Շշի Մելոյի որդին չկալանավորվեց

Շշի Մելոյի որդին չկալանավորվեց

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալ 1995 թվականին ծնված Շանթ Մանուկյանը՝ Շշի Մելոյի՝ Մելիք Մանուկյանի որդին չի կալանավորվել ։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին նաև քննչական կոմիտեից․ Օրերս մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։ Փոխարենը կալանավորվել է միջադեպի 1984 թվականին ծնված  մասնակիցը։

« Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանում մի քանի անձինք կրակել էին իրար վրա։ Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ ,10-րդ կետերով, 34-104 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 6-րդ, 7-րդ,10-րդ 40-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ սպանություն, սպանության փորձ՝ զենքի գործադրմամբ ,նաև՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը։