Սոլովյովի դեմ որոշումը Հայաստանի պետական քաղաքականության փոքրիկ դրվագներից մեկն է

Սոլովյովի դեմ որոշումը Հայաստանի պետական քաղաքականության փոքրիկ դրվագներից մեկն է

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ 

-Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանում արգելափակեցին։ Որքանո՞վ է ընդունելի նման որոշումը։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոլովյովը պրոհայկական դիրքորոշում է ունեցել միշտ եւ հատկապես պատերազմի օրերին Հայաստանն ու հայերին էր պաշտպանում իր եթերում։ 

-Նախ դա ընդհանրապես որևէ կապ չունի լրագրողի ազատ արտահայտման, խոսքի ազատության իրավունքի հետ։ Ես չեմ էլ կարծում, որ իշխանությունների այդ որոշումից հետո Սոլովյովի լսարանը նվազելու է, որովհետև ամեն դեպքում այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում ցանկացած մեկը կարող է ցանկացած հավելվածով նայել այդ հաղորդումը, այսինքն` խնդիրը դա չի։ Դա ամբողջ Հայաստանի պետական քաղաքականության, հիմնական քաղաքականության փոքրիկ դրվագներից մեկն է։ Եթե Հայաստանը որոշել է վճռականորեն շարժվել արևմտյան ուղղությամբ, փոխել անվտանգային վեկտորը և այլն, այսպիսի քայլերը ընդհանուր քաղաքականության մի փոքրիկ օղակն է։ Այլ հարց է, թե այդ քաղաքականությունը ճիշտ է, թե սխալ է։ Սոլովյովի հարցն առանձին դիտարկել պետք չի և իմաստ էլ չունի։ Ինչ վերաբերում է հարցին՝ պե՞տք էր այդպես անել, թե՞ պետք չէր, ես կարծում եմ, որ պետք չէր այդպես անել, որովհետև պետք չէր այս պահին ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները։ 

-Այնուամենայնիվ, այս քայլը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում։ 

-Իհարկե, հենց դրա հետ կապ ունեն։ 

-Հակառուսականությամբ պայմանավորված քայլե՞ր են։ 

-Իհարկե, նույն տրամաբանության մեջ, նույն շղթայի օղակներից է, ինչպես Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հանելու հարցը, այսինքն, ամբողջական պրոցեսի մեջ պետք է նայել՝ առանձին դիտարկել պետք չի։ Իշխանությունների այս քայլն այդ իմաստով բացարձակապես անիմաստ եմ համարում, որովհետև դրա արդյունքում մարդիկ էլի կարող են նայել Սոլովյովի հաղորդւոմները։ Ըստ երևույթին իշխանությունները որոշել են, որ պետք էր ավելի սրել հայ-ռուսական փոխհարաբերությունները, որոշել են, որ Արևմուտքին պետք է ցույց տան, որ վճռական են այդ ուղղությամբ և այդ համատեքստում էլ պետք է դա ընկալել։ 

-Չնայած ՀՀ իշխանությունները բավականին սուր հակառուսականություն են դրսևորում, Պեսկովն, անդրադառնալով Միր քարտերի գործածության արգելքին Հայաստանում, ասում է, որ այդ քայլը ԱՄՆ-ի կողմից ճնշումների արդյունքում է ընդունվել, ու ՀՀ իշխանությունները այդտեղ որոշիչ դեր չեն ունեցել։ Կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն փորձում է չտրվել հայկական կողմի սադրանքներին։ 

-Բնականաբար այդպես է, որովհետև Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում և նույնը պարտադրում է բոլոր մյուս երկրներին, հակառակ դեպքում սպառնալով` այդ պատժամիջոցները կիրառել այդ երկրների նկատմամբ, օրինակ, Հայաստանի նկատմամբ։ Մինչև հիմա աչք էր փակում, որ հայկական շուկան կարողանում էր Ռուսաստանի հետ համատեղ ինչ-որ մեխանիզմներով շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսինքն դա էլ իմ ասած տրամաբանության մեջ է։ 

-Սոլովյովի հաղորդումը փակելուց հետո, ռուսական կողմի արձագանքն ինչպիսի՞ն է լինելու։ 

-Ռուսական կողմը բազմաթիվ լծակներ ունի ցավոտ հարվածներ հասցնելու հայկական կողմին, դրանք կարող են լինել տնտեսական, օրինակ, էժան էներգակիրների տեսքով, դրանք կարող են լինել անվտանգային, օրինակ, Ադրբեջանի միջոցով կարող են հարվածել Ռուսաստանում` հայ միգրանտների նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառելով, այսինքն, միջոցները տարբեր են, Ռուսաստանը բազմաթիվ լծակներ ունի։ Եվ կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչ ինտենսիվությամբ և որքան ցավոտ հարված կփորձի հասցնել։ Բայց այստեղ կարևոր է այն, որ Հայաստանի իշխանությունները նման քայլ անելուց առաջ պարտավոր են մտածել հակազդող քայլերի մասին և պարտավոր են հաշվարկել, թե որքանով կարող են դիմակայել այդ հարվածներին։ Ու պատահական չի, որ այս ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի դիմադրողականության բարձրացումը։ Ես ենթադրում եմ, որ այնտեղ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան փորձելու են Հայաստանին ինչ-որ բաներ խոստանալ, որ դուք շարունակեք սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մենք կփորձենք այնպես անել, որ պատասխան հարվածներն այնքան էլ ցավոտ չլինեն։ Բայց խոսքն այս դեպքում որքան հասկացա միայն տնտեսական, նյութական հակազդեցության մասին է և ոչ թե անվտանգային։ 

-Հետաքրքիր է, Արևմուտքն ինչպիսի՞ աջակցություն պիտի ցույց տա, որպեսզի ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին Հայաստանը չխորտակվի։ 

-Ես կարող եմ միայն ենթադրություններ անել, որ այդ հակազդեցությունները կարող են լինել միայն էներգակիրների դեպքում, այդ պարագայում Արևմուտքը կարող է խոստանալ, որ կփորձի էժան էներգակիրներ ապահովել Հայաստանի համար, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դա հնարավոր է անել միայն ադրբեջանական էներգակիրների միջոցով, ինչը բնականաբար անընդունելի է, որովհետև Ադրբեջանը դրա դիմաց անվտանգային պահանջներ պետք է ներկայացնի։ Այստեղ շահերը խաչասերվում են, դրա համար եմ ասում, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են նախապես մտածել այդ մասին՝ նախքան այդպիսի քայլեր անելը։