5 տարի անց «Դղյակ» խանութի տիրոջ սպանության մեջ մեղադրվողը 30 մլն․ գրավի դիմաց ազատ արձակվեց

5 տարի անց «Դղյակ» խանութի տիրոջ սպանության մեջ մեղադրվողը  30 մլն․ գրավի դիմաց ազատ արձակվեց

5 տարի անց Գյումրիի «Դղյակ» կոչվող խանութ-սրահի սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ hraparak.am-ը ժամանակին անդրադարձել էր 40-ամյա  Գուրգեն Ավետիսյանի սպանությանը։ Նրա դին՝ խանութի մոտ նետված, եղբայրն էր առաջինը տեսել։ Նրան տեղափոխել էր Գյումրի բժշկական կենտրոն, բայց ճանապարհին մահացել էր:Գուրգենին սպանել էին հրազենով։ Սպանությունը տեղի էր ունեցել 2016թ-ի մայիսի 14-ին։

Նախ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց հարկայինի աշխատող, Գուրգենի ընկեր Արմեն Փափազյանը։ Իսկ հետո մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արմեն Փափազյանն իր վրա է վերցրած եղել ընկերոջ՝ Արա Մովսիսյանի մեղքը, եւ որ վերջինս  սպանության գիշերն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու հանձնվել։ Արա Մովսիսյանի հայրը քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականն  էր։ Ինչպե՞ս է եղել դեպքը։ Ըստ Գյումրիում շրջանառվող վարկածների, «Ոսկե բլուր» ռեստորանում, կերուխումի ժամանակ, տղաները, որոնք մի քանիսն են եղել, վիճել են ։Այնուհետեւ «ռազբորկան» շարունակվել է այլ վայրում՝ «Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող «Խոզանոց» կոչվող տարածքում, որը «ռազբորկաների» հայտնի տեղն է։

Գուրգեն Ավետիսյանի մասին գյումրեցիք միայն լավն են հիշում՝ թե ինչպես եղբոր հետ հալալ քրտինքով կայացրեց բիզնեսը՝ սեղանիկից մինչեւ «Դղյակ», որը քաղաքի լավագույն խանութներից է։ 

Մեղադրվողի շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերությունը  տեղեկացանում է, որ առաջին ատյանի դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, 30.000.000 դրամ գրավի դիմաց  ազատ է արձակել իրենց պաշտպանյալին:

«Տեղի ունեցած դեպքին ականատես են եղել մի խումբ անձինք։ Տուժողի մահից մի քանի օր անց մեր ընկերության վստահորդը ներկայացել է ոստիկանություն ու տվել ինքնախոստովանական հայտարարություն, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ սպանության համար։ Որպես խափանման միջոց դատարանի կողմից կիրառվել էր կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, սակայն վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարելով բոլոր կողմերի ներայացրած բողոքները՝ գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Մեր ընկերության փաստաբանի համոզմամբ իր վստահորդը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ու նրա վարքագիծը եղել է իրավաչափ»,-մեկնաբանում է իրավաբանական ընկերությունը՝ ավելացնելով, որ իրենց վստահորդն արդեն տանն է  և  ազատության մեջ կսպասի վերջնական արդարացման դատավճռին։: