Ես միշտ եմ համարձակ եղել
«Հրապարակի» հարցազրույցը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ․
- Տիկին Սիլվա, ՀՔԾ-ից հայտնեցին, որ Ձեր անվտանգությունն ապահովվում է։ Դուք կարեւորագույն վկա եք Սամվել Մայրապետյանի, Արամ Հարությունյանի 14 մլն դոլարի կաշառքի գործերով։ Ո՞ր գործերով եք ավելի անհանգիստ։
- Հիմնականում Արամն է, էլի։
- Սպառնալիքներ ստացե՞լ եք։
- Չեմ ստացել։ Հիմա ի՞նչ իմանանք՝ էս կյանքում կարո՞ղ ենք վստահ լինել։
- Ո՞նց ստացվեց, որ Դուք բոլոր այդ մարդկանց դեմ ցուցմունք տվեցիք։ Դուք, փաստորեն, ամենահամարձակ կինն եք։
- Ես միշտ եմ համարձակ եղել։ Եթե ես պայմանավորվում եմ, ես իմ գործն անում եմ, բայց եթե դիմացինը չի անում, ինքը կպատժվի։
- Իսկ որ Ձեզ համարում են գործի՞ք իշխանությունների ձեռքին։
- Ինձ ոչ ոք չի կարող գործիք համարել։ Ես դա 2015-ից եմ անում՝ նախորդ իշխանությունների ժամանակվանից, մի մոռացեք։ Ես վերջին անգամ Արամին տեսել եմ փետրվարին, երբ ինքը մարզպետ էր, գնացի ասացի՝ ի՞նչ ես որոշել, ինքը մինչեւ էդ խաբում էր՝ էս կանեմ, էն, էդ օրն ինձ ասաց՝ գնա, ինչ ուզում ես արա, բան չունես ստանալու (14 միլիոն դոլարը)։ Ասացի՝ լա՞վ ես մտածել, ասաց՝ այո։ Եվ մարդիկ խառնեցի, ես գործարար էի, չէի ուզում իմ անունը դուրս գար, բայց ինքը բոլորին նույնն էր ասել։ Եվ միայն սեպտեմբերի 1-ին 6-րդ վարչությունում ես տվել եմ հայտարարություն։ Այսինքն՝ ես սա արել եմ նախկին իշխանությունների օրոք, եւ նրանք էլ հովանավորել էին, որ դու քո փողը կստանաս։ Ես չստացա իմ փողը, իրենք ստացան երեւի։
- Տեղեկություններ են շրջանառվում, որ Արամ Հարությունյանը փախել է, Հայաստանում չէ։
- Ես հարցրեցի քննիչից, ինձ ասաց՝ քաղաքում է, չէր կարող փախնել, քանի որ ստորագրություն ունի երկրից չհեռանալու մասին, իր անունն էլ տրված է սահմանապահներին։ Ես կարծում եմ, որ երբ ԱԺ առաջին նիստը կայանա, արդեն Արամ Հարությունյանը չի համարվի դեպուտատ։ Եվ հենց Արամ Հարությունյանը կալանավորվեց, համարեք, որ էդ գործն ավարտված է։ Արդեն իր վրա հենց իր մարդկանց կողմից ցուցմունքներ կան, իր մտերիմներն ասել են, որ էդ փողն իրենց չի պատկանել, նրանն է եղել, բերել են, տվել են իրեն։ Գագիկ Կարապետյանն էլ փախած է։
- Ինչ-որ առերեսումներ, քննչական գործողություններ եղե՞լ են։
- Քանի որ իմ ցուցմունքներն իրենց հետ հակասական չեն, առերեսումներ չեն եղել։ Բայց ինձ հետ երբեք չի առերեսվել Գագիկ Կարապետյանը, ինչը 2015 թվականից պնդել եմ, չեն արել։ Երբ կալանավորեն իրեն, իր հետ կլինի առերեսում, մեկ էլ՝ Արամ Հարությունյանի։
- Արմեն Գեւորգյանի հետ կապված էլ ցուցմունքներ եք տվել, չէ՞։
- Չէ, Արմեն Գեւորգյանի հետ կապված երբեք ցուցմունք չեմ տվել։ Ինձ ասել են՝ գումարն ինչո՞ւ եք փոխանցել Մայրապետյան Սամվելին, ես ասել եմ։ Ես մի բան էլ ուզում եմ ասել Մանվել Գրիգորյանի հետ կապված։ Նա միայն տուշոնկայի եւ զինամթերք պահելու մեղադրանքներով չպետք է դատվի, այլեւ՝ բռնաբարությունների։ Մանվել Գրիգորյանն էս քսան տարի է՝ ասում է՝ հիվանդ եմ, եթե հիվանդ է, վաղուց սատկած կլիներ, ինքը պետք է սատկի բերդում։ Էդքան երեխեքի տուն է քանդել։ Էն երեխեքը, որոնց բռնաբարել է, էն երեխու հերը, որ հետեւից էր գնացել, ի՞նչ են անում հորը… խուլիգանը։ Դրա համար ինքը պետք է սատկի, բերդում իրեն պետք է տենց անեին, որ չմոռանար էդ երեխեքի աչքերը։ Երեխեք կան՝ հոգեկան հիվանդներ են դարձել, գիտե՞ք դրա մասին։
Նաեւ ուզում եմ իմ կողմից հայտարարություն անել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք սփյուռքի նախարարություն չի ունեցել։
Դա ստեղծել էին «իմեննը» Հրանուշ Հակոբյանի համար։ Սփյուռքի նախարարությունը որ չկար, արտաքին գործերի նախարարությունում հսկա վարչություն կար եւ շատ ավելի լավ էր աշխատում, քան սփյուռքի նախարարությունը, որ էսօր խոսում են։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել սփյուռքի նախարարություն։ Եվ ինչ է՝ չե՞ն տեսնում, որ էսքան նախարարություններն էս փոքր ժողովրդի համար շատ-շատ են։ Էնքան պարապ մարդիկ կան այնտեղ, պետք է նրանք գնան, մի բան ստեղծեն, աշխատեն։ Չի կարելի, որ Հրանուշի համար պետությունից էդքան մարդ փող ստանա ու չաշխատի։ Ես հո լավ գիտեմ, Դուք լավ գիտեք՝ ես կյանք եմ անցել։ Եվ բոլոր սփյուռքի մարդիկ, բոլորն ասում են, որ ԱԳՆ-ի խոսքն է կարեւոր։ Ես սա ասում եմ դրսի ժողովրդի անունից։
- Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ գույքահարկի խնդիր եք ունեցել․ չվճարելու պատճառով Ծաղկաձորի քաղաքապետարանը դիմել էր դատարան։
- Վճարված է․ 400 հազար գույքահարկ է, 215 հազար էլ՝ հողի հարկ։
- Իսկ ինչո՞ւ էր բանը հասել Ձեզ դատի տալուն։
- Ես չեմ իմացել, իմ կողքի հարեւանին եմ տվել, որ ինձ տա, ես այնտեղ չեմ ապրում, չի տվել։ Հետո ես եմ գնացել անձամբ, ասել եմ՝ ինձ ինչի՞ չեք ուղարկում գույքահարկի, հողի հարկի վճարները, իրենք էլ ասում են՝ բա տվել ենք Մարիետային։ Ասացի՝ ինձ չի տվել, ասեք՝ վճարեմ։
Կարծիքներ