Պատրաստվու՞մ են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Պատրաստվու՞մ են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները  նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսանկարահանումներ են իրականացնում։

Լրագրողները քիչ առաջ ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանի՝ Հաագայի դատարանի որոշումները չկատարելու հիմքով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել ու ինչ-որ որոշում կայացնել։

«Հայկական կողմը դիտարկում է մեր դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցները պատշաճ պահին, ըստ անհրաժեշտության իրացնելու հնարավորությունը»,- արձագանքեց Կոստոնյանը։