Աշխարհաքաղաքականության ասպարեզում կա 3 սրբագործված անուն՝ Զբիգնեվ Բժեժինսկի, Հենրի Քիսինջեր և Ստյոպա Սաֆարյան

Աշխարհաքաղաքականության ասպարեզում կա 3 սրբագործված անուն՝ Զբիգնեվ Բժեժինսկի, Հենրի Քիսինջեր և Ստյոպա Սաֆարյան

Ապրիլի 24-28-ը կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն անցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ մեծ աղմուկով եւ մեր պատվիրակության փոքր կազմով։ Ընտրություններին պարտված եւ հաջորդ խորհրդարանում այլեւս բացակա ուժերից ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները չէին մեկնել Ստրասբուրգ՝ իրենց վերջին առաքելությունը՝ որպես ԵԽԽՎ պատվիրակ, իրականացնելու։ Դե, էլ պատգամավոր չեն լինելու, որ գան-խոսեն, PR անելու կարիք ունենան, որ հետո պատմեն, թե ինչ խրոխտ ելույթներ, ինչ ազգանվեր աշխատանք են կատարել ԵԽԽՎ-ում։ Թեպետ ՀԱԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները գուցե օգտակար լինեին այնտեղ։ Ստրասբուրգ չէին մեկնել նաեւ ԲՀԿ-ականները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, թեեւ նրանք կլինեն նոր խորհրդարանում։ ԵԽԽՎ-ով «ապրող» հայ հասարակական-քաղաքական դաշտն այս անգամ զրկված էր տիկին Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ նախագահի վրա մահակ ճոճող, նրա գլխին կրակ թափող բոցաշունչ ելույթները «վայելելու» հաճույքից։ Փոխարենն այնտեղ էին ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի «կոալիցիոն» պատվիրակները՝ Սամվել Ֆարմանյանը, Արմեն Ռուստամյանը, Նաիրա Կարապետյանն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով մեկ օր անց մոր մահվան պատճառով ստիպված եղավ հետ վերադառնալ Հայաստան։



Առավել ակտիվ էր Սամվել Ֆարմանյանը։ Նա ՖԲ իր էջում գրառում գրառման հետեւից էր գրում՝ «ավետելով» ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի տապալման, ԵԽԽՎ նախագահի պաշտոնից համարյա գահընկեց անելու մասին։ Եվ այս կոնտեքստում, բնականաբար, ակնարկում էր մեր պատվիրակության անդուլ ջանքերի, մեծ ներդրման մասին, որ հենց մեր պատվիրակության համառ պայքարի շնորհիվ ԵԽԽՎ բյուրոն վերջապես դրեց ադրբեջանամետ Ագրամունտի իմփիչմենթի հարցը։ Իրենց անարդյունավետ աշխատանքի համար պարբերաբար քննադատությունների արժանացած մեր պատվիրակության համար սա հիանալի առիթ էր՝ ներկայացնելու, թե ինչպիսի կարեւոր հաղթանակ են գրանցել իրենք դիվանագիտական ճակատում։ Ագրամունտի շուրջ ստեղծված աղմուկի ու նրա հրաժարականը պահանջելու պատճառը, իրականում, նրա՝ Սիրիա այցելությունն էր պրոռուսական դիրքերից, որի մասին ԵԽԽՎ ղեկավարը նախապես չէր տեղեկացրել վեհաժողովին։ Նա դրա համար ներողություն խնդրեց, ընդունեց իր սխալը, տարբեր պատճառաբանություններ բերեց, ասաց, որ Սիրիա է այցելել որպես իսպանացի սենատոր, ոչ որպես ԵԽԽՎ նախագահ, բայց վեհաժողովը չներեց նրան։ Ուրբաթ, նստաշրջանի վերջին օրը, ԵԽԽՎ բյուրոն դրեց նրա իմփիչմենթի հարցը, բայց Ագրամունտը նիստին չէր մասնակցում։



ԵԽԽՎ պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ մեր պատվիրակությունն ունեցել է իր ներդրումն Ագրամունտի իմփիչմենթի հարցում, իսկ Սիրիա այցելությունը պարզապես վերջին կաթիլն էր, որ ավելացավ կոռումպացված այս չինովնիկից դժգոհողների համբերության բաժակում։



ԵԽԽՎ աշխատանքներին մշտապես հետեւող քաղաքագետ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, սակայն, մեր պատվիրակության դերն այստեղ առանձնապես չի տեսնում։ Ավելին՝ կարծում է, որ Ագրամունտի հետ կապված՝ մեր պատվիրակությունը շատ մեծ մեղքեր ունի։ «Անցյալ տարիներին, եթե հիշում եք, մեր պատվիրակության անդամները, փոխանակ իրենց աշխատանքն այնտեղ՝ Ստրասբուրգում կատարեին, գալիս Հայաստանում էին Ագրամունտին մեղադրում, գլուխը դեմ տալիս հայ հասարակության դոշին ու մի կուշտ լաց լինում, թե որքան կաշառված է Եվրոպան»։ Սաֆարյանի խոսքով՝ մեր պատվիրակությունն այս տարիներին չի կարողացել որեւէ էական խնդիր լուծել ԵԽԽՎ-ում, քանզի նրանց համար ԵԽԽՎ մեկնելը եղել է սոսկ տուրիստական գործուղում, շոփինգ է եղել, գնացել ընթերցել են իրենց համար գրված տեքստերը եւ դրանով իրենց PR-ն արել հայ հասարակության աչքին։



«Եթե գտնում են, որ Ագրամունտի պաշտոնանկության հարցում իրենք այդքան մեծ դերակատարում ունեն, ասացեք խնդրեմ՝ ի՞նչ են արել, օրինակ, անցած տարվանից հետո։ Բացի Երեւանում դժգոհելուց, որ Ագրամունտն ադրբեջանական շահեր է սպասարկել, նրանք ուրիշ ոչինչ չեն արել։ Իսկ հիմա ուղղակի Ագրամունտը լցրել է բոլորի համբերության բաժակը, ուկրաինական պատվիրակությունն ու եվրոպացիները շատ սուր արձագանքեցին, եւ ուղղակի հայերը հանկարծ հիշեցին, որ իրենք էլ Ագրամունտի հետ խնդիր ունեն, ԵԺԿ նիստից սկսած՝ մինչեւ Վեհաժողով, ընդամենն ասացին՝ քաղաքական ճգնաժամ է գնացել»,- ասաց Սաֆարյանը եւ հրապարակավ հարց ուղղեց Սամվել Ֆարմանյանին, ում հետ այս թեմայով վիճում էին Ֆեյսբուքում․ «Վերջին իր ելույթը, որտեղ ինքն ասում էր՝ սա կոչվում է քաղաքական ճգնաժամ, եւ Ագրամունտը պետք է հրաժարական տա, բացի դրանից, ուրիշ ի՞նչ է ասել։ Ասե՞լ է, օրինակ, որ Ագրամունտի օրոք հնարավոր դարձավ պատերազմը լեգիտիմացնող զեկույց ընդունել։ Չի ասել»։
Սամվել Ֆարմանյանը, մեզ հետ զրուցում արձագանքելով Սաֆարյանի մտքերին, նախ ասաց․ «Ես ոչնչով չեմ կարող օգնել Ստյոպա Սաֆարյանին եւ ես նրա գրառմանը պատասխանել եմ իր էջում»։ Նկատեցինք, որ Սաֆարյանը պարզապես իր կարծիքն է արտահայտում, որն էլ փոխանցում ենք, Ֆարմանյանը նկատեց, որ դա ոչ իրազեկ եւ ոչ պրոֆեսիոնալ մարդու կարծիք է։ Ապա հեգնեց Սաֆարյանին․



«Աշխարհաքաղաքականության համաշխարհային ասպարեզում կան երեք սրբագործված անուններ՝ Զբիգնեւ Բժեժինսկի, Հենրի Քիսինջեր եւ Ստյոպա Սաֆարյան, որոնց կարծիքները պետք է ոչ թե քննարկել, այլ ընդունել ի գիտություն եւ դասեր քաղել»։
Ինչ վերաբերում է նրան, թե իրենք, ի վերջո, ինչ ներդրում են ունեցել Ագրամունտի հրաժարականի հարցում, Ֆարմանյանն առաջարկեց այնպիսի հարցեր տալ, որոնց ինքը կարողանա պատասխանել․ «Դուք ասում եք՝ պատվիրակությունն ինչ ներդրում է ունեցել, ես ո՞նց պատասխանեմ էդ հարցին։ Ասացի՝ այո, ներդրում ունեցել է, հետո՞։ Սիրիա նրա այցելությունը դարձել է վերջին կաթիլը Պեդրո Ագրամունտի շուրջ նրա նախագահության ժամկետում ձեւավորված անվստահության եւ վեհաժողովի քաղաքական հեղինակության անկման այդ շարժումը կասեցնելու համար»։ Ապա հավելեց, որ դրա լավագույն վկայությունն այն է, որ Ագրամունտի դե ֆակտո իմփիչմենթի գործընթացին զուգահեռ՝ քաղաքական մեկ այլ որոշում է կայացվել․ «Քաղաքական կոռուպցիոն սկանդալների բացահայտման ուղղությամբ ստեղծել արտաքին, միջազգային, անկախ հետաքննող հանձնաժողով։ Եթե որեւէ մեկն այս երկու գործընթացների կապը չի տեսնում, ապա օգնել չեմ կարող այդ մարդուն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ