Օբյեկտիվ լրատվությու՞ն, թե՞ վախեցնելու փորձ

Օբյեկտիվ լրատվությու՞ն, թե՞ վախեցնելու փորձ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ
Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել առ այն, որ հավաքների իրենց հիմնարար իրավունքը երթի ձևաչափով իրականացնող քաղաքացիների գույքը կարող է առգրավվել, այդ թվում՝ վնասվելով:
 Բնականաբար, նմանաբնույթ  գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:
 Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.
 իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը /այս դեպքում՝ ավտոերթի տեսքով/.
 թույլատրելի նվազագույն արագությամբ երթևեկելու.
 Իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում.
 Իրավապահ մարմիններից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար.
Փորձեք լինել բարեկիրթ և տեսաձայնագրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջամտության փորձերը կամ երկխոսությունները վերջիններիս հետ.
 Բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝ 
ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ: 
Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին: 

Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում  են պատասխանատվություն։

Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը»: