Հովիկ Աղազարյանը ներկա է եղել երեկվա հավաքին

Հովիկ Աղազարյանը ներկա է եղել երեկվա հավաքին

Մենք գրել էինք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ շարժում է սկսվել, որը մեկնարկելու է օգոստոսի 23-ին եւ ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: Ղազարյանը որոշել է Գերագույն խորհրդի խորհրդանշանակ նիստ հրավիրել, այն ԳԽ-ի, որն ընդունել է Անկախության հռչակագիրը, որի դրույթներից Հայաստանը շեղվել է: Գրել էինք նաեւ, որ երեկ հավաք է տեղի ունեցել՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու եւ ԳԽ պատգամավորներին պարզաբանումներ տալու համար։ Որպեսզի օգոստոսի 23-ի հավաքին ներկա գտնվեն բոլոր ԳԽ պատգամավորները և քննարկեն Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: «Գերագուն Խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են նախապես լսել Էդգար Ղազարյանին: Մենք երեկ տեղեկացրել էինք, որ հավաքին մոտ 20 պատգամավոր է մասնակցել, նախ լսել են նախաձեռնողին, նրան հարցեր ուղղել, ապա իրենք են ելույթ ունեցել՝ ողջունելով նախաձեռնությունը, խոստանալով մասնակցել եւ կոչ են արել բոլոր ԳԽ պատգամավորներին՝ նույնպես ներկա գտնվել։

Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ովքեր են ներկա գտնվել երեկվա հանդիպմանը: Ներկա են եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, ԳԽ փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Գևորգ Բաղդասարյանը, Ռուբեն Հակոբյանը, Կիմ Բալայանը եւ ուրիշներ: Որոշվել է կոչ անել եւ բոլորին հրավիրել օգոստոսի 23-ի նիստին, իսկ նիստը վարելու պատիվը վերապահվել է Արա Սահակյանին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Հայաստանն ու Արցախը փրկելու համար նոր շարժում է նախաձեռնել, որը կոչվում է «Անկախություն»։ Այն պետք է մեկնարկի 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։