Միայնակ թոշակառուն կարող է կորցնել տեսողությունը

Միայնակ թոշակառուն կարող է կորցնել տեսողությունը

Վերգուշ Մամյանը միայնակ կենսաթոշակառու է, ապրում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Կարապետ Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու, 6-րդ շենքի բն․ 21 հասցեում։ 
Մեր թերթի խմբագրություն դիմած քաղաքացին ասում է, որ տառապում է կատարակտով, պետք է վիրահատվի, սակայն դրա համար չունի պահանջված գումարը։ Կենսաթոշակառուն ստանում է ընդամենը 45 հազար դրամ թոշակ, որով նա հազիվ գոյատեւում է։ Նա ասում է, որ կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առջեւ։ 

Տիկին Վերգուշը քանիցս դիմել է իշխանության տարբեր ատյանների՝ հուսալով, որ իրեն կտրամադրեն սոցիալական նպաստ։ Ասում է, որ իր տանը գրանցված է նաեւ եղբոր թոռը՝ Վերան Ղարագյոզյանը, ինչի պատճառով էլ ինքը զրկված է նպաստ ստանալու հնարավորությունից։ Իսկ եղբոր թոռը չի բնակվում այն նույն հասցեում, որտեղ գրանցված է։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից 09․07․2018թ․ Վերգուշ Մամյանին պատասխանել են, որ՝  «Համաձայն «Պետական նպաստների մասին» օրենքի 16-րդ հոդվածի՝ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից (30.00): Ձեր ընտանիքի անապահովության միավորը կազմում է 26․10, որը ցածր է սոցիալական նպաստ նշանակելու համար կառավարության սահմանած սահմանային մեծության միավորից»։ Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից 04․04․2019թ․ Վերգուշ Մամյանին էպիկրիզ են տվել, որ ունի աջ հոնքի շրջանի պատռված վերք, ուղեկցող հիվանդություններն են Կրած ՍԻ, ՈՒԱՇՍԽ։ 

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Վերգուշ Մամյանին, կարող են զանգահարել 093-06-49-68, 28-24-58 հեռախոսահամարներով։