Իսկ սփյուռքի կառույցների կարծիքը հարցրե՞լ են

Իսկ սփյուռքի կառույցների կարծիքը հարցրե՞լ են
Ֆիրդուս Զաքարյան

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (2010-2018), ՀՀԿ խորհրդի անդամ Ֆիրդուս Զաքարյանի  համոզմամբ՝ իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում՝ վերացնելով սփյուռքի նախարարությունը։ Նա համոզված է, որ մոտ ապագայում սփյուռքահայերի ճնշմամբ այն նորից կվերականգնվի։

- Սփյուռքի նախարարությունը փակվելու է, ԱԳՆ-ն է իրականացնելու այդ գործառույթը, ինչպե՞ս կգնահատեք այս քայլը։

- Ես մնում եմ այն կարծիքին, որ առանձին կառույց է պետք, 7 միլիոնանոց հայկական սփյուռքն ունի դրա կարիքը, եթե հիմա դա չենք անում, նշանակում է՝ չենք տեսնում սփյուռքի դերակատարությունը մեր պետության հզորության, զորացման հարցում։ Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտ կառույց է, եւ պետք է դա մնա, պահպանվի, զարգացվի, նոր նախագծեր կյանքի կոչվեն, այնպես որ, համոզիչ չէ… չնայած համոզելու խնդիր էլ չեն դնում, միանգամից ասում են՝ չպետք է լինի այս կառույցը, բայց կարծում եմ, որ պետք է մասնագետների փաստարկված կարծիք լինի, ամեն դեպքում, ես փաստարկված որեւէ կարծիք չեմ տեսել, որ հիմնավորի լուծարումը։

- Լուծարման կողմնակիցներն ասում են, որ այն դերակատարում չի ունեցել, ավելին՝ ստեղծվել էր հատուկ Հրանուշ Հակոբյանի համար։

- Դա նույնն է, որ ես դատողություններ անեմ գյուղատնտեսության նախարարության մասին։ Սփյուռքի նախարարության մասին կարծիքներ պետք է լսել հենց սփյուռքահայերից, լավ կլիներ, որ պատահականության սկզբունքով վերցնեին սփյուռքի հարյուր համայնքներից գոնե մեկական կառույց, զանգահարեին եւ կարծիք հարցնեին, գոնե կասեին, որ՝ այ, տեսեք, զանգել ենք 100 երկրների, օրինակ, 70 կառույցներից հայտնում են, որ վատ են աշխատել, եւ պետք է փակել այդ կառույցը։ Ինձ համար համոզիչ չէ այս գործունեությունը, եւ չկասկածեք, որ սա հետագայում իր բացասական հետքը կթողնի Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վրա։

- Համեմատություն ունե՞ք՝ երբ  տարիներ առաջ չկար սփյուռքի նախարարություն, ի՞նչ վիճակ ունեինք, եւ նախարարությունն ի՞նչ նշանակալի գործունեություն է իրականացրել։

- Այ, տարիներ առաջ որ չի եղել, սփյուռքից անընդհատ ձայներ են եղել, որ ոչ միայն հայրենիքի հետ պետք է մշակութային կապեր լինեն, այլ պետք է ունենան նաեւ տնտեսական, քաղաքական, տարբեր բնույթի կապեր։ Այսինքն, սփյուռքի ձայնը լսելու արդյունքում է ստեղծվել այդ նախարարությունը։ Հայաստան-սփյուռք համաժողովների ժամանակ մեր հայրենակիցները բազմիցս այդ հարցը բարձրացրել են, եւ դրան համահունչ է ստեղծվել։ Եթե համեմատում ենք անցյալի հետ, պետք է ասել, որ հայաստանաբնակներն ու սփյուռքահայերն ունեին նաեւ գաղափարական տարաձայնություն, բավական է ասել, որ խորհրդային տարիներին մենք չէինք կարող ցեղասպանության մասին խոսել՝ որպես պետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկի, բայց այսօր ցեղասպանության հարցը համահայկական խնդիրներից մեկն է, Ղարաբաղի հարցը՝ նույնպես։ Այսինքն՝ մենք այլեւս տարաձայնություն չունենք սփյուռքի հետ, իսկ այս  միասնությունն ապահովելու համար հարկավոր էր մեկ ընդհանուր մարմին, եւ սփյուռքի նախարարությունը փորձում էր դա անել։

- Կարծիք կա, որ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը միայն գրքեր ու մեդալներ բաշխելով էր զբաղված, դա է եղել նրա հիմնական գործը։

- Սփյուռքի նախարարության հիմնական նպատակը, գործառույթը եղել է սփյուռքում հայապահպանության խնդիրը, մեր բոլոր միջոցառումները բխել են այս գաղափարից, եթե արել ենք «Արի տուն» ծրագիրը, ցանկացել ենք, որ սփյուռքահայերը գան, հայրենիքը ճանաչեն։ Եթե արել ենք «Իմ Հայաստան» համահայկական փառատոն, ապա ուզեցել ենք, որ սփյուռքահայերը գան, իրենց գիտելիքները դրսեւորեն այստեղ։ Այսինքն՝ մենք նպաստել ենք, որ սփյուռքում հայերն ապրեն հայեցի կյանքով, եթե մենք դա չանեինք…կամ եթե արել ենք ու վատ ենք արել, թող նոր ուժերը լավն անեն։ Բայց սա մի խնդիր է, որ պետք է շարունակական լինի, սփյուռքը չի կարող երկարատեւ գոյություն ունենալ, այն այսբերգի նման անընդհատ հալվում է,  ծրագրերը, որ մենք իրականացրել ենք, նպաստել են, որ սառույցը չհալվի կամ քիչ հալվի։ Հսկայական աշխատանք է կատարվել, որոնց մասին եթե ասեմ, ինքնագովություն կդիտվի, կամ կասեն՝ գործազուրկ է, ՀՀԿ-ական է, դրա համար է ասում, այդ պատճառով եմ ասում՝ թող դիմեն սփյուռքի կառույցներին, նրանք ասեն։

- Իսկ ԱԳՆ-ն չի՞ կարող այդ գործառույթն իրականացնել։

- Երբեմն բաներ կան, արտակարգ իրավիճակներ, որ մի բաժինը չի կարող այնպես անել, ինչ նախարարությունը։ Օրինակ, երբ սիրիահայերը եկան Հայաստան, այնպիսի խնդիրներ առաջադրեցին, որ մի բաժինը երբեք դրանք չէր լուծի։ Եվ քանի որ կառույցն ուներ ղեկավար-նախարար, որն անմիջականորեն կարողանում էր կառավարության, երկրի նախագահի առջեւ խնդիրները բարձրաձայնել, կարողացանք այդ խնդիրները ժամանակին, օպերատիվ լուծել ու այսօր էլ ասել, որ 17-20 հազար սիրիահայեր ինտեգրվեցին ներհայաստանյան կյանքին։

- Հիմա եթե սփյուռքյան կառույցները լռում են, կարո՞ղ ենք ասել, որ համաձայն են նախարարության կազմալուծմանը։

- Իսկ ո՞վ ասաց, որ լռում են, ես լսել եմ Դաշնակցության հայտարարությունը, ռամկավարների արձագանքը, ՀՕՄ-ին հարցրեք, բազմաթիվ կառույցներ կան, հարցրեք, եւ անհնար է, որ չասեն։

- Սփյուռքահայերից մենք հիմնականում լսել ենք, որ իշխանություններն իրենց վերաբերվել են որպես «կթու կովի», որից միայն պոկել են։

- Ես էլի եմ ասում՝ զանգեք սփյուռքի կառույցներին, իրենց հարցրեք, գուցե ես օբյեկտիվ չեմ ընկալվում, բայց պնդում եմ, որ չի կարելի ոչնչացնել այդ կառույցը, մենք շատ մեծ վրիպում ենք թույլ տալիս, եւ չկասկածեք, որ ինչ-որ ժամանակ հետո սփյուռքահայերը կբարձրաձայնեն, ու նորից նախարարություն կստեղծենք, եթե այսօր փակենք։