Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանում

Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանում

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Ավանեսյանն աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, իսկ 2023 թվականի ապրիլին՝ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին։

2023 թ. օգոստոսին բոլոր երեք ատյաններում հաղթելով, Ծաղիկ Վարդանյանը վերականգնվել էր իր պաշտոնում, ստացել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը, ապա դիմում գրել հեռացել: 

2023 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանում հաղթել է նաև Արտակ Մանուկյանը։ Դատարանը նախարար Ավանեսյանին պարտավորեցրել էր Արտակ Մանուկյանին վերականգնել Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել նրան հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ողջ աշխատավարձը։

Բնականաբար, նախարարը չէր հաշտվել պարտության հետ եւ նախարարությունը այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, երկու ատյանն էլ, պարզվում է` առաջին ատյանի դատարանի որոշումը թողել են անփոփոխ՝ Արտակ Մանուկյանին վերականգնել պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը։

Ուշագրավ է, որ Ավանեսյանն անգամ չի սպասել դատարանների որոշումների ուժի մեջ մտնելուն եւ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, որը, փաստորեն, չի կարող տեղի ունենալ, իսկ տեղի ունենալու դեպքում կլինի անիմաստ։

Զարմանալի է, որ իր մամուլի ասուլիսի ժամանակ դատարանների աշխատանքից դժգոհող՝ մասնագիտությամբ իրավաբան-նախարար Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը հետևողականորեն պարտվում է «բոլոր ճակատներում»։