Դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները և պարտակում հանցագործությունները. Զուրաբյանը` դատախազին

Դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները և պարտակում հանցագործությունները. Զուրաբյանը` դատախազին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը, որը մեկնարկել է երեկ: Դաշինքի ներկայացուցիչներին հարցեր ուղղեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Կարեն Բիշարյանը: Նա դիմող կողմի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իրենք ապրիլի 2-ի ընտրախախտումների վերաբերյալ քանի՞ հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:



Նրա խոսքով` Լևոն Զուրաբյանը հեռախոսազանգի միջոցով հայտնել է գլխավոր դատախազին, որ փաստեր են հավաքել ընտրախախտումների վերաբերյալ և խոստացել է պատշաճ հաղորդում ներկայացնել դատախազություն, սակայն մինչ օրս չի ներկայացրել: Ուստի հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ համապատասխան հաղորդումներ չեն ներկայացրել:



Ի պատասխան` Լևոն Զուրաբյանն ասաց, որ պատճառն այն անվստահությունն է, որ իրենք ունեն ամբողջ իրավապահ համակարգի նկատմամբ, ապա նկատեց, որ դատախազությունն այս ընտրություններին հանցավոր անգործություն է ցուցաբերել:



«Մենք Սահմանադրական հանրաքվեի ժամանակ փորձել ենք համագործակցել դատախազության հետ, ամեն օր հաղորդում էինք ներկայացնում հանցագործության վերաբերյալ, բայց մենք տեսանք, որ և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունն ու դատարանները պարտակեցին այդ հանցագործությունները, և անգամ այն մարդիկ, ովքեր դատապարտվեցին շատ ծանր հանցագործությունների համար, մի օր բանտում չանկցկացրեցին` բոլորին պայմանականով ազատեցին: Այսինքն` մենք տեսանք, որ դատավարական համակարգը, դատախազությունը բացարձակ անարդյունավետ է և ուղղակիորեն կատարում է Հանրապետական կուսակցության հրամանները և պարտակում է այդ հանցագործությունները»,-ասաց Զուրաբյանը:



Դատախազ Կարեն Բիշարյանը փորձեց մի նկատառում անել` արձագանքելով Զուրաբյանի ելույթին, սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց դատախազին` հիշեցնելով, որ նկատառումներ կարող է անել իր ելույթի ժամանակ, հիմա պետք է հարցեր տա:



Դատախազը ստիպված եղավ արդեն հարց ձևակերպել: Երբ Զուրաբյանի պատասխանները փորձեց լրացնել փաստաբան Տիգրան Եգորյանը, այստեղ էլ ՍԴ նախագահը դիտողություն արեց նրան. «Ես Ձեզ իրավունք չեմ տվել խոսելու, Էնպես չի, որ կարող եք խմբով գնալ` գալ»:



Դատախազ Կարեն Բիշարյանը դիմողից հետաքրքրվեց նաև, որ երբ դիմում են ներկայացրել Բարձր դատարանին, ճշգրտե՞լ են, արդյոք, հավաստի՞ է իրենց տրամադրության տակ հայտնված տեղեկատությունը, թե՞ ոչ :



Փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց ներկայացված հաղորդումների կապակցութամբ իրենք կատարել են զուտ տեխնիկական ճշտումներ: «Ճշտել ենք` արդյոք առկա՞ է տեղեկության փոխանցման փաստ: Մենք, ցավոք սրտի, չենք տիրապետում օպերատիվ հետախուզական միջոցների, որոնք վերապահված են միայն պետական մարմիններին, այդ հարցով թերացել ենք»,-հեգնեց Եգորյանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ