Ի՞նչ նպատակ է հետապնդում Մանվելին ազատելը

Ի՞նչ նպատակ է հետապնդում Մանվելին ազատելը
Ստանիսլավ Զասի

Օրերս Տաջիկստանի նախագահը ստորագրեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու մասին որոշման նախագիծը: Ավելի վաղ նախագիծը ստորագրել էր Բելառուսի նախագահը: Իսկ մինչ այդ փաստաթղթին հավանություն էին տվել նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները:

Զասի նշանակման համար բացակայում է միայն Հայաստանի ստորագրությունը: Եվ ահա, այն պահին, երբ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ կառույցի ղեկավարումը Հայաստանից վաղաժամկետ վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու մասին փաստաթուղթ են ստորագրում, Հայաստանի ներքաղաքական կյանքում այլ իրադարձություններ են զարգանում:

Բոլորի համար անսպասելի՝ բանտից ազատվում է Մանվել Գրիգորյանը: Անսպասելի, որովհետեւ 10-14 օր առաջ էր դատարանը երկու ամսով երկարացրել նրա կալանքի ժամկետը: Հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ երկու շաբաթում, որ դատարանը փոխեց որոշումը: Պայմանավորել դա Գրիգորյանի առողջական վատթար վիճակով, ինչի մասին սիրում են խոսել նրա փաստաբանները, միամիտ կլինի, որովհետեւ ծանր հիվանդին կալանավայրից ոչ թե տուն են տանում, այլ շտապօգնության մեքենայով՝ հիվանդանոց:

Եվ հետո, Գրիգորյանի արտաքին տեսքից էլ երեւում էր, որ նրա առողջությունն այնաստիճան քայքայված չէ, որ անհամատեղելի լիներ բանտային կյանքին: Ուրեմն ի՞նչը ստիպեց դատարանին փոխել խափանման միջոցը եւ նրան դուրս թողել:

Կարելի է կարծել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Մանվել Գրիգորյանին ազատելու որոշումը զուգադիպություն է: Բայց քանի որ քաղաքականության մեջ զուգադիպություններ գրեթե չեն լինում, ուրեմն ենթադրվում է, որ Գրիգորյանին ազատելու նպատակը հանրության ուշադրությունը շեղելն է ՀԱՊԿ-ում կատարվող իրադարձություններից:
Եվ քանի որ Մանվել Գրիգորյանն ակամա կատարեց իր առջեւ դրված խնդիրը՝ փոխելով քննարկման վեկտորը, իշխանությունն էլ պարտավորվեց «աչքի լույսի» պես պահել-պաշտպանել նրա կյանքը:

Մանվելի անվտանգությունն ապահովելու համար շուրջօրյա հերթապահություն է սահմանվել Ակնալճի նրա առանձնատան մոտ: Ոստիկանությունը 24 ժամ հոգում է, որ «օձն իր պորտով», «հավքն իր թեւով» չսողոսկի մի մարդու տարածք, որը բանակից զենք է գողացել, զինվորից՝ հաց, որի բարոյականության նշաձողը զրոյից էլ է ցածր: Մարդ, որի ազատության դեմ քաղաքացիներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում, որին ժողովուրդն ազգի դավաճան է ասում:
ՀԳ. Փաստորեն, պետության համար Մանվելի կյանքն ու անվտանգությունն ավելի կարեւոր են, քան կաթողիկոսինը: Մերժելով եկեղեցու առաջնորդի անվտանգությունն ապահովելու մասին օրինագիծը՝ իշխանությունները չեն էլ փորձում պաշտպանել հայոց հայրապետի կյանքը նույնիսկ այն դեպքում, երբ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը ոտնձգություններ է անում կաթողիկոսի դեմ: