Հայտնվել ենք խաղից դուրս վիճակում

Հայտնվել ենք խաղից դուրս վիճակում

Օրերս Ռուսաստանի մամուլում հրապարակվեց արտասովոր մի հայտարարություն, համաձայն որի՝ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ստորագրել մի հրամանագիր, որով Ռուսաստանի ֆուտբոլիստներին արգելվելու է հանդես գալ եվրոպական թիմերում: Իսկապես աներեւակայելի կանոնակարգի մասին է խոսքը, մանավանդ՝ իր կիսատ իմաստով: Ակամա մտածում ես` եթե մարզական վարպետության կատարելագործման նպատակով, ինչու չէ` նաեւ գումար վաստակելու հնարավորությունն արգելափակվելու է, ելնելով տրամաբանությունից՝ օտարազգի շնորհաշատ ու հանրաճանաչ վարպետներին էլ չպետք է թույլ տրվի հանդես գալու ռուսական ակումբային թիմերում: Եվ ինչի՞ն է նման որոշումը հանգեցնելու, բարդ չէ պատկերացնել սպասվելիք տխուր իրավիճակը: Վերցնենք հենց թեկուզ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» թիմը` երկրի ներկայիս բացարձակ առաջատարին, որի կազմի 70-80 տոկոսը մշտապես ներկայացնում են օտարազգի, հիմնականում` հարավամերիկացի հանրահայտ ֆուտբոլիստները, որոնց օգնությամբ է թիմը վերջին տարիներին հասել բացառիկ նվաճումների: Այն էլ ասենք, որ այդ թիմի գլխավոր ֆինանսավորողը հանրահայտ ու մեծահարուստ «Գազպրոմն» է, որի ղեկավարին հատուկ տեղ է հատկացվել Պիտերի գլխավոր խաղասպարեզում: 

Եթե վերոհիշյալ կանոնակարգը հաստատվի, ապա կստեղծվի մի վիճակ, երբ մարզական հարաբերություններն այլ երկրների հետ խիստ կնվազեն, էլ չասած, որ Ռուսաստանի անվանի մարզիկներին, որպես քաղաքական պատիժ, Արեւմուտքը ներկայում արգելել է հանդես գալ գրեթե բոլոր միջազգային պատկառելի մրցասպարեզներում: Ճիշտ է, առանձին շնորհալի մարզիկներ, այդուհանդերձ, երբեմն հայտնվում են անհատական խոշոր ստուգատեսներում, սակայն մի պայմանով` չեզոք երկրների դրոշներով: Այնպես որ, Պուտինը շտապում է մարզական կյանքին վերաբերող այս արտասովոր որոշումը կայացնելով եւ բավականին վնաս է պատճառելու ռուսական սպորտին։

Տարին մոտենում է ավարտին, ուստի անդրադառնանք այն տխուր ու տագնապալի իրավիճակին, որն այսօր լրջորեն անհանգստացնում է մեր ֆուտբոլասեր հասարակությանը: Յուրաքանչյուր երկրի ֆուտբոլային իրավիճակը, հասկանալի է, ներկայացնում են ազգային հավաքականները: Ներկայում Հայաստանում գործում է նման յոթ ընտրանի, թեեւ ակամա խորհում ես` մի՞թե ընտրյալ կարելի է համարել գեղեցիկ սեռը ներկայացնող այն երեք թիմին (կանանց, ինչպեսեւ 17 եւ 19 տարեկան աղջիկների), որոնք պարզապես եղկելի տպավորություն են թողել եվրոպական ասպարեզներում: Ինքներդ դատեք` հիշյալ մրցումներում մեր այս եռյակը միասին վերցրած այս տարի անցկացրած 9 հանդիպումներից հազիվ հաղթել է մեկում: Ի դեպ, ստացվեց այնպես, որ նույն օրը` հոկտեմբերի 27-ին, գլխավոր հավաքականն ընդունեց Էստոնիայի թիմին, իսկ 19 տարեկաններն Իռլանդիայի Կորկ քաղաքում մրցեցին Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստուհիների հետ: Եվ ի՞նչ: Վերստին գրանցվեցին պարտություններ՝ խայտառակ հաշիվներով․ 1:4 եւ 0:6: Էստոնուհիների հետ երեքշաբթի կայացած պատասխան հանդիպումն էլ տապալվեց` 1:5: Սրանում մեղադրել միայն մեր աղջիկներին, ինչ խոսք, սխալ կլինի: Խաղային պրակտիկայի խիստ պակասը եւ տեխնիկատակտիկական թույլ պատրաստականությունը՝ իրենց բացասական դերակատարության իմաստով, խայտառակ ավարտ ունեցան, եւ դրանում, անտարակույս, մեղավոր են ե՛ւ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան (նախագահ Արմեն Մելիքբեկյան), ե՛ւ նրա կողմից նշանակված մարզիչները: Այս առումով մի փոքր շեղվենք, քանի որ հոկտեմբերի 30-ին գրանցվեց հիրավի պատմական փաստ` 19 տարեկան աղջիկները երեւանյան ավարտական խաղում կարողացան, վերջապես, գոլ խփել եւ 1:0 հաշվով հաղթել լյուքսեմբուրգցիներին: Հատկանշական է, որ սա 19 տարեկանների մեր թիմի միակ հաջողությունն է վերջին, չզարմանաք՝ 14 տարվա ընթացքում:

Բնավ չկարծեք, թե տղամարդկանց երեք թիմերը փայլում են նույն մակարդակի ելույթների ժամանակ (19 տարեկանները հանդես են գալու նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին): Եվ նորից ստիպված պետք է բերենք ամոթալի փաստարկներ. 17 տարեկան տղաները, հանդես գալով վերոհիշյալ Կորկ քաղաքում, անցկացված բոլոր երեք խաղերը տանուլ են տվել սկսնակներին բնորոշ արդյունքներով. դաշտի տերերին` 0:4, շվեյցարացիներին` 0:5, իսկ Ատլանտյան օվկիանոսի ամենահյուսիսային՝ երեւանցիների 1/3-ի չափ բնակչություն ունեցող իսլանդացիներին՝ 1:7 հաշվով: Նման թիմն իրավունք ունի՞ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ասպարեզում: 21 տարեկանները, վերջերս ընդունելով Շվեյցարիայի հասակակիցներին, մեկ ու առաջին միավորը շահեցին: Իսկ մինչ այդ ընդունելով ալբանացիներին, ապա` Մոնտենեգրոյի թիմին, հետո հանդես գալով Ռումինիայում՝ պարտություններ կրեցին 1:5 ընդհանուր հաշվով:
Իսկ ի՞նչ անուն տալ եվրագավաթների խաղարկություններում առաջատար համարվող մեր չորս ակումբների խիստ համեստ ելույթներին: Այստեղ շատ թե քիչ դիմացկուն գտնվեց «Փյունիկը», որին հաջողվեց հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի ընտրական մրցաշարի առաջին երկու արգելքները: Քառյակի մյուս խաղերում արձանագրվել է պարտությունների շարք...

Իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում է մեր թիվ մեկ ազգային հավաքականը, մանավանդ որ մեկնարկը ներշնչող էր` 3 խաղից հետո 6 միավոր` 4:2 հաշվով հաղթանակ Ուելսի թիմի նկատմամբ` նրա դաշտում, 2:1 հաշվով հաջողություն լատվիացիների նկատմամբ եւ 1:2 հաշվով պարտություն թուրքերի հետ ունեցած երեւանյան մրցամարտում: Թվում էր, թե բոլոր հնարավորություններն ունեինք՝ զարգացնելու հաջողությունը: Ավաղ, չստացվեց: Հաջորդ երեք հանդիպումներից հետո բավարարվեցինք մեկ միավորով. թուրքերի հետ պատասխան խաղն ավարտելով ոչ ոքի (1:1) եւ տանուլ տալով լատվիացիներին (0:2) ու խորվաթներին (0:1): Ճիշտ է, մրցաշրջանը դեռ շարունակվում է, բայց չենք կարող չընդունել, որ մեր ֆուտբոլն ընդհանրապես կտրուկ նահանջ է ապրել, եւ այս վիճակը բազում դժգոհությունների տեղիք է տվել, ու, կարծես, այդ ամենի համար պատասխանատուներից առաջինին` Ֆուտբոլի ֆեդերացիային, դա քիչ է անհանգստացնում:

Վիկտոր Հյուգոն մի առիթով ասել է․ «Այն, ինչ մահացել է իբրեւ իրականություն, կենդանի է իբրեւ խրատ»: Այո, մասնագետների պրոֆեսիոնալ գործունեությունը պետք է կարողանալ ճիշտ գնահատել, եւ խոսքն առաջին հերթին այն մասին է, որ ինչ-ինչ թերացումների դեպքում նրանց կարելի է տալ երկրորդ շանսը, բայց ոչ երբեք` երրորդը։ Այլապես փորձը ցույց է տալիս, որ առօրյա կյանքը վերածվում է փորձանքի: Եվ սա այսօր առաջին հերթին վերաբերում է մեր պատանեկան ֆուտբոլին, որի ներկա վիճակը պրոֆեսիոնալ առումով ուղղակի տագնապալի է: Այս կապակցությամբ են ասել` հարկ չկա լինել կարեւոր, կարեւոր է լինել անհրաժեշտ, այլապես շարունակելու ենք գտնվել խաղից դուրս, անզոր ու տհաճ իրավիճակում:

Մարզասերներին հայտնենք նաեւ, որ հոկտեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն հայտնեց աշխարհի այս տարվա թիվ 1 ֆուտբոլիստի անունը: Այդ պատվին ութերորդ անգամ արժանացել է 36- ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին, ում էլ հանձնվեց «Ոսկե գնդակ» մրցանակը: Տեղին է հիշեցնել, որ ֆուտբոլային այդ գլխավոր գրոսմայստերի ամսական աշխատավարձն «Ինտեր Մայամի» թիմում կազմում է ուղիղ մեկ միլիոն դոլար՝ գումարած բոնուսները:

Միսակ Նազարյան