Բաքվի ճնշմա՞մբ է Լոնդոնում չեղարկվել ԼՂ թեմայով միջոցառումը

Բաքվի ճնշմա՞մբ է Լոնդոնում չեղարկվել ԼՂ թեմայով միջոցառումը

Օրերս գրել էինք, որ Մեծ Բրիտանիայում ադրբեջանական կազմակերպության նախագահ Ֆարիդա Փանախովայի պնդմամբ՝ փետրվարի 5-ին Լոնդոնի Carlton հեղինակավոր ակումբում պետք է անցկացվեր «Հայաստան. էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում» թեմայով միջոցառումը։ Ըստ նրա, միջոցառման կազմակերպիչը պետք է լիներ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ լորդ դը Մոլի ու Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի աջակցությամբ։

Փանախովայի պնդմամբ, իրենց կազմակերպությունը միջոցառումը չեղարկելու պահանջով նամակներ է ուղարկել ինչպես ակումբի ղեկավարությանը, այնպես էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին, լորդերի պալատին եւ բազմաթիվ այլ կառույցների։ Նա տեղեկացրել է նաեւ, որ ի վերջո Carlton ակումբը բավարարել է իրենց պահանջն ու չեղարկել հանդիպումը։ Լուրը, ի դեպ, հաստատել են բրիտանացի մի շարք գործիչներ՝ հղում անելով Times-ի hրապարակմանը։ Բրիտանական հեղինակավոր պարբերականը գրել է, որ Carlton ակումբը մեղադրվում է հայկական թեմայով նախատեսված միջոցառումը չեղարկելու մեջ։ 

Թեմայի հետ կապված՝ «Հրապարակը» նախ հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը․

«ՀՀ ԱԳՆ, այդ թվում` արտերկրում ՀՀ ներկայացուցչությունները, մշտապես հետեւում են նման միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին, ինչպես նաեւ հետեւողական են դրանց վերաբերող հետագա զարգացումների հարցում»։

Թե ինչ է ասում մեր ԱԳՆ-ն, դիվանագետներն էլ չեն հասկանա, երբ խոսք է գնում նման կարեւոր միջոցառման մասին, որտեղ շեշտվում է նաեւ ՀՀ դեսպանի անունը։ Զավեշտ է: Պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաեւ Carlton ակումբի ղեկավարության հետ, սակայն մեզ դեռեւս չեն արձագանքել։

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները տարբեր հարթակներում դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումը, այնտեղ տիրող մարդասիրական ճգնաժամը, ինչպես նաեւ 2023-ի սեպտեմբերին Ղարաբաղում հայերի նկատմամբ տեղի ունեցած էթնիկ զտումներն ու նրանց բռնի տեղահանությունը։ Պարզապես տարակուսելի է, թե ինչու է Carlton-ն անտեսում Արցախի ու արցախցիների ճակատագրի հարցում Լոնդոնի այս դիրքորոշումը։

Այնպես չէ, որ նույն ակումբը հարթակ չի տրամադրել Միացյալ Թագավորությունում ապրող ադրբեջանցիներին՝ հակահայկական թեմաներով հանդիպումներ կազմակերպելու համար։ Այս ամենից, անկեղծ ասած, խավիարային դիվանագիտության, կաշառքի ու երկակի չափանիշների «հոտ է գալիս»: