Ստուգաբանություն

Ստուգաբանություն
փող

Մի անգամ այնպես պատահեց, որ աշխատավարձս շատ ուշացավ: Ընտանիքս խրվեց ճգնաժամերի տեսության ուսումնասիրության զբաղմունքի մեջ, նույնիսկ բանը հասավ նրան, որ կինս զանգեց արտակարգ իրավիճակների նախարարություն...

Անքուն մի գիշեր սկսեցի ստուգաբանել «փող» բառը եւ խոստովանեմ, որ այնքան էլ լուրջ արդյունքների չհասա: Աճառյանի արմատական բառարանը ձեռքիս տակ չունեի, բայց սիրտս հուշում էր, որ այն թերթել չարժի, քանի որ, որպես ասկետ մարդ` Աճառյանը, հավանաբար, «փող» արմատն անտեսած, բաց թողած կլինի:

Առաջին գյուտը, որ արեցի, այս էր՝ «փողը», բացի դրամ նշանակելուց, մոտ է զենքի փողի հասկացությանը: Ահա՜ թե ինչու են փողազրկվածները (ղումարբազներ, հարկայինի մամլիչի տակ ընկած օլիգարխներ եւ այլն) երբեմն դիմում զենքի փողին (ինքնասպանության):
Թուրքերենով ստուգաբանությունը նույնպես հետաքրքիր արդյունք է տալիս: Թուրքերեն «փողը» կոչվում է «փուլու» (կամ «փուլի»), այսինքն՝ նորից կապվում է կյանքի մի փուլի հետ, մասնավորապես նրա մի ողբերգական` ինքնասպանության փուլի հետ:

Որ շատ խորանանք, կտեսնենք, որ այգեպանի աշխատանքային գործիքներից մեկի անվանումը (շլանգը, որով ջրում է այգին, ավելի ստույգ` փողրակը) նորից կապվում է «փողի» հասկացության հետ: Այն վերջանում է փոքրացնող, համարյա «ակ» վերջածանցով, այսինքն՝ ակնարկում է այգեպանի աշխատավարձի ցածր լինելը:

«Փող» բառն առնչվում է նաեւ երաժշտական գործիքների անվանը` փողային գործիքները նկատի ունեմ: Ծիրանի փողը դա դուդուկն է, գիտենք, սա հատկանշական է սոցիալական ստորին շերտերի համար, իսկ հարուստների համար արդեն ծիրանի փողը քիչ է, գործ ունենք կատաղի փողերի հետ, գնալով հասնում ենք մի ամբողջ փողային նվագախմբի գաղափարին...
Իմ պրպտումները տարան ժողովրդական բանահյուսության խորքերը... Իսկական մարգարիտներ գտա գուսան Մահուբի Գեւոյի մոտ: Մի տեղ նա ասում է.

Հազար միլիոն փող ունենամ` մահս եկավ` թողնեմ-կերթամ:

Այսինքն փողը՝ որպես վճարման միջոց (նորից ուսումնասիրել էի մարքսիստական քաղաքատնտեսության մեջ փողի հինգ գործառույթները), չի անցնում հոգեառ հրեշտակի մոտ (ահաեւ թե ինչ է պետք անել կոռուպցիայի դեմ պայքարում․ պետք է ուսումնասիրել հոգեառ հրեշտակի գենը եւ արդյունքները ներդնել պետական պաշտոնյաների բուծման գործում):
Մահուբի Գեւոն փողի մասին տողեր ունի, որոնց կնախանձեր ինքը` Շեքսպիրը.
Մութ աշխարհի լույսն ես դու, լույս աշխարհի` մութը:

Շա՜տ իմաստուն է ասված: Չնայած դրան` ժողովրդական բանահյուսությունն ուսումնասիրելիս վերջապես գտա սպառիչ, բայց թեւաթափ անող մի սահմանում. «Փողը ձեռքի կեղտ է»:
«Փող» բառի ստուգաբանությունից պարզվեց, որ այն նաեւ իրավաբանական, բանավոր-պայմանագրային նրբերանգներ ունի, օրինակ` «Փողին մուննաթ» ձեւակերպումը եւ այլն:
Արդեն ահագին գործ կար արված: Գրված հոդվածի հոնորարով կարելի էր ընտանիքիս նյութականը մի շաբաթ էլ ձգել: Այդ մտքին էի, բայց հաջորդ օրը լուր տարածվեց, թե աշխատավարձերն արդեն տալիս են...

Զավեն  ԲԵԿՅԱՆ