Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանի հետ ասուլիսի ժամանակ նա նշել է. «Ինչպես գիտեք, և Սենատը, և Ազգային ժողովն ընդունել են բանաձևեր՝ դատապարտելով Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիան և ԼՂ շրջափակումը։ Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը. այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, և սա՝ համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»։

Միաժամանակ նա նշել է, որ իրենց համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ. «Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների և հարձակումների:

Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»։