Դուք էլ եք, չէ՞, ուզում տեսնել Աշոտյանի՝ 8 տարվա վաղեմության բոլոր զանգերը

Դուք էլ եք, չէ՞, ուզում տեսնել Աշոտյանի՝ 8 տարվա վաղեմության բոլոր զանգերը

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն էր։ Աշոտյանի հարազատներն ու բարեկամները, կուսակցական ընկերները դատարան էին եկել, քանի որ պետք է քննվեին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորությունները․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորներից 30-ը անձնական երաշխավորություն էին ներկայացրել Աշոտյանի ազատության համար, սակայն  մինչև դրանց քննությանն անցնելը դատավոր Վահե Դոլմազյանը այլ հարցեր էր քննարկում՝ խաղալով ներկաների նյարդերի վրա։ Նախ քննեց դատախազության կողմից գույքային հայցի թույլատրելիությունը, ապա եկավ այն եզրակացության, որ դատախազությունը չի կարող հայց ներկայացնել, որովհետև եթե վնաս է պատճառվել, ապա Բժշկական համալսարանին է պատճառվել, իսկ Բժշկականը, որքան էլ որ պետության հիմնադրածն է, բայց պետություն չէ, ուստի դատախազությունը չի կարող պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել։ Այս հարցից հետո անցավ ապացույցների իհետազոտության հաջորդականության հարցին։ Պաշտպանները պնդում էին, որ այդ հարցերը դեռ կհասցնեն քննարկել, իսկ մինչ այդ լավ կլինի անցնեն խափանման միջոցի հարցին։ Արմեն Աշոտյանն էլ անդրադառնալով ապացույցներին՝ ասաց․

«Ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ առնվազն իմ անձին վերաբերող քննչական գործողությունների տվյալները փոխանցվեն ինձ, որոնք կարող են որոշիչ և կարևոր ազդեցություն ունենալ իմ և իմ փաստաբանական թիմին՝ պաշտպանությունն իրականացնելու համար լրացուցիչ փաստարկներ ունենալու առումով։ Մասնավորապես, ես, օրինակ, ենթարկվել եմ արտաքին և ներքին դիտում օպերատիվ հետախուզական գործողությանը։ Ինձ ոտից գլուխ «պռասլուշկա» են արել, դիտել են, դրա տվյալները ևս չկա։ 8 տարվա վաղեմության իմ բոլոր զանգերը, հաղորդագրությունները վերծանել են, դրանց տվյալները կա՞ն քրեական գործի հատորների մեջ․ չկան։ Իմ հեռախոսը ենթարկել են թվային խուզարկության, օպերատիվ հետախուզական գործողության, կա՞ն այդ տվյալները, չկան։ Իմ անձի հետ կապված իրականացրել են հատուկ քննչական գործողություններ՝ դատարանների որոշմամբ, և այդ նյութերը չկան, գործի մեջ չեն։ Ես կարող եմ ենթադրել, թե ինչու չկան․ չկան, որովհետև մեջը բան չկա, որ ինձ դեմ տան, բայց որպեսզի չշահարկեմ, ես ուզում եմ այդ նյութերը տեսնել։ Դուք էլ եք, չէ՞, ուզում տեսնել Աշոտյանի՝ 8 տարվա վաղեմության բոլոր զանգերը։ Իսկ կարո՞ղ է մեջը բաներ կան, որոնք ապացուցում են, որ էս ամենի մեջ որևէ քրեական հիմք առնվազն առկա չէ։ Ես հիմա պահանջում եմ այդ որոշումները»,- ասաց Աշոտյանը, ապա բերեց մի օրինակ, թե ինչպիսի գործողություններ են կատարել իր վերաբերյալ քննչական մարմինները․

«Բնակարան ունենք, և այդ բնակարանը ինչպես բազում այլ հայեր, ռուս «այթիշնիկներին» տվել ենք վարձով, պայմանագիրը կա, ամեն ինչ օրենքով է, դա մինչև կալանավորվելս։ Կալանավորվելուց հետո վարձակալի հետ պայմանագիրը պետք է թարմացվի, փոխվի։ Ով այդ թեմայով զբաղվում է, գնում է ու պարզվում է, որ կադաստրում իմ գույքի վրա դրված է արգելանք․․․, ի՞նչ հիմքով, ընդհանրապես հիմք չկա։ Պարզվում է՝ քննչական խմբի ղեկավար քննիչի գրավոր դիմումով, առանց դատարանի որոշման  իմ գույքի վրա անցյալ տարվա օգոստոսից դրված է կամայական կալանք։ Այդ թուղթը, որը քննիչն ուղարկել է կադաստրի պետին, այդ գործերի մեջ չկա, ես չեմ տեսել։ Ժողովուրդը չգիտի, որ էդպիսի բան կա, մենք էլ չէինք իմանա, եթե ռուս այթիշնիկները մեզ նման  օրենքի նկատմամբ հետևողական չլինեին, չգնայինք, չիմանայինք այդ ամեն ինչը։ Այլ օրինակներ կարող եմ բերել, որ ինձ հետ կապված մարդկանց ՍԷԿՏ-ն է փակվել՝ առանց գրավոր հիմքերի, հետո նորից բացվել է, և այլն։ Ես ուզում եմ տեսնել, որ այդ 36 հատորը, որը հանրային մեղադրողները բերել են մեզ, բա թող մեջը մի քանի հատոր էլ դնեին, որոնք մեզ իրոք պետք էին ու իմ անձի հետ կապված։ Ես բոլոր նյութերը պահանջում եմ, ես ունեմ այդ իրավունքը»,- ասաց Աշոտյանը։

Հերթը հասավ խափանման միջոցների քննությանը, պատգամավորները ներկայացնում էին երաշխավորությունները։ Դոլմազյանը հերթով հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս են պատրաստվում ապացուցել Աշոտյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում, պատգամավորները պատասխանում էին, որ դա անելու են իրենց հեղինակության շնորհիվ։ Դատարանն իր որոշումը պետք է հրապարակի վաղը։