ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը երեկ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը եւ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են եւս 5-ը: «Հոկտեմբերին ունեցել ենք ամփոփիչ քննարկում՝ արձանագրելով ծրագրի արդյունավետությունը եւ դրա ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հուշագիրը եւս մեկ անգամ փաստում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առաջնահերթություններից է, եւ պետություն-մասնավոր համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ունենանք հաջողություններ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունն էլ ավելի է խորանալու: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններին՝ ընդգծելով, որ առանց վերջիններիս աջակցության չէր արձանագրվի նման հաջողություն:

«Մի փոքր դժվարություն կա՝ նոր դպրոցների ներառման հետ կապված, քանի որ համապատասխան մասնագետներ գտնելու եւ նրանց վերապատրաստելու խնդիր կա: Սակայն այս հարցը եւս հաջողությամբ լուծելու ենք եւ առաջ գնալու: ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալը նշանակում է ոլորտը սպասարկող լրացուցիչ ծառայություններ մատուցող նոր աշխատատեղեր»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ծրագրում կներգրավվեն նաեւ մարզերի ավագ դպրոցները, քանի որ ապակենտրոնացումը եւ մարզերի համաչափ զարգացումը եւս կառավարության առաջնահերթություններից են՝ առավել եւս, որ փորձնական ծրագրում ներգրավված Գյումրիի եւ Վանաձորի դպրոցները հանդիսացել են ծրագրի առաջամարտիկներ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զարգացման առաջնահերթություն, եւ եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,- նշել է նա:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կարեւոր է, որ բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին: «Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռեւս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաեւ մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,-նշել է բանախոսը:

«Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարում աշխարհը տնտեսական նոր հեղափոխության շեմին է: «Որպես Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություն՝ մեր ամբիցիաները բարձր են: Վստահ եմ, որ մեր երկիրը պետք է հեղափոխություն ապրի նաեւ տնտեսության մեջ, իսկ դրա կարեւոր ուղղություններից մեկը ՏՀՏ-ն է: Առանց որակյալ կրթության հնարավոր չէ հասնել հաջողության՝ ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես առանձին ընկերություն»,-ընդգծել է նա: ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ փորձնական ծրագրի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 20 ուսուցիչ, շուրջ 2800 աշակերտ կրթություն է ստացել ՏՀՏ բնագավառում: «Ոգեւորիչ է այս հարցում ԿԳՆ-ի աջակցությունը, եւ մենք հույս ունենք, որ ծրագրի արդյունքում հիմնարար գիտելիքներով օժտված ավելի մեծ թվով աշակերտներ կունենանք»,- ընդգծել է Էդուարդ Մուսայելյանը:

Նշենք, որ, համաձայն հուշագրի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը, կմշակի, կլրամշակի եւ կհաստատի այդ առարկաների չափորոշիչները եւ ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաեւ կաջակցի դրա հանրային իրազեկմանը: «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշիչի եւ ծրագրի մշակմանը եւ կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: «Յունիքոմփ» ընկերությունը նաեւ տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների եւ համակարգչային ցանցի սպասարկմանը: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաեւ կիրականացնի ծրագրի մոնիթորինգը եւ դպրոցների ընտրությունը: