Արժանապատվության բացակայությունը

Արժանապատվության բացակայությունը

Չգիտեմ՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, թե «ժողովրդավարության փայլուն աստղ» և կամ «ժողովրդավարական երկրների էլիտար ակումբի անդամ», բայց գիտեմ հստակ՝ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող նիկոլական «ուսապարկերը» գտնվում են Նիկոլի կրնկի տակ: Իսկ Ազգային ժողովը, հիշեցնեմ, ընտրողների առաջնային մանդատով օժտված անձանց հավաքատեղի է: Եվ նրանց իրավունք է ընտրել կամ հրաժարական պատադրել երկրի վարչապետին: Չգիտեմ՝ ինչպիսի բարեփոխման է ենթարկվել «նիկոլական» ոստիկանությունը, բայց գիտեմ հստակ՝ այն ավելի վայրագ է, քան էր նախկինների օրոք: Չգիտեմ՝ ինչպիսին էին քննչական կառույցները (դատախազությունն էլ հետը) նախկինների օրոք, բայց հաստատ իրենց «աշխատունակությամբ» զիջում էին «նիկոլականներին»:

Նիկոլի օրոք օր չի լինում, որպեսզի գործ չթխվի ընդդիմադիր այս կամ այն ակտիվ անձի նկատմամբ: Կարող եմ ասել, որ միակ համակարգը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո որոշակիորեն բարեփոխվել է, այսինքն՝ դարձել է ավելի անկախ, դատականն է: Իհարկե, ոչ ամբողջապես, այլ առանձին ներկայացուցիչների առումով: Եվ դա էլ ոչ թե Նիկոլի՝ հինգերորդ տարին թևակոխող վարչապետության, այլ հենց դրա դեմ լինելու շնորհիվ: Որովհետև մարդիկ գրագետ են ու նաև օժտված արժանապատվության զգացումով: Եվ փորձում են պահպանել իրենց դեմքը՝ մերժելով «վնգստացող» լինելու՝ իրենց հասցեին արված թերուսի բնութագրումը: 

Հենց արժանապատվության զգացումն է, որ բացակայում է պետական կառավարման և իրավապահ համակարգի ներկայացուցիչների գերակշռող մեծամասնության շրջանում: Նախկինների դեմ պայքարի տարիների ընթացքում խոսվում էր այդ երևույթի անթույլատրելիության մասին: Խոսվում էր, որ 21-րդ դարում, երկու կողմից թշնամիներով շրջապատված երկրում մենք չենք կարող մեզ թույլ տալ լինելու ոչ արժանապատիվ: Մենք չպետք է լինենք ստրկամիտ ու ճորտացված, որովհետև մեր պայթունավտանգ տարածաշրջանում նման հասարակությունն ապագա ունենալ չի կարող: Եվ 2018-ի ապրիլյան իրադարձություններն էլ կարծես գարնանային զարթոնքի շունչ հաղորդեցին մեր հավաքական հոգուն: Բայց կյանքը ցույց տվեց, որ 2018-ի գարունը մեզ ոչ թե զարթոնք պարգևեց, այլ ավելի խորը մխրճեց նախկինում առկա՝ անընդունելի երևույթների հորձանուտը: Եվ «դուխով» մակագրությամբ գլխարկով Նիկոլը ոչ թե այն անձն է, ով արժանապատվության զգացում է սերմանելու յուրաքանչյուր հայաստանցու հոգում, այլ կեղծ հպարտության քողի ներքո փորձելու է վերացնել այդ զգացման վերջին փշրանքները: Արդյունքում ստրկամտությունն ու ճորտացված գոյաձևը ոչ թե անհետացան, այլ դարձան միակ հնարավորը կեղծ ժողովրդավարության պայմաններում:

Ասվածի վկայությունն է Նիկոլի՝ հինգերորդ տարին թևակոխող վարչապետության օրերին դեռևս հնչող՝ «բա նախկինների ժամանակ...» արտահայտությունը: Նախ, այդ արտահայտությունն այն կիսագրագետ զանգվածների մտածելակերպի դրսևորումն է, որոնց վրա՝ իրավապահներից բացի, հիմնված է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անձնական իշխանությունը: Իսկ նման մտածելակերպ ունեցողները, բնականաբար, չեն գիտակցում, որ 2018-ի մայիսից այս կողմ չպետք է տեղի ունենար որևէ այնպիսի երևույթ, որը հետո արդարացվեր վերը նշված արտահայտությամբ: Եթե դա այդպես չէր լինելու, ապա ո՞րն էր Նիկոլի կողմից իրականացված իշխանափոխության իմաստը: Երկրորդ, այդ արտահայտությունը, զարմանալիորեն, իրենց գրագետ համարող նիկոլական «ուսապարկերի» կողմից ևս հաճախ օգտագործվողներից մեկն է: Ենթադրում եմ, որ արևմտյան թրեյնինգների (ուսուցում, դասընթաց) մասնակցած կամ նույնիսկ կարճ ժամանակաշրջան բուհերում ուսանած «ուսապարկերը» չունեն այնքան մտածողություն, որ հասկանային վերը բերված հարցադրման իմաստը:

Ընդհանրապես գիտակցեին, որ փոփոխությունների և այդ թվում՝ հեղափոխությունների, դրդապատճառը և բնականաբար իմաստն այն է, որպեսզի բացառվեն նախկինում գոյություն ունեցող երևույթները: Չնայած ինձ թվում է, որ Նիկոլի իշխանության հենարան ծառայող զանգվածների ազդեցությամբ նույն մտածելակերպն է որդեգրել նաև իրենց կենսագրականում արևմտյան այս կամ այն բուհն ու թրեյնինգը հիշատակած նիկոլական շրջապատը: 
Այնպես որ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին իշխանությունից զրկելն անհրաժեշտ է ոչ միայն Արցախն ու Հայաստանը պահպանելու, այլև մեր ժողովրդին իր արժանապավությունը վերադարձնելու, հայաստանցուն և աշխարհի բազմաթիվ անկյուններում բնակվող հային իր հպարտությունը վերադարձնելու նպատակով: Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելն անհրաժեշտ է, որպեսզի արմատախիլ արվեն ստրկամտությունն ու ճորտացված գոյաձևը: Որպեսզի կյանքի կոչվի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ «21-րդ դարը մերն է լինելու» պատգամը: