Ինչի՞ց են դժգոհել դատավորների փակ ժողովում եւ ինչու են կազմել 2 տեքստ․ մանրամասներ

Ինչի՞ց են դժգոհել դատավորների փակ ժողովում եւ ինչու են կազմել 2 տեքստ․ մանրամասներ

Մայիսի 27-ին «Դատավորների միությունը» ժողով էր հրավիրել՝ քննարկելու դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակն ու բարեփոխումներին ուղղված քայլերը։ Նիստը դատավորների քվեարկությամբ որոշվեց անցկացնել դռնփակ։ Ժողվից հետո «Դատավորների միության» նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների համար ընթերցեց հայտարարությունը, որը ընդունվել էր դատավորների կողմից։

Ըստ էության՝ դատապարտեց դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը՝ միաժամանակ նշելով, որ դեմ չեն հասարակությանը դատավորների ունեցվածքը, դրանք ձեռք բերելու աղբյուրները ներկայացնելուն: Հայտարարության վերջում էլ անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդին՝ նշելով, որ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի ապահովում դատավորների անկախությունը: 

Մենք տեղեկացանք, որ դատավորները դժգոհել են դատական կարգադրիչներից, մասնավորապես՝ դատարանների ելքերնումուտքերը շրջափակելու «օպերացիայի» օրը դատական կարգադրիչները մատնվել են անգործության, չեն բացել դատարանի դռները․ այդպիսով՝ մասնակցելով շրջափակմանը։ Դատավորներից մեկը մեզ հայտնեց, որ հնարավոր է դատական կարգադրիչների պետը ազատվի աշխատանքից։ Բացի սրանից, մենք տեղեկացանք նաեւ, որ «Դատավորների միություն»-ը ժողովի ավարտից հետո 2 հայտարարություն է պատրաստել, մեկն՝ ավելի կոշտ որակումներով եւ քննադատություններով, երկրորդը, որը ընդունվեց, ավելի մեղմ, առանց քաղաքական իշխանությանը «գազազեցնելու»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է բարեփոխել դատական համակարգը՝ հայտարարելով, որ դատավորները պետք է վեթթինգի ենթարկվեն, իսկ այն դատավորներն,  որոնք ր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:  Այս ամենի ֆոնին էլ օրերս հրաժարական տվեց համակարգի հնաբնակներից, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։