Թքած ունենալն ու չոքելը

Թքած ունենալն ու չոքելը

ԵԿՄ նախագահ Միքայելյան Սասունը, բանակի տոնի կապակցությամբ նախորդ օրն անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը, նշել է. «Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»: Իսկ աժբականներն էլ այսօր հերթական բողոքի ցույց են արել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև: Ինչպես միշտ, բողոքում են Բերձորի միջանցքը փակած ռուս-թուրք-ադբեջանական կոալիցիայի դեմ: Անկեղծ ասած, ես չեմ զարմանում ո՛չ Միքայելյան Սասունի և ո՛չ էլ շարքային աժբականների ու նրանց համակիրների վրա: Մարդիկ կարող է և հայրենասերներ են, բայց քաղաքականություն ընկալելուց կիլոմետրերով հեռու են: Չնայած հենց ակտիվորեն քաղաքականության մեջ են:

Միքայելյան Սասունի դեպքում ամեն ինչ հասկանալի է՝ մարդը մնացել է մահացած Սպարապետի և կենդանի ու գործող վարչապետի արանքում: Եվ քանի որ խելքով չի փայլում՝ փորձում է հավատարիմ մնալ թե՛ Վազգեն Սարգսյանին և թե՛ Փաշինյան Նիկոլին: Ինչը բնականաբար, տեսականորեն անգամ անհնար է, քանի որ այդ երկու գործիչներն անհամատեղելի են: Անհամատեղելի են իրենց մտածողությամբ, սկզբունքներով և գործունեությամբ: Ճիշտ այնպես, ինչպես անհամատեղելի են քարից հաց քամող հայն ու քոչվորի ժառանգ թուրքը, որ օտարներից տարածքներ զավթելով ու հայրենիք ստեղծելով՝ էությամբ մնաց քոչվոր: Իսկ Սասունի նման մեկը փորձում է տեղավորվել այդ երկուսի արանքում, որպեսզի պահպանի թե՛ հավատարմությունն առաջինինին և թե՛ իր ու իր ընտանիքի անդամների կարգավիճակը:

Անցնենք շարքային աժբականներին ու նրանց համակիրներին: Նրանք առաջնորդվում են իրենց տեսածով և դրա հիման վրա ձևավորված զգացմունքներով: Եվ չեն փորձում հասկանալ, թե որքանով է ճշմարիտ ակնհայտը և չի թաքնվում արդյոք ավելի առանցքային երևույթ ակնհայտի քողածածկույթի տակ: Բայց դա, դժբախտաբար, տրված չէ բոլորին, ու իրենք ապահովում են ոմանց (պապյաններ, խզմալյաններ, գասպարյաններ, չուգասզյաններ և այլն) քաղաքական կենսունակությունը՝ առանց դա գիտակցելու: Բայց դա մեծ ողբերգություն չէ, քանի որ դրանք այսօր իշխանություն չունեն: Իսկ իշխանություն ունեցող անձը թքած ունի նման մանր բաների վրա՝ կենտրոնանալով իշխանության պահպանության վրա: Եվ, բացի դրանից, նրան նման մանր բաները չեն հետաքրքրում: Նրան հետաքրքրում են խորքային բաները՝ ասենք ԴՆԹ մակարդակի: Երևում է, որ դպրոցում լավ չի սովորել «կենսաբանություն» առարկան, ու այդ պատճառով չի կարողանում ազատվել իրեն անընդհատ «հետապնդող» ԴՆԹ-ական պատկերից: Կարծում եմ, որ հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները կհաստատեն իմ վարկածը:

Վերադառնանք շարքային աժբականներին ու նրանց համակիրներին: Թե՛ ֆեյսբուքյան հարթակում և թե՛ «Հրապարակի» էջերում բազմիցս եմ փորձել բացել նրանց աչքերը: Փորձել եմ բացատրել, որ եթե հայերը հեռանան Արցախից, ինչին ձգտում է թուրք-ադրբեջանական զույգը, ապա ռուսները ևս ստիպված կլինեն հեռանալ այնտեղից: Իսկ հետո էլ, բնականաբար, Հայաստանից, ինչը, հաստատ, իրենց պլանների մեջ չի մտնում: Բայց դա չի ընկալվում, ու գիտեմ, որ կընկալվի միայն այն դեպքում, երբ կատարվի իրենց ցանկությունը, ու մենք կանգնենք կոտրած տաշտակի առջև: Բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի: Ներկայացրել եմ նաև 100 տարի առաջվա մեր պատմության դրվագները՝ կապված արևմտյան օգնության հետ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ ԱՄՆ 28-րդ (1913-1924 թվականներ) նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Սևրի պայմանագրի (10.08.1920) հետ մեկտեղ այն վճռորոշ նշանակություն ունեցավ հայոց պետականության առումով: Ավելի ճիշտ՝ կործանարար ազդեցություն ունեցավ մեր առաջին հանրապետության ճակատագրի վրա: Որովհետև այդ երկու թղթերի (դժվարանում եմ նույնիսկ փաստաթուղթ անվանել) մոգական ուժին ապավինող դաշնակցական կառավարությունը բաց թողեց 2017 թվականի նոյեմբերին ռազմական հեղաշրջում իրականացրած և Ռուսաստանում իշխանություն գրաված բոլշևիկների հետ լեզու գտնելու հնարավորությունը: Արդյունքում կորսվեց ոչ միայն Հայաստանի տարածքի կեսից ավելին կազմող Կարսի մարզը (մնաց արևմտյան թուրքերին), այլև Նախիջևանն ու լեռնային ու դաշտային Ղարաբաղը (մնացին արևելյան թուրքերին): 

100 տարի անց պատմության դասերը բացարձակ չընկալած աշակերտների նման շարքային աժբականներն ու նրանց համակիրները բողոքում են ռուսների դեմ՝ նրանց հավասարեցնելով թուրք-ադրբեջանական զույգին: Հույս են դնում արևմտյան երկրների ղեկավարության՝ զուտ խոսքի մակարդակով հնչող օժանդակության վրա: Նույնիսկ Բերձորի միջանցքը բացելու առումով: Միաժամանակ, ֆեյսբուքյան իրենց էջերի «պրոֆիլում» տեղադրում են վիլսոնյան վճռի պատճենի նկարը: Ինչը մոտավորապես նման է հարուստ հարազատին կորցրած խեղճ ու կրակ ազգականի վարքագծին, որը գլխավերևում պատից կախելով վերջինիս պատկերը՝ երկրպագում է այն՝ ակնկալելով հովանավորություն, ուժ և զորություն:

Ինչ մնում է ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած՝ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձին, ապա վերջինս, հանուն իր իշխանության պահպանման, միաժամանակ դրսևորում է երկու իրարամերժ վարքագիծ: Մի դեպքում, ամեն անհրաժեշտ պահին, չոքում է դրսեցիների առջև՝ ովքեր էլ դրանք լինեն (ռուս, թուրք, թե Արևմուտքի ներկայացուցիչ): Մյուս դեպքում, թքած ունենալով հայրենակիցների վրա, նրանց նկատմամբ իրականացնում է ոստիկանական բռնություններ: Եթե, իհարկե, ընդունենք, որ հայերին համարում է հայրենակից: Ի դեպ, մի ժամանակ Փ.Ն.-ն փիառ ակցիա իրականացրեց Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի առումով, բայց հասկանալով, որ դա իր իմացած «թքած ունենալը» չէ՝ բացարձակ մոռացավ դրա գոյության մասին: