Ադրբեջանի եւ Թուրքիայի երազանքն է, որ Հայաստանը զրկվի ատոմային էներգետիկայից

Ադրբեջանի եւ Թուրքիայի երազանքն է, որ Հայաստանը զրկվի ատոմային էներգետիկայից

«Հրապարակի» զրուցակիցն է Հայաստանի էներգետիկ նախաձեռնության համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Ավետիսյանը։ 

- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ միջուկային էներգիայի գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանի ատոմակայանը «խորհրդանշում եւ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը», դրա շահագործումը երկարաձգվել է մինչեւ 2036 թվականը։ Իսկ ի՞նչ է լինելու 2036-ից հետո։ 

- Համաձայն Հայաստանի էներգետիկ ռազմավարական ծրագրի՝ 2036-ից պետք է ունենանք նոր ատոմակայան։ Նշված չէ կոնկրետ տարեթիվ, բայց 2036-ին պետք է շահագործումից հանվի Մեծամորի ՀԱԷԿ-ը, եւ շարունակականությունը պետք է ապահովի նոր ատոմակայանը։ 2021 թ․ կառավարության որոշմամբ եւ 2023 թ․ փոփոխություններով ընդունված ռազմավարության մեջ ատոմային էներգետիկան մնում է Հայաստանի համար կարեւոր ռազմավարական ուղղություն։ Նաեւ Նիկոլ Փաշինյանն է իր ելույթում նշում, որ պետք է սահուն անցում կատարվի, իսկ իրականության մեջ, եթե ժամանակային եւ մասնագիտորեն խոսենք, պետք է 2035 թվականին մենք արդեն ունենանք փաստացի ավարտված նոր էներգաբլոկ՝ շինարարության իմաստով, որպեսզի 2036-ին այդ սահուն անցումը տեխնիկապես հնարավոր լինի իրականացնել։ 

- Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ Մեծամորի ՀԱԷԿ-ն արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի սպառման 30 տոկոսը, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնենք 2036-ից հետո։ 

- Եթե ատոմակայանը փակելուց հետո առնվազն համարժեք հզորությամբ նոր էներգաբլոկ Հայաստանը չունենա, ապա լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Շարունակականությունը եւ անընդհատությունը ՀՀ-ի համար ատոմային էներգետիկայի պարագայում այլընտրանք չունի։ Եթե նախկինում կային խոչընդոտներ, որոնք մեզ համար հաղթահարելի էին, բայց, այնուամենայնիվ, դրանք խոչընդոտներ էին տարբեր միջազգային կառույցների կողմից, ոչ միանշանակ վերաբերմունք ատոմային էներգետիկայի նկատմամբ, ապա այժմ, հակառակը՝ միանշանակ դրական վերաբերմունք կա բոլոր միջազգային խաղացողների, բոլոր միջազգային խոշոր կենտրոնների կողմից։ Հետեւաբար, այդ առումով Հայաստանը որեւէ խոչընդոտ չի կարող ունենալ։ Իհարկե, պետք է ունենալ այդ մոդելավորումը, թե ինչ կարող է լինել, եթե չունենանք, բայց որպես ուղենիշ չի կարելի դիտարկել, որ 2036-ից հետո Հայաստանը չունենա ատոմային էներգետիկա, որովհետեւ դա ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ ազգային անվտանգության խնդիր է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի երազանքն է եղել ու հիմա էլ մնում է, որ Հայաստանին զրկեն ատոմային էներգետիկայից, ինչն անթույլատրելի է։ 

- Վարչապետը Հայաստանի ինքնիշխանության հետ է նույնացնում ատոմակայանը, կա նաեւ ռազմավարություն, իսկ գետնի վրա ի՞նչ քայլեր են արվել եւ արվում՝ նոր ատոմակայան ունենալու համար։ 

- Նախորդ տարի՝ ամռանը, կառավարության որոշմամբ, ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է՝ ընտրել Հայաստանի համար ընդունելի տարբերակ՝ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման իմաստով։ Ըստ էության, բազմաթիվ անգամներ պաշտոնական եւ պետական բոլոր հնարավոր մակարդակներում հնչեցվում են հայտարարություններ կարեւորության մասին, բայց գործնական քայլերի իմաստով դեռեւս հապաղում կա՝ այն իմաստով, որ մենք ունենք խնդիր՝ ժամանակային իմաստով, եւ հապաղելու պարագայում հայտնվելու ենք լուսանցքում՝ ոչ միայն էներգետիկական, այլեւ մյուս բոլոր իմաստներով։ Հայաստանի համար կարեւոր է, որ նոր էներգաբլոկի տեսանկյունից ոչ միայն ընտրությունը դիտարկվի այն ռակուրսով, թե որ պետության հետ է պետք համագործակցել՝ այնտեղ դնելով աշխարհաքաղաքական բաղադրիչ, այլեւ հասկանալ, թե ինչ հզորություններ, ինչ ուղենիշներ են ընտրվում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, եւ այդ տեսանկյունից արդեն գնալ ընտրության։ Այդ իմաստով նաեւ պետք է համալիր պոտենցիալ գործընկերների հետ քննարկել նաեւ ենթակառուցվածքային խնդիրները, որոնք Հայաստանի համար բավականին լուրջ են, քանի որ բավարար չեն։ 

- Չե՞նք ուշացել։ 

- Ժամկետի առումով շատ ժամանակ չունենք՝ հաշվի առնելով այն, որ եթե խոսում ենք ավանդական ատոմակայանների մասին, առնվազն կառուցման ժամկետը 8-10 տարի է հաշվարկվում, նախագծումն էլ մոտ 2 տարի կարող է տեղի ունենալ։ Մենք ուղղակի որոշակի առավելություններ ունենք՝ հարթակի եւ մնացածի հետ կապված։ Այնուամենայնիվ, եթե չասեմ՝ ուշացել ենք, ապա ժամանակը մեզ սեղմում է, եւ մենք այս տարի անպայման պետք է որոշում կայացնենք եւ անցնենք գործնական փուլ։ Թե որ պետությունները, կամ ինչ տարբերակներ կան, ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջնական տարբերակում դիտարկվում է 3 առաջարկ՝ Ռուսաստանի կողմից առաջարկվող մեծ հզորությամբ տարբերակը, որի պարագայում 1 էներգաբլոկի հզորությունը 1200 մեգավատ պետք է լինի։ Երկրորդը՝ կորեական տարբերակը․ 1 էներգաբլոկի հզորությունը՝ 1400 մեգավատ, եւ ամերիկյան փոքր մոդուլյար կամ մոդուլային տարբերակները՝ 1 բլոկի հզորությունը՝ 77 մեգավատ։ 

- Ո՞ր տարբերակն ընտրել։ 

- Որպեսզի ՀՀ-ն կարողանա ճիշտ որոշում կայացնել, պետք է հասկանա՝ ինչ ռազմավարական զարգացում է նախատեսվում Հայաստանի համար։ Դրա համար հատուկ նշեցի ենթակառուցվածքային բաղադրիչը, որովհետեւ մեծ հզորությամբ ատոմակայան ունենալն ինքնանպատակ չպետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով ունի 2 կարեւոր անելիք՝ որեւէ պարագայում չի կարող անընդհատությունը կանգնել, այսինքն՝ միշտ, անընդհատ ատոմային էներգետիկա պետք է ունենա, եւ երկրորդը՝ ռազմավարական իմաստով հասկանա, թե ինչ հզորություն է անհրաժեշտ։ Դրա համար պետք է զուգահեռ աշխատել ենթակառուցվածքային իմաստով, նաեւ՝ պոտենցիալ գործընկերներին էլեկտրաէներգիայի հնարավոր վաճառքի, համակարգերի սինխրոնիզացման։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է Իրանին եւ Վրաստանին, որպեսզի այդ որոշումը եւ այդ մեգապրոյեկտը, ինչպես հիմա ընդունված է ասել, ծառայի իր նպատակին։ Դա ոչ թե մի կետ է, այլ համակարգային համալիր ծրագիր պետք է լինի ՀՀ-ի համար, որը ոչ միայն էներգետիկ անվտանգության, ազգային անվտանգության տեսանկյունից է պարտադիր, այլ նաեւ պետք է ապահովի Հայաստանի տնտեսական աշխուժացումը, ճահճային վիճակից դուրսբերումը եւ երկարաժամկետ ու շարունակական զարգացումը՝ բերելով բազմաթիվ մուլտիպլիկատիվ էֆեկտներ։ Կարեւոր է նաեւ, որ այդ մեծ պրոյեկտի ժամանակ, որտեղ միլիարդավոր դոլարների մասին է խոսք գնալու, այնպես ընտրվի աշխատանքային մոդելը, որպեսզի այդ գումարների մի մասը՝ 20-25 տոկոսը, մնա Հայաստանում։