Ում է հայհոյել Արմեն Աշոտյանը, ով է այս գործով լինելու տուժողը

Ում է հայհոյել Արմեն Աշոտյանը, ով է այս գործով լինելու տուժողը

Այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը, եւ այդ տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է, եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ: 

«Հրապարակը» փորձեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից ճշտել, թե քրեական գործ հարուցվե՞լ է արդյոք, թե՞ ոչ: Մեր զրուցակիցը, պարզվեց` դեռեւս ոչնչից տեղյակ չէ, քանի որ չի եղել որեւէ ծանուցում: 

«Այս պահի դրությամբ որեւէ ծանուցում, որեւէ հրավեր չեմ ստացել, ձեզանից եմ այդ մասին իմանում: Երբ լինի պաշտոնական տեղեկություն, կմեկնաբանեմ», - նշում է Արմեն Աշոտյանը։ 

Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա հերթական բացահայտ արշավն է խոսքի ազատության դեմ: Նշեց, որ ինքը նույնպես հստակ չգիտի, թե Արմեն Աշոտյանի որ արտահայտության համար է սկսվել այս արշավը: Թովմասյանի դիտարկմամբ`այս արշավը ոչ թե ուղղված է կոնկրետ Արմեն Աշոտյանի դեմ, այլ խոսքի ազատության: 

«Էրեբունու ոստիկանական բաժնից նշեցին, որ Արմեն Աշոտյանի նշված հարցազրույցի 14-րդ րոպեին արված հայտարարության մասին է խոսքը: Էդպես էլ հստակ չասացին, գուցե այդ ժամին հրապարակված նյութի մասին է: Արիանա Հովսեփյանին եւ Գեւորգ Պետրոսյանին եւս բաժին են հրավիրել: Հասել ենք այն վիճակին, որ ամեն կերպ փորձում են երկրում բռնապետություն հաստատել»,-ասաց Թովմասյանը: 

Մենք լսեցինք խնդրո առարկա հարցազրույցը եւ ֆիքսեցինք, որ ՀՀԿ խոսնակը հարցազրույցի 14-րդ րոպեին ասում է. «Մարդ, ով բերել ա արյունալի պատերազմ, դարձել ա 5000 տղաների մահվան մեղավոր, հայրենազրկման մեղավոր, Հայաստանում քարոզում ա Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը, դարձել ա Ալիեւի եւ Էրդողանի փաստաբանը, այդ մարդուն ես կարող եմ համարել գեոպոլիտիկ պուտանկա: Ինչ ա նա խոսում, ասում ա, որ հայկական բանակն այլեւս նվաճողական չի լինելու: Այսինքն` ի՞նչ: Հայկական բանակը երբեւէ նվաճողակա՞ն ա եղել: Հայաստանի բանակը երբեւէ եղե՞լ ա ագրեսիվ բանակ»: 

ՀԳ. Փաստորեն, Աշոտյանի հենց այս հայտարարության համար են ցանկանում քրեական գործ հարուցել: Ենթադրում ենք, որ Աշոտյանի խոսքը դիտվել է որպես վիրավորանք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ում նա անվանել է «գեպոլիտիկ պուտանկա»։

Նկատենք, որ ընդդիմադիր դաշտից գրեթե ամեն օր կարելի է այս բնույթի տարատեսակ հայտարարություններ լսել` ուղղված օրվա իշխանություններին: Մինչդեռ, երբ Վահագն Ալեքսանյանը լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ այդ նույն Փաշինյանն ասում էր, որ այդտեղ վիրավորանք չկա, դա ընդհանուր գնահատական է։