Ուղեղների լվացում
Մի կողմից՝ կարելի է տարբեր բառախաղեր, մանիպուլյացիաներ կիրառել, ասել` 3 անգամ բարձրացրել եմ թոշակները, կամ` Արցախը դեռ 1991 թվին էին ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանի 86,6 ք/կմ-ն ճանաչել եմ, որ պահպանեմ Հայաստանի ինքնիշխանությունը, եւ մարդիկ օրեր, ամիսներ կարող են հերքել ու պարզաբանել, ճշտել ու ժխտել, բայց իր ասածը կհասնի ամենավերջին գյուղում ապրող մարդուն, իսկ հերքումներն ու պարզաբանումները կլսեն նրանք, ում ամեն ինչ պարզ է` առանց այդ պարզաբանումների: Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ մենք դաժան պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ, ապա սուսուփուս աշխատանքից ազատել թիմակից կոռուպցիոներներին, որոնք կանցնեն այլ աշխատանքի, կգնան մասնավոր սեկտոր կամ էլ Միացյալ Նահանգներ` գռփածը վայելելու:
Կարող է նաեւ նայել մարդկանց աչքերին եւ հայտարարել. «Ուզում է իշխանության հանրահավաքին տանեն, ուզում է` ընդդիմության հանրահավաքին տանեն...եթե մարդ գտնվի, ով մյուսին տանում է ինչ-որ հանրահավաքի, այդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, նա կդադարի լինել իմ հարազատ մարդը։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք...»:
Եվ այս հայտարարությունը լսողների մեջ կլինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրոք այդպես է: Որ իսկապես` Տիգրան Ավինյանի բակային այցերին մասնակցում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ թալինցի այն հայտնի անձնավորությունը, Մեղրիի ՔՊ-ական պարտված թեկնածուն, Աբովյանի գարեջրատան տեր տիկինը բացառապես ներքին մղումից դրդված են եկել Երեւան` ՔՊ-ի ընտրությանն աջակցելու: Ու ոչ ոք չի հարցնի` իսկ ինչո՞ւ է առայսօր բանտում վանաձորցի Մամիկոն Ասլանյանը, ում միակ մեղքն ընտրություններում հաղթելն էր:
Կարծիքներ