, սահմանադրական առումով քարշակի, «բուքսիրի» կարիք զգում եք։



- Դուք ֆիզիկայից լավ եք, որքանով ես գիտեմ՝ չի կարող փոքրը «բուքսիր» լինել մեծին։



- Կարող է՝ փոքր տեխնիկան հսկայական ինքնաթիռ է քարշակում մինչեւ թռիչքուղի։



- «Բուքսիրի» խնդիր բացարձակ չկա, այստեղ կա, նորից ասեմ, քաղաքական ընդհանուր տեսլականի հարց, որ խարսխված է համապատասխան արժեհամակարգի վրա, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ քվեարկությունների։ Բայց քվեարկություններն էլ դոգմա չեն։ Հիշեցնեմ, անգամ գործող խորհրդարանում բազմաթիվ նախաձեռնություններ իշխանությունների կողմից ստացել են նաեւ ընդդիմության ձայները։ Ես չեմ բացառում, որ նոր խորհրդարանում նույնպես կլինեն բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց կմիանան այլ քաղաքական ուժեր, անկախ նրանից՝ իշխանական ճամբարո՞ւմ կհայտարարեն իրենց դիրքը, թե՞ ընդդիմադիր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ