Կրճատե՞լ, թե՞ լուծարել` այս է խնդիրը

Կրճատե՞լ, թե՞ լուծարել` այս է խնդիրը

Կառավարությունը նախատեսել է առաջիկայում կրճատել նախարարությունների թիվը: Ինչ խոսք, մեր երկրի համար 17 նախարարություն ունենալը ճոխություն է, եւ, բնականաբար, անհրաժեշտություն է կառավարության կառուցվածքի օպտիմալացման խնդրի քննարկումը: Կառավարության կառուցվածքի օպտիմալացման ճանապարհին քննարկվում է որոշ նախարարությունների լուծարման տարբերակը կամ էլ մեկ այլ նախարարության կառուցվածքում որոշակի ձեւաչափով պահպանելը: 

Իրոք, դժվար է գրչի մեկ հարվածով հաստիքներ կրճատել, քանզի հաստիքի հետեւում մարդն է` իր մարդկային ճակատագրով:

Եվ ահա լուծարվում են նախարարություններ, որի արդյունքում կարող է վտանգվել ազգի արժեքային այցեքարտը: 

Նախարարությունները կարող են լուծարվել տարբեր պատճառներով եւ նպատակամղումներով.
- երբ նախարարության գործառույթները կրկնվում են այլ նախարարությունների գործառույթներում
- երբ նախարարության հետ առնչվող կառույցները հիմնականում սեփականաշնորհված են
- երբ նախարարության ղեկավար կազմը կամ նախարարը չի տիրապետում ոլորտի խնդիրներին:
Ինչ խոսք, կարող են լինել նաեւ այլ պատճառներ:

Բոլոր դեպքերում, մեր ազգային նկարագիրը պահպանելու համար առաջնային է կառավարության կառուցվածքում ունենալ մշակույթի եւ սփյուռքի նախարարություններ: Ի վերջո, չի կարելի հաշվի չառնել սփյուռքի գաղթօջախների հետ հարաբերվելու առանձնահատկությունները, որոնք հիմնականում պետք է լինեն միջպետական հարաբերություններից դուրս:
Մշակույթի նախարարությունը եղել եւ մնում է մեր ազգային այցեքարտը: 
Բոլոր դեպքերում, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը չպետք է լինի ազգային արժեքների ստորադասման հաշվին:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ