Ո՞վ է ստանում միայնակ մարդու կենսաթոշակը

Ո՞վ է ստանում միայնակ  մարդու կենսաթոշակը

82–ամյա Արտուշ պապը ճանաչված դարձավ, երբ Ապրիլի 24–ին, անտեղյակ գործող սահմանափակումներին, ծաղիկները ձեռքին, փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության նահատակների հիշատակին։ Առանց որևէ գնահատական տալու Հրապարակն առաջինն էր, որ «Ես ճանաչում եմ պապիկին» վերտառությամբ հոդվածով ներկայացրեց, թե ով է պապիկը, սոցիալական ինչ վիճակում է գտնվում և այլ մանրամասներ։ Հոդվածում կար մի փոքրիկ բան, որ վրիպեց ուշադրությունից, ներկայացնում եմ հոդվածի հենց այդ մասը։ Դա պատմում է պապիկին շատ մոտիկից ճանաչող մարդը՝ անվտանգության սպա , հոգեբան, պատմաբան, կինոստուդիայի դեսպան Դավիթ Սիմոնյանը․

«Վերջին տարիներին հիշողության հետ կապված պապիկը որոշակի կորուստ ունի, բայց հին բաները լավ, շատ լավ է հիշում։ Նոր բաները համարյա չի հիշում»։ 

Դա գիտե՞ք ով լավ կհասկանա, թե ինչ է, ում Աստված հեռու պահի, ծնողը, պապը, հարազատը տառապել է այդ հիվանդությամբ։ Սա ես որպես փաստ եմ ասել և քաղաքականության հետ չեմ կապել։ Բայց յուրաքանչյուրը, իրավունք ունի մտածելու, թե նման մարդու հետ ինչքան «հեշտ է աշխատել»։ Չբացեմ ու մանրամասնեմ, դա թողնում եմ ձեզ։ Վկայությունն այն է, որ Արտուշ պապիկը հինգ տարի թոշակ չի ստանում։ Նորմալ հիշողություն ունեցող մարդը, ով քառասուն տարի աշխատել է ու թոշակ չի ստանում, կանհանգստանար, չէր ասի՝ մի երկու տարի ապրելու եմ, ինչի՞ս է պետք կենսաթոշակը, աշխատում եմ էլի։

Երկու օր է համազգային այս իրարանցումով և ուրախանում, և տխրում եմ։ Ուրախանում եմ, որ անկախ ջրբաժաններից բոլոր կողմերից էլ գնում, ինչով կարողանում, օգնում են պապիկին։ Նույնիսկ նրա տունն են ուզում վերանորոգել։ Բան չեմ ասում, թող անեն, բայց կարևոր մի բան անտեսում եք։ Ես նկատի ունեմ իշխանական թևին, ինչու՞ պապիկը 5 տարի չի  ստանում իր կենսաթոշակը։ Ո՞վ է ստանում միայնակ, ծեր մարդու թոշակը։ Երբ 82 տարեկան մարդուն զրկում են ապրուստի հիմնական միջոցից, նա կարող է դառնալ ծաղրուծանակի առարկա։ Էլի փակագծեր չեմ բացում։  Այդ տարիքում մարդը երեխա է։ Ասենք թե մի քանի ամսվա պաշար տվիք, հետո՞։ Այդ մարդը հո չի կարողանալու ողջ կյանքում աշխատի, ձեր էմոցիաները նստեց, նա էլ տանն է նստած, ո՞վ է կերակրելու պապիկին։ Մարդուն արժանավայել, իր վաստակած գումարը «ևս անողին գտեք ու պատժեք», թե չէ ամբողջ ազգի աչքի առաջ մի քանի տոպրակ բան տալն ու նկարներով, տեսանյութերով  ցուցադրելը նսեմացնող բան է։ Տվեք իր հասանելիք թոշակը։ Մանավանդ, որ նրան մոտիկ կանգնած անձը պատմում էր, որ «Ամաչում էի գումար առաջարկել, ընդմիջմանը երբեմն  ճաշի էի հրավիրում»։ Այսինքն ինքը արժանապատվություն է տեսել այդ մարդու մեջ։ Գտեք՝ ո՞վ է ստանում կենսաթոշակը։ Պապիկը  պատմել է, որ կնոջից բաժանվել է, կինը իր հետ տարել է իր բոլոր փաստաթղթերը։ Կինը տան համար դատի է տվել պապիկին, և նա  անելանելի վիճակի մեջ է։ Երեխաներ էլ ունի պապիկը։ Չորս երեխա։ Աղջիկը հենց նույն շենքում է բնակվում, մի հարկի տարբերությամբ։ Նյուս երեխաներն էլ նույն շենքում են ապրում։ Ինչու՞ պապիկը դարձավ թեմա, այդ մասին եզրահանգում չեմ անում։ Պարզապես ասում եմ՝ եթե թեմա է՝ պետական մակարդակով մոտեցեք հարցին․ կենսաթոշակի հարցը լուծեք և ամեն ինչ տեղը կընկնի։