Ոչ թե ՀՀ օրհներգն ու զինանշանը, այլ իշխանությունները պետք է փոխվեն

Ոչ թե ՀՀ օրհներգն ու զինանշանը, այլ իշխանությունները պետք է փոխվեն

Ինձ համար ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը հնարավորինս շուտ պետք է փոխվի: Հայաստանում պետք է լինի հայկական իշխանություն, կապ ունենա մեր պետության հետ, համապատասխանի մեր երկրի օրենքներին ու մեր ժողովրդի ավանդույթներին: Չեմ կարող պնդել, որ նոր իշխանությունը կլինի կատարյալ, անգերազանցելի եւ մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ գործող օտարածին իշխանության փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով՝ մենք նաեւ պետք է քննարկենք այս իշխանությունների հետագա ճակատագրի հարցը, ի մասնավորի՝ ինչ կարելի է անել նրանց հետ, ուր լցնել նրանց, երբ Հայաստանում այլեւս կլինի նոր իշխանություն: Բերդե՞րը… Ոչ, բերդերն ափսոս են, բերդերում արժանապատիվ մարդիկ շատ կան, այդ մարդիկ կփչանան սրանց հարեւանությունից: Բայց սրանք պարանից էլ վախենում են՝ ինչպես օձից: Ի՞նչ անել: Նիկոլի ասած՝ պատի տակ գնդակահարելն էլ մի քիչ շատ կլինի ախր… Հետո ջրի ավտո բեր, հրապարակը լվա… Դեռ չեմ խոսում պատի տակ կանգնած ՔՊ-շնիկների վայնասունի մասին: Դուք Վահագն Ալեքսանյանին պատկերացնո՞ւմ եք պատի տակ լուռ կանգնած՝ գլուխը բարձր… Երեւի ամենաանշառ ձեւը սրանց Կիեւյան կամուրջ քշելն է կամ՝ Պոբեդա մոստ: Մնացած ողջ «արարողությունն» արդեն իրենք իրենց ձեռքով կանեն: Հրազդանով կհասնեն Արաքս, Արաքսով էլ հո՝ Լենքորան… Չմոռանանք միայն հարեւան հանրապետության նորընտիր իշխանություններին (Իլհամ Ալիեւին) զգուշացնել, որ եկողներն իրենցից են, ու հանկարծ բնապահպաններին ոտքի չհանեն:

Այ, դրանից հետո միայն հանգիստ շունչ կքաշենք՝ համոզված, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա այլեւս Նիկոլ չկա: Հայաստանն առնվազն չի կարող լինել Նիկոլի տակ, հասկանո՞ւմ եք: Եվ ոչ միայն Հայաստանը: Նիկոլը չարիք է ողջ մարդկության համար: Եվ ուրեմն այդ չարիքն ինչո՞ւ պետք է սմայլիկի ձեւով «ճպպցրած» լինի մեր զինանշանի վրա՝ իբրեւ մեր անվտանգության երաշխավոր:

Իշխանափոխությունից հետո կարգի կբերենք նաեւ էն գեղեցիկ սանրվածքով ղշին, որ հեռավոր ձեւով հիշեցնում է ՀՀ առողջապահության եւ ԿԳՄՍ ոլորտները: Չեմ պնդում, որ արծիվը պետք է փոխարինել բադով կամ սագով, բայց առնվազն կտուցը պետք է բացել ու լեզուն դուրս հանել: Մեր հարեւան Շմավոնն այս հարցում համակարծիք է ինձ հետ: Ասում է՝ մեր զինանշանի արծիվն այնքան հեզիկ-մեզիկ է, որ թվում է՝ ուր որ է ձու կածի:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին էլ առանձնապես դուր չի գալիս մեր զինանշանը: Ըստ նրա՝ չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված: Մարդը ՔՊ-շնիկ է, բայց ճիշտ է ասում, չեմ կարող ուրանալ: Շղթան ինչքան էլ բաց է, բայց շղթա է ի վերջո: Շղթայի տեղը կարելի է փոխել, նետել առյուծի ոտքերի տակ: Բայց, ավաղ, հենց թուրն ինքը թուր չէ, գնում կորչում է վահանի հետեւում: Այդտեղ նույնիսկ տրամաբանական սխալ կա: Հայրենիքի պաշտպանները թուրը վահանի հետեւում չեն պահում, ցոլացնում են այն ու դեռ վահանի դրսի կողմին հարվածում՝ սարսափ տարածելով թշնամու վրա:

Ալեն Սիմոնյանը երաժշտական կրթություն, որքան գիտեմ, չունի, բայց բավականին խստապահանջ է մեր օրհներգի հարցում: Ահավասիկ նա ասել է՝ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ եւ լինի օրհներգի կանոններին համապատասխան: Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանը նեղվում է Բարսեղ Կանաչյանի մշակած երաժշտությունից, Ալենի սիրտը ավելի հայկական երաժշտություն է ուզում: Վայ, Ալեն, բա էն խեղճ գերմանացինե՞րն ինչ ասեն, երբ իրենց օրհներգի հեղինակը ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդընն է: Պարոն Սիմոնյան, արի ես ուրիշ առաջարկ անեմ: Ֆրանսիայի օրհներգն ինչո՞ւ է Մարսելյեզ կոչվում, գիտե՞ս: Բանից պարզվում է, որ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ այդ ռազմական երգը շուրթերին՝ հեղափոխականները Մարսելից հասան Փարիզ: Հիմա՝ քայլելով եկան, թե ոնց, չգիտեմ, բայց իրենց հետ բերած երգը շատ լավն էր ու կոչ էր անում դուրս գալ ժողովրդի եւ հայրենիքի թշնամիների դեմ: Բա մի այդպիսի երգ չլինե՞ր, որ Գյումրիից Երեւան եկած հեղափոխականների պատվին օրհներգ դարձնեինք: Հայեր ջան, դուխոոով, հայեր ջան, դուխոոով, գըմփ, գըմփ հու, քայլ արա՝ դուխոոով… Սա չէ՞ր ձեր բերածը:

Իսկ որո՞նք են օրհներգին ներկայացվող կանոնները, պարոն Սիմոնյան: Ես այդպիսի կանոնների որեւէ ժողովածու չեմ տեսել, ոչ էլ որեւէ օրհներգագետի եմ ճանաչում: Փոխարենը ես գիտեմ, որ «Մեր հայրենիք»-ը հայերիս ինքնության երգն է դարձել: Լավն է, թե վատը, էական չէ: Այն մերն է, ու ոչ ոք, մեզնից բացի, այն չի երգում: Այս հասարակ բանը երբեւէ կմտնի՞ ՔՊ-ական գլուխների մեջ: Վիձիծե լի, Նիկոլն ասել ա՝ հայրենիքը պետությունն է, եւ վերջ: Իսկ մեր օրհներգը կոչվում է «Մեր հայրենիք»… Տղերքը չեն կարողանում հասկանալ՝ Միքայել Նալբանդյանն այդ ի՞նչ նկատի ուներ հայրենիք ասելով, չէ՞ որ այն ժամանակ (առաջին անգամ հնչել է 1885թ., Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում, որպես հայկական քառաձայն երգչախմբի համերգի առաջին երգ) Հայաստանի Հանրապետություն տակավին գոյություն չուներ: Ի՞նչ եք բերելու տեղը…
Նիկոլը եկավ մեր բակը, ուսապարկը շալակը
Գըմփ, գըմփ հու, գըմփ, գըմփ հու, շալակը…
Այո՞: