Ինչ պատասխան գործողություններ ձեռնարկել․ առաջարկում են ռազմական փորձագետները

Ինչ պատասխան գործողություններ ձեռնարկել․ առաջարկում են ռազմական փորձագետները

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ռազմական փորձագետներն առաջարկում են Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ հայկական կողմից կտրուկ գործողությունների դիմել:

Մասնավորապես, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել էր, որ այս պահին Ջերմուկի և Իշխանասարի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք խորացած ադրբեջանցիներին շատ հեշտ կարելի է նեղը գցել՝ ՀՀ ԶՈՒ հրետանու և օդուժի կիրառմամբ, ինչը կստիպի թշնամուն կամ զոհվել՝ առանց գեթ մեկ հայ զինվորի երես տեսնելու կամ երկրորդ տարբերակը կլինի, այն է՝ Ռուսաստանը կհարկադրի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Իսկ Ռուսաստանը հնարավոր է, որ ստիպված լինի դա անել, քանի որ ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան կարող է միջամտել, ինչը կնշանակի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացում: Այդ սցենարի իրականացումը բնականաբար Ուկրաինայում խնդիրներ ոնեցող Ռուսաստանի սրտով չի կարող լինել:

«Հրապարակի» -ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ այս տարբերակն աշխատող միջոց է, սակայն ոչ մեր դեպքում և ոչ հիմա:
«Մեր բանակն ամեն ինչ կարող էր անել մինչև 2020 թվականի պատերազմը, եթե ճիշտ կառավարվեր, ճիշտ ղեկավարվեր»։ Իսկ ինչպե՞ս կարելի է ստիպել ադրբեջանցիներին, որ բացեն Լաչինի միջանցքը, արդյոք այս պահին հայոց բանակն ինչ-որ գործողություններով հնարավորություն ունի՞ ստիպելու ադրբեջանցիներին, ռազմական փորձագետն ասաց, որ ռազմական ճանապարհն ամենավերջին ու ամենառիսկային տարբերակն է:
«Մենք պետք է հասկանանք, արդյոք այդ ռիսկերը կկառավարվեն ռազմական տարբերակով, որի վրա ես խիստ կասկածում եմ, և ավելի վատ չի լինի, քան հիմա է: Դրա համար, ես կարծում եմ, որ պետք է առաջնային դիտարկենք դիվանագիտական ճանապարհը և դիվանագիտական մանյովրները և ռազմական ճանապարհն՝ ամենա-ամենավերջում, որպես պահուստային միջոց, որ հետո չասենք, թե ինչու այսպես չարեցինք, եթե անեինք՝ միգուցե այսպես լիներ»,- նշեց Հովհաննիսյանը:
Մեր դիտարկմանը, որ աշխարհի մի շարք երկրներ հանդես եկան Ադրբեջանին ուղղված հայտարարություններով, սակայն դրանք դեռ չեն ազդում Ադրբեջանի վրա, Հովհաննիսյանն ասաց, որ մենք սխալ հասցեով ենք գնում՝ այս հարցի բանալին Կրեմլում է և մենք պետք է Կրեմլի հետ գործ ունենանք:

«Այսինքն Կրեմլից պետք է պահանջենք, խնդրում ենք կամ ակնկալենք իրենից: Միջազգային հանրությունը կամ միջազգային կառույցները վերջիվերջո ասում են, որ դուք այստեղ ունեք պետությունը, որը բացի միջնորդ լինելուց նաև խաղաղապահ գործունեություն է ծավալում, այնպես որ մենք պարզապես սխալ ուղղությամբ ենք գնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Երեկ ՀԱՊԿ քարտուղար Զասը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայկական կողմին օգնության փաթեթ են առաջարկել, որը դեռևս չի ընդունվել։ Հովհաննիսյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ անվտանգային խնդիրների վերաբերյալ է օգնության փաթեթը, ինքնին՝ փաթեթ տերմինը նշանակում է, որ խոսքը գնում է բազմաշերտ ինչ-որ առաջարկի մասին:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում հիշեցրեց դեռևս ամռանը ԳՇ պետի տեղակալներից մեկի հրապարակային արված հայտարարաությունն այն մասին, որ իրեն հրամայված է դուրս շպտրել ՀՀ տարածքից մեր պետության սուվերեն սահմանները խախտած թշնամու զորամիավորումները:

«Նա հայտարարեց, որ իրենց հրամայված է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ կոնտեքստում գործողությունները կարելի է կապել, թե ինչ եղավ, այդ ինչ հրաման է, որ մինչև հիմա չի իրականացվում: Հիմա՝ ստեղծված իրավիճակում այդ հիմքերը ավելի լեգիտիմ են»,-ասաց Մանգասարյանը:
Ռազմական փորձագետը նշեց, որ տրամաբանություն կա այս գործողության առաջարկի մեջ, սակայն նաեւ ռիսկեր կան:

«Թուրքական զորքերը ադրբեջանա-թուրքական զորավարժություններից հետո, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենց զորքերը չեն հեռանա այդտեղից, քանի դեռ Զանգեզուրի միջանցքի հարցը լուծված չի: Պետք է հաշվարկել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար այդ սցենարի իրագործումը։ Բայց սցենար է, որի մասին կարելի է մտածել, եթե այլ ճանապարհ չունենք: Այստեղ հիմքն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը վերականգնում ենք, մեծ հաշվով մեզ ոչ ոք ոչինչ չի կարող ասել՝ միջազգային հանրություն և այլն՝ մեր տարածքն է, գնում ենք վերականգնելու: Բայց ամեն ինչ պետք է հաշվարկված լինի, Թուրքիայի զորքերն էլ Զանգելանի կողմերում դիսլակացիա են եղել ու չեն հեռանալու այնտեղից»,- նշեց Մանգասարյանը:

Ռազմական փորձագետը նշում է, որ այս քայլերով Թուրքիան Ադրբեջանին իր ուժեղ աջակցությունն է ցույց տալիս և դա նշանակում է, որ վերջինս ոչ մի քայլ հետ չգնա, որ իրենք կանգնած են Ադրբեջանի թիկունքին:

Ինչ վերաբերում է հայկական բանակի այսօրվա իրավիճակին, արդյոք նման կտրուկ գործողությունների կարո՞ղ է գնալ մեր բանակը, թե ոչ, Մանգասարյանն ասաց, որ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել՝ կկարողանա՞նք այդ խնդիրը լուծել, կոմպոնենտները հերթով պետք է ծանրութեթև անել, հասկանալ, թե կարող ենք այդ օպերացիան իրականացնել:

«Մենք հետախուզության վարչության պետ չունենք, կարևոր վարչություններ կան, որոնց ղեկավարի տեղը թափուր է, կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանին ձերբակալեցին վերջերս: Դրանք փոքր-փոքր ֆակտորներ են՝ զինվորականությունը տեսնում է, որ իրենց գործընկերներին ձերբակալում են տարբեր առիթներով, այդ ամեն ինչը ազդում է բանակի վրա»,- նկատեց Վիտալի Մանգասարյանը: