Ռուսաստանի կառավարության անդամ Վահան Տերյանի «պարգեւավճարները»

Ռուսաստանի կառավարության անդամ Վահան Տերյանի «պարգեւավճարները»

Քչերը գիտեն, որ Վահան Տերյանը բոլշեւիկյան Ռուսաստանի կառավարության անդամ էր՝ Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավարի տեղակալ: Այսօրվա լեզվով ասած՝ փոխնախարար: Եվ, ինչը որ պակաս կարեւոր չէ, ընտրվել էր այդ երկրի բարձրագույն մարմնի՝ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի՝ ՀԿԳԿ-ի անդամ, որն իրականացնում էր օրենսդիր, կարգադրիչ-տնօրինիչ եւ վերահսկիչ ֆունկցիաներ: ՀԿԳԿ-ն մշտապես գործող մարմին էր: 
Տերյանի պաշտոնը կոչվում էր ժողովրդական կոմիսարի տեղակալ, բայց այդ կառույցի փաստացի ղեկավարը, իրականում, հենց ինքը՝ Վահան Տերյանն էր: Նա էր ղեկավարում կոմիսարիատի աշխատանքները, նա էր կայացնում որոշումները, քանի որ ժողկոմ Վառլամ Ավանեսովն ի վիճակի չէր դա անել: Նա, բացի այդ պաշտոնից, զբաղեցնում էր եւս երկու պաշտոն`Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահության անդամի ու նրա քարտուղարի պաշտոնները եւ զբաղված էր ՀԿԳԿ-ի գործերով: 

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի Վահան Տերյանի զբաղեցրած պաշտոնի կարեւորությունը, պարզաբանենք, որ 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրության համաձայն, Հայկական գործերի կոմիսարիատին էին հանձնվել Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը եւ կապիտալը: Դա վերաբերում էր նաեւ Հայ առաքելական եկեղեցուն: Շատերին, երեւի, կհետաքրքրի, թե ինչ պարգեւավճարներ է ստացել Ռուսաստանի կառավարության անդամ Վահան Տերյանը: 
Պարզվում է, որ նրա պարգեւավճարները եղել են ոչ թե պլյուս, այլ … մինուս նշանով: Այսինքն, նրա «պարգեւավճարները» ոչ թե գումարվել են նրա ամսական աշխատավարձին, այլ՝ … հանվել: Քանի որ Տերյանը Կոմունիստական կուսակցության անդամ էր, նա ստացել է զգալիորեն ավելի փոքր աշխատավարձ, քան այդ պաշտոնի համար նախատեսված ամսական դրույքաչափն էր:

Հեղափոխական կառավարությունները կիրառել են կուսակցական մաքսիմումի կանոնը

Երբ բոլշեւիկները եկան իշխանության, նրանք սկսեցին կիրառել կուսակցական մաքսիմումի կանոնը (партмаксимум): Ըստ այդ կանոնի, Կոմկուսի անդամ ղեկավարների աշխատավարձերը պետք է սահմանափակվեին ամսական առավելագույն դրույքաչափով՝ կուսմաքսիմումով, ինչը մոտավորապես նույնքան էր, որքան վաստակում էր Պետրոգրադի կամ Մոսկվայի որակյալ բանվորը: Այսինքն, եթե այդ նույն պաշտոնը զբաղեցնում էր Կոմկուսի անդամ չհանդիսացող անձը, նա վարձատրվում էր ըստ այդ պաշտոնի համար նախատեսված ամսական դրույքաչափի, իսկ եթե պաշտոնավարում էր Ռուսաստանյան (բոլշեւիկյան) կոմունիստական կուսակցության անդամը, նրա աշխատավարձը սահմանափակվում էր կուսմաքսիմումով, ինչը զգալիորեն պակաս էր Ռ(բ)ԿԿ անդամ չհանդիսացողի ստացածից: Կոմկուսի անդամներին արգելված էր նաեւ այլ աղբյուրներից (ներառյալ՝ հոնորարները) եկամուտներ ստանալը եւ սեփական ծախսերը պետբյուջեի հաշվին փակելը: Այդ հարցում օրինակ էր ծառայում հեղափոխության առաջնորդ Լենինը, որն ապրում էր համեստ կյանքով եւ նույնն էր պահանջում իր կուսակիցներից:

Կուսմաքսիմումի գաղափարը Ռուսաստանի կոմունիստների հնարածը չէր: Նրանք շատ բաներ ընդօրինակել էին Փարիզյան կոմունայից: Փարիզի հեղափոխական այդ կառավարությունն ընդունել էր դեկրետ՝ պետական չինովնիկների աշխատավարձի մաքսիմալ չափի մասին: Այն պետք է լիներ որակյալ բանվորի աշխատավարձի մակարդակին համապատասխան:

Վաղամեռիկ մայրս՝ Նվարդ Տերյանը, մի քանի տասնյակ տարի առաջ արխիվում ուսումնասիրել էր Հայկական գործերի կոմիսարիատի փաստաթղթերը եւ նշում էր Տերյանին հասանելիք ամսական դրույքաչափի եւ նրա ստացած իրական աշխատավարձի կոնկրետ թվերը: Հիշում եմ, որ դրանք զգալիորեն տարբերվում էին, բայց կոնկրետ թվերը չեմ հիշում: Եվ դա կարեւոր էլ չէ: Կարեւորը հեղափոխությունից հետո բարիքների բաշխման սկզբունքն է: 

Կուսմաքսիմումի չգրված, բայց բոլշեւիկյան հեղափոխության հենց սկզբից կիրառված օրենքը Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով օրենքի ուժ ստացավ 1921-ին: 1932-ին այն վերացվեց, քանի որ ստալինյան նոմենկլատուրային պետք էր կաշառել, որ նրա անդամները հավատարիմ մնային առաջնորդին:

Ի՞նչ է նշանակում ստալինյան նոմենկլատուրա

Դա այն փոքր թվով մարդկանց ցուցակն է, որոնց թվից է առաջնորդը պաշտոնների նշանակում կամ մի պաշտոնից տեղափոխում մեկ այլ պաշտոնի՝ հաճախ հաշվի չառնելով վերջինի կրթությունը, մասնագիտությունը, կարողությունները: Այն մարդկանց շրջանակը, որոնց բացի առաջնորդից ու վերադասից ոչ ոք չի կարող հեռացնել իրենց զբաղեցրած պաշտոնից, իսկ դատարանը՝ առանց առաջնորդի համաձայնության, չի կարող նրանց հարցը քննել: 

Գրիգոր Էմին-Տերյան