Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի կռիվ սկսի․ Փաշինյան

Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի կռիվ սկսի․ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի՝ նոր էլեկտրագնացքով։

Վարչապետին Գյումրու կայարանի դռներից դուրս «անակնկալ» էր սպասվում․ նրան այնտեղ դիմավորեց մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին, ոչ այնքան նրան  տեսնելու ու ողջունելու, որքան  իրենց խնդիրները ներկայացնելու և բարձրաձայնելու։ Վարչապետին մի կերպ հաջողվեց հրմշտոցներով  հասնել կառավարական մեքենա, որտեղ ժողովուրդը շրջապատեց նրան՝ ամեն կողմից տարատեսակ խնդիրներ ներկայացնելով, հատկապես լսվում էր մի կնոջ բղավոց, թե Գյումրին անտեր է, քաղաքապետ չունի, քաղաքապետարանի բոլոր աշխատողները վատ են վերաբերվում իրենց։ Այլ կողմից ներկայացնում էին նաև Մարալիկի հարցը, մյուսը կողմից՝ քառօրյա մասնակիցներից մեկի մայրն էր, որը մոտեցավ Փաշինյանին և ասաց, որ անցյալ անգամ էլ իր խնդիրը բարձրաձայնել է, սակայն վարչապետը խոստացավ ու ոչինչ չարեց, Փաշինյանն էլ ի պատասխան՝ արդարացավ․ «Երբ 20 հոգի ինձ մի բան են ասում, ես մոռանում եմ»։

Նկատենք, որ Փաշինյանի ուսապարկը բռնող թիկնապահի ձեռքերը ծանբեռնված էին նամակներով, որոնք այդ ընթացքում հանձնեցին գյումրեցիները։

Գյումրիում Փաշինյանի   համար ամենամեծ անակնկալը քարուքանդ փողոցներն էին, երբ ոտքով քայլեց մինչև Տիգրան Մեծ: Նա այլևս չզսպեց իր զայրույթը, դիմեց քաղաքապետին ու մարզպետին՝ հարցնելով, թե այս ինչ վիճակ է և ի վերջո երբ է քաղաքաշինական կուլտուրան մտնելու Հայաստան․ «Հայաստանում շինհրապարակների 90 տոկոսը աղբանոց է»,- վրդովվեց վարչապետը։ Այնուհետև մանրամասներ փորձեց ճշտել գյումրեցի լրագրողներից, որոնք բարձրաձայնեցին, թե  խնդիրը տևական ժամանակ է, փողոցները ցեխի ու աղբի մեջ են, իսկ շինարարության ավարտը չի երևում։

Հենց այստեղ վարչապետը փոքր կոնֆլիկտ ունեցավ  քաղաքպետի  ու մարզպետի հետ, թեև քաղաքապետը փորձում էր արդարանալ, վարչապետն էլ հակառակվում էր՝ ասելով, որ չի եկել դատելու, պարզապես պետք է այնպես անել, որ շինարարության պատճառով կյանքը կանգ չառնի, մարդկանց   տեղաշարժվելու հնարավորությունը չսահմանափակի։ Մինչ Բալասանյանը վստահեցնում էր, թե շուտով    հրաշք փողոցներ են ունենալու, վարչապետը խիստ տոնով կանխեց նրան՝ ասելով, որ հին բարքերը մի կողմ թողնեն և հանձնարարեց  հրավիրել փողոցաշինությամբ զբաղվող ճարտարապետներին ու  այնպես անել, որ քաղաքացիներին շինարարությունը չխանգարի։

Ի դեպ,այդ  ընթացքում, երբ նա խոսում էր մարզպետի ու քաղաքապետի հետ, նրան դուր չեկան քաղաքացիների կողմից կողքից  արված  դիտողությունները, հատկապես քաղաքապետի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց  ԼՀԿ անդամ պատգամավորը , վարչապետը փորձեց կանխել. «Մի հատ հանգստացեք,էն էլ իմ ներկայությամբ: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի կռիվ սկսի»։

Նշենք, որ Փաշինյանը ուղևորվեց «Չերքեզի ձոր» ձկնաբուծարան, որը քաղաքի գողտրիկ կենտրոններից է, զբոսաշրջության  գրավականներից մեկը: Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լինել նաև տնակային  ավաններում։