Վրաստանն իրավունք չունի մերժել Երևանին․ Վասաձեն՝ ՀՀ-ին մատակարվող զրահամեքենաների մասին

Վրաստանն իրավունք չունի մերժել Երևանին․ Վասաձեն՝ ՀՀ-ին մատակարվող զրահամեքենաների մասին

Ադրբեջանում շարունակում են ջղաձգորեն արձագանքել Վրաստանի տարածքով՝ Փոթիի նավահանգստով Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարվող զրահամեքենաների մասին տեղեկություններին։

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները կփչանան. դրանք ռազմավարական բնույթ ունեն: Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Այդ զրահամեքենաները կմատակարարվեն Իրանի տարածքով, թե՝ Վրաստանի, ոչ մի կերպ չի ազդի Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունների վրա։ Ուրիշ բան, որ սա տհաճ պատմություն է։ Ես համաձայն եմ սրա հետ, բայց գիտեմ, որ Բաքուն տեղյակ է եղել այդ մասին»։

Անդրադառնալով թեմային՝ Մինվալ․ազ-ի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձդեն։

Նրա խոսքով, եթե Բաքուն պարզաբանման կարիք ունի, ապա պետք է դրա համար դիմի Վրաստանի պաշտպանության նախարարությանը, քանի որ յուրաքանչյուր նման փոխադրման թույլտվություն տալիս է ՊՆ-ն՝ գոյություն ունեցող պայմանագրի հիման վրա։
«Այդ փաստը չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա, թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի շփումները չեն փչացնում նրա հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք ռազմավարական առումով կապված ենք միմյանց հետ»,- ընդգծել է քաղաքագետը՝ ակնարկելով Բաքվի անտեղի խանդն ու բարձրացրած անհիմն աղմուկը։

«Հատկանշական է, որ Վրաստանի վարչապետը երկու օր առաջ Փարիզում էր և մասնակցում էր խաղաղության համաժողովին, որին ներկա էր նաև Հայաստանի վարչապետը։ Սրանից հետո տեղեկություններ եղան, որ Վրաստանն ու Հայաստանը կդառնան ԵՄ անդամ։ Փարիզում խորհրդաժողովն ավարտվել է երկու օր առաջ, և այդ մասին որոշումն ավելի վաղ էր ընդունվել։ Բացի այդ, օրենքով սահմանափակվել է ռուսական զենքի տարանցումը Վրաստանի տարածքով։ 2020 թվականի սեպտեմբերին Վրաստանը հայտարարեց, որ դադարեցնում է բոլոր տարանցումները Հայաստան՝ ԼՂ-ում ընթացող մարտերի ընթացքում։ Ֆրանսիական զենքի մատակարարումը դեպի Հայաստան կասեցնելու իրավական հիմքեր ընդհանրապես չկան։ Ի՞նչ պատճառով պետք է Վրաստանը մերժի հայկական կողմին։ Հետևաբար, այս երկու դեպքերն իրար հետ քիչ կապ ունեն»,- կարծիք է հայտնել Վասաձդեն։

Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանն իրավունք ունի հոգալ իր անվտանգության և պաշտպանունակության մասին. 

«Սա ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ Ուրիշ բան, որ պետական ​​անվտանգության համակարգը բացառապես զենքի միջոցով չի ապահովվում։ Անվտանգության համակարգն առաջին հերթին բարիդրացիական հարաբերություններ են հարեւանների հետ կամ գոնե նորմալ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահի վրա»։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին՝ Վասաձեն ընդգծել է, որ դրա ստորագրման համար բոլոր հիմքերը կան, միայն քաղաքական կամք է պետք։

«Ես չեմ զարմանա, եթե կողմերը խաղաղության պայմանագիր կնքեն մինչև այս տարեվերջ։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չկա, բայց ես կանխատեսումներ չեմ անի»,- հավելել է նա։