Լա՞վ է, թե՞ վատ

Լա՞վ է, թե՞ վատ

Մի քանի օր է՝ Հայաստանը դարձել է գայթակղիչ երկիր Ռուսաստանի եւ մասամբ՝ Ուկրաինայի քաղաքացիների համար։ Նրանք մոտ հազար դոլար գումար են վճարում ավիատոմսի համար, մեքենաներով են գալիս, երեխաների ու ընտանի կենդանիների հետ։ Տներ են վարձակալում, հյուրանոցներում են տեղավորվում, սկսել են ընկերություններ գրանցել, որ կարողանան գործունեություն ծավալել մեր երկրում, մինչեւ տեսնեն, թե ինչ է կատարվում իրենց երկրներում։ Առաջին հայացքից թվում է, թե ինչքան երկարեն պատերազմն ու այս իրավիճակը, այնքան շահելու ենք մենք՝ հայերս։

Հյուրանոցներում նույնիսկ ամենաթեժ սեզոնին այսքան մարդ չի եղել, վարձով տների ամսավճարները հասել են մարզերում տների վաճառքի գներին։ Ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա, տաքսիստները հաճախորդի պակաս չունեն։ Լավ է՝ ինչքան մարդ է մտնում երկիր, այնքան էլ՝ փող։ Մի բան է վատ, որ մեր ագահությունն ու օտարների հանդեպ ոչ այնքան հարգալից վերաբերմունքն իրենց սեւ գործն անում են։ Մարդիկ սկսել են բողոքել օտարների ներկայությունից, դե՝ մենք սովոր չենք, որ մեր միատարր հայկականությունն ինչ-որ այլազգի խաթարի։ Եվ սկսել են գներ «կրակել»։

Բայց ի՞նչ պահանջես հազիվ վարձակալ գտած մարդուց, որն իր կիսաքանդ բնակարանը մի քանի ամսով վարձակալության տալու եւ դրա արդյունքում ստացած եկամտի հետ կապված հույսեր է փայփայում, կամ այն տաքսիստից, որն առաջ հազիվ իր ծխախոտի ու ընդմիջման փողն էր աշխատում, իսկ հիմա 1-2 օրվա ընթացքում իր մեկ ամսվա եկամուտն է ապահովում։ Ի՞նչ պահանջես շարքային մարդուց, երբ ավիաընկերությունների մեծահարուստ տերերն են անգամ փորձում ձեռքերը տաքացնել մարդկանց ողբերգության վրա եւ ինքնաթիռի տոմսերի գները հասցրել են աստղաբաշխական թվերի։ Իսկ երկրի հեղինակությունը ոչ մեկին չի հուզում։