Գերագույն խորհուրդը այդպես էլ մնաց Հայաստանի միակ խորհրդարանը

Գերագույն խորհուրդը այդպես էլ մնաց Հայաստանի միակ խորհրդարանը

Լրագրող Նարինե Մկրտչյանը նոր նախաձեռնություն է սկսել, նա ձևավորում է նոր քաղաքական պլատֆորմ՝ «Քաղաքական լիգա» անվամբ։

Նախաձեռնության պատճառներից մեկն էլ, ինչպես նշված է հայտարարության մեջ, խորհրդարանում պարլամենտարիզմի բացակայությունն է։ Նարինե Մկրտչյանը «Հրապարակի» հետ զրույցում մի քանի կետով բացեց փակագծերը, թե ինչ է նշանակում պարլամենտարիզմի բացակայություն, չէ՞ որ անընդհատ հայտարարվում է, որ 7-րդ գումարման ԱԺ-ն միակն է, որ ձևավորվել է ժողովրդի կամքի արտահայտման արդյունքում․

«Ընդհանրապես խորհրդարանը քաղաքական մարմին է, այն ոչ միայն առաջարկում է օրենքի նախագծեր, ընդ որում ցավով պետք է ասեմ, որ Հայաստանում կառավարությունն է  օրենսդրական նախաձեռնությունների հիմնական հեղինակը, այն նաև քաղաքական մարմին է և պետք է հանդես բերի քաղաքական դիրքորոշում այս կամ այն խնդրի վերաբերյալ։

Նույնիսկ օրենքի մշակման հայեցակարգերը պետք է ունենան քաղաքական գաղափարախոսություն։ Իրավական դրույթներից զատ մենք պետք է նաև քաղաքական առանցքը հաշվի առնենք՝ կրթությունից ու մշակույթից սկսած, արտաքին քաղաքականությունից, միջպետական հարաբերություններից, պայմանագրերից, տնտեսությունից, հարկային օրենսգրքից, այդ ամենը  քաղաքականություն է։

Խորհրդարանի ներկա կազմից պարզ է դառնում, որ այն չի կարող այդ գործունեությունը իրականացնել։ Պարլամենտարիզմի ցուցիչներից մեկը նաև այն է , որ խորհրդարանը, ըստ էության, ներկայացուցչական հակակշիռ պետք է լինի, իսկ գործող սահմանադրությամբ բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը չի կարողանում ապահովել իշխանությունների տարանջատման սկզբունքը, այն ի սկզբանե կոչված է լինել գործադիր իշխանության կցորդը։ Սա նույնպես պարլամենտարիզմի կարևորագույն սկզբունքներից մեկի խախտում է։

Եվ մնացյալը, ինչ բնութագրում է խորհրդարանը իր պարլամենտական ավանդույթներով, չկա։ Պետք է ասենք, որ Գերագույն խորհուրդը այդպես էլ մնաց Հայաստանի միակ խորհրդարանը, դրանից հետո պարլամենտարիզմը անվերջ անկում ապրեց ամեն մի խորհրդարանական ընտրությունից հետո»։