Ինչու դպրոցներում գիրք չկա․ ե՞րբ է հարցը լուծվելու․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Ինչու դպրոցներում գիրք չկա․ ե՞րբ է հարցը լուծվելու․ պարզաբանում է  ԿԳՄՍ նախարարը

«Դասագրքերի չլինելու հետ կապված խնդիրը վերաբերվում է միայն 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններին, որտեղ, ինչպես հայտնի է, նոր չափորոշիչներ են։ Իսկ մյուս դասարաններում, ինչպես նախապես է պլանավորված եղել, դասագրքերը ժամանակին եղել են դպրոցներում։ 2-րդ, 5-րդ ու 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրումներ են, ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը ու մոտեցումները, ապա դրա համար էլ որոշակի ժամանակ պահանջվեց խնդիրը կարգավորելու համար, բայց գրքերի մի մասը արդեն դպրոցներում է, իսկ մյուս մասը լինելու է հենց այս ամսվա ընթացքում»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Լրագրողներից մեկի պնդմամբ՝ ծնողները ահազանգում են, որ դպրոցներում ռուսաց լեզու առարկայի ժամանակ, մասնավորապես տառերը սովորելու ընթացքում, դասագիրք չլինելու պատճառով երեխաները նկարչությամբ են զբաղվում, նկարում են իրենց ընտանիքը ու այդպես փորձում են ռուսերեն բառեր սովորել։ 

«Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես պետք է տառուսուցում իրականացվի, ծնողները գիտե՞ն, թե ինչպես է դա իրականացվում։ Դուք մանկավա՞րժ եք։ Ես հասկանում եմ, որ կրթությունն այնպիսի ոլորտ է, որտեղ յուրաքանչյուրը իր կարծիքն ու դիտարկումը ունի, սակայն, ամեն դեպքում, մանկավարժի մասնագիտությունը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում ու մանկավարժությամբ պիտի մասնագետները զբաղվեն»,- անդրադառնալով վերոնշյալ դիտարկմանը՝ նշեց Ժաննա Անդրեասյանը։