Սպառնում են մեր անվտանգությանը, մեր ծնողների, երեխաների անվտանգությանը. Վարդան Բալյան

Սպառնում են մեր անվտանգությանը, մեր ծնողների, երեխաների անվտանգությանը. Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վեդիում ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների ավագանիների ամբողջ կազմով ինքնաբացարկը բառացիորեն ոչ այլ ինչ է, քան այլանդակություն: 

Նույնպիսի այլանդակություն է Երևանի ավագանիում նախաձեռնված անվստահության գործընթացը գործող քաղաքապետի դեմ հրապարակայնացված հիմքով: Ընդունենք Մարությանը հանդիպել է խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցություն ունեցող Հայաստան դաշինքի առաջնորդի հետ և ի՞նչ: Տեղի ունեցող զարգացումները մեկ անգամ ևս հաստատում են իմ պնդումը, որ Հայաստանում պետական իշխանությունը ձևավորող ուժերը չունեն և չեն էլ ցանկանում ձևավորել համատեղ քաղաքական ռիսկի գոտի, որ յուրաքանչյուր պետության անվտանգության հիմքն է: Ու եթե այդպես, իսկ այդպես է փաստորեն, այդ ուժերը ոչ միայն չեն կարող ապահովել պետության հիմնական՝ անվտանգության գործառույթի արդյունավետ իրականացումը, այլև իրենք են վերածվում անվտանգային սպառնալիքի աղբյուրի: 

Ու սպառնում են մեր անվտանգությանը, մեր ծնողների, երեխաների անվտանգությանը: Անձնական ատելությունից կուրացած քաղաքական անմեղսունակներին թվում է, թե այս երկրում բոլորն իրենց կողմնակիցն են կամ ընդդիմադիրը՝ նիկոլական կամ հականիկոլական, քոչարյանական կամ հակաքոչարյանական, և այդպես շարունակ: Քաղաքացիական պատերազմ փափագող իդիոտներին վստահել ենք մեր հայրենիքի ճակատագիրը, նստել ենք թախտին, սպասում ենք բախտին»: