2021-ին ճանապարհ ու դիրք հանձնելիս էլ էր պատերազմի վտանգի մասին խոսում

2021-ին ճանապարհ ու դիրք հանձնելիս էլ էր պատերազմի վտանգի մասին խոսում

Տավուշից հող հանձնելը պատերազմի սպառնալիքով բացատրելու փորձն առաջին դեպքը չէ` անցյալում էլ է Նիկոլ Փաշինյանը խոսել պատերազմի վտանգը կանխելու եւ դա կանխելու համար ադրբեջանցների պահանջները կատարելու մասին:

2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները նրանց հարցնում են` Սյունիքի դիրքերից զորքերի հետ քաշման հրամանը ինքը բանավո՞ր է տվել, թե՞ գրավոր: Խոսքը նաեւ Գորիս-Կապան մայրուղու մասին է, որի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանը զավթեց Քելբաջարի եւ մյուս տարածքների հետ գրեթե միաժամանակ:

Նա պատասխանել է. «Ես երբեւէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Գրավոր է եղել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգով է եղել: Քննարկում, այո, եղել է, ԱԱԽ նիստ չի եղել, բայց ԱԱԽ գործնականում բոլոր անդամները, ԱԳ նախարարը (Արա Այվազյանը` Խմբ.), որ ասում է, տեղյակ չեմ եղել, տեղակալը մասնակցել է այդ քննարկմանը, եւ որոշում է կայացվել: Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար: Իմ համոզմունքն այն է, որ եթե այդ որոշումը չկայացվեր, պատերազմական գործողություններ էին լինելու եւ Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Որոշումը կայացվել է այն տրամաբանությամբ, բանակցային տրամաբանությունը եղել է այնպիսին, որ 7 շրջանները պետք է հանձնվեն, այդ տարածքները հանձնվել են՝ 7 շրջանների մաս լինելու բերումով»:

Ինչպես տեսնում եք` միշտ կարելի է ինչ որ բանով բացատրել հող հանձնելը. Մի դեպքում` 7 շրջանները հանձնելու տրամաբանության մեջ, Տավուշի դեպքում` Ալմաթիի հռչակագրով, Արցախի դեպքում` առհասարակ, ադրբեջանակն տարածք էր եւ վերջ: Բայց ամեն անգամ ետին պլանում միշտ պատերազմի վտանգն է: Եւ ակնհայտ է, որ եթե չկա հայրենիքը կործանելու ծրագիր ու մտադրություն, ուրեմն կա` անասնական վախ պատերազմից:

Արեգ Մարգարյան