Առաքել եպիսկոպոսը հերքում է, բայց փաստերն այլ բան են ասում

Առաքել եպիսկոպոսը հերքում է, բայց փաստերն այլ բան են ասում

Այսօր լուր էինք հրապարակել, որ ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քարամյանը Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանի որդին է։ Թեմայի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն, առաջին անգամ մեզնից են լսում։ Խնդրեցինք փոխանցել Առաքել եպիսկոպոսի քաղաքացիական անունը, պատասխանեց․
«Մնացյալ պարզաբանումների համար, եթե պատշաճ եք նկատում, կարող եք դիմել Առաքել արքեպիսկոպոսին։ Շնորհակալություն»։ 

Նշենք նաև, որ Armdaily.am-ի հետ զրույցում Առաքել եպիսկոպոսը հերքել էր՝ ասելով, որ իր որդին չէ, այլ հորեղբոր թոռը, իսկ հարցին, թե ի՞նչ է իր քաղաքացիական անուն-ազգանունը, Առաքել եպիսկոպոսը պատասխանել է․«Չհասկացա, հիմա դուք հեռախոսով ինչ եք ինձ ուզում ասել։ Ես ասում եմ, որ իմ ազգանունը Քյարամյան է և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչու եք զանգահարել։ Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։

ՀՀ կենտրոնական ընտրական կայքի ընտրողների ռեգիստրի տվյալներով Հայաստանում Արգիշտի Քյարամյան անուն-ազգանունով ընդամենը մի հոգի կա, որի հայրանունը Էլբեկ է։ Էլբեկ Քյարամյան անուն- ազգանունը որոնելիս ԿԸՀ պաշտոնական կայքը կրկին մեկ տվյալ ցույց տվեց՝ Էլբեկ Երեմի Քյարամյան, գրանցման հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Երանոս։

Նշենք, որ Մայր Աթոռի պաշտոնական կայքում նշված է, որ Առաքել Եպիսկոպոսը ծնվել է հենց Երանոս համայնքում։ Բացի այդ՝ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Էլբեկ Քյարամյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, իսկ Orthodoxia.ch կայքում նշված են Առաքել եպիսկոպոսի կամ Էլբեկ Քյարամյանի տվյալները, որտեղ կա նաև կոնտակտային հեռախոսահամար՝ (374) 223 60629, սա, իմիջիայլոց, Կոտայքի թեմի հեռախոսահամարներից մեկն է։

Այսինքն՝  Orthodoxia.ch կայքի տվյալներով Առաքել եպիսկոպոսի քաղաքացիական անունը Էլբեկ է, իսկ ՀՀ-ում Էլբեկ անունով գրանցված մի հոգի կա, և ԿԸՀ տվյալներով, համենայն դեպս դե յուրե, Էլբեկ Քյարամյանը Արգիշտի Քյարամյանի հայրն է։