Ոչ թե նախագահ, այլ՝ ընդդիմադիր գործիչ Զուրաբիշվիլի․ կրքերը թեժանում են

Ոչ թե նախագահ, այլ՝ ընդդիմադիր գործիչ Զուրաբիշվիլի․ կրքերը թեժանում են

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցության անդամները որոշել են այլևս նախագահ չանվանել Սալոմե Զուրաբիշվիլիին՝ այդկերպ ամբողջովին անտեսելով նրա կարգավիճակը։ 

Նրա խոսքերը մեջբերում է Newsgeorgia.ge պորտալը։

«Նա չունի լեգիտիմություն ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից, իրեն ընտրած մեծամասնությունից։ Ուստի մենք նրան նախագահ չենք անվանի, այլ պարզապես Սալոմե Զուրաբիշվիլի․ ընդդիմադիր քաղաքական գործիչ»,- ասել է Մդինարաձեն։

Հոդվածում նշվում է, որ այդպիսի հայտարարություն է արվել Զուրաբիշվիլիի՝ կառավարության հետ չհամաձայնեցված հերթական եվրոպական պետություն՝ Ֆրանսիա կատարած այցի ֆոնին։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունում պնդում են, թե նախագահը պարբերաբար խախտում է երկրի սահմանադրությունը՝ իր արտերկրյա այցերը նախարարների կաբինետի հետ չհամայնեցնելու հետևանքով։ Վերջերս Զուրաբիշվիլիի դեմ նույնիսկ իմպիչմենտի գործընթաց էր սկսվել նույն հիմքով։