Նարեկ Թոփուզյան. Ճյուղերի դեզը

Նարեկ Թոփուզյան. Ճյուղերի դեզը

Օրվա մեջ շինաղբով, անպետք շիկահողով, քարուքռայով կամ էլի եսիմինչով թափքը բեռնած տասնյակ բեռնատարներ են կեռման տալիս Յոթանասունհինգերորդ փողոցով: Հռնդալով, մաշված արգելակները ճռնչացնելով, փռշտալով թոքերում կուտակված սեւ ծուխը՝ դրանք Էրեբունու թանգարանի կողմերից հանկարծակի հայտնվում, ապա անէանում են շրջադարձում, որտեղից միմյանց հետ հարս-սկեսուրի իրենց հեռավոր բարեկամությունն են սկսում Էրեբունին ու Նուբարաշենը: Էդ շրջադարձից էն կողմ բեռնաթափվելու որքան ասես ամայի տեղ կա, բայց հեչ տեղ էլ չլինի՝ Նուբարաշենի աղբավայրի ջանը սաղ լինի, պատմությանն անհայտ մեկն անցյալ դարի կեսերին աղբավայրի ծննդյան կայծը տվել է, ու այն դրանից կես դար անց դեռ՝ ինչպես անմար կրակը, ձմռանը միայն մի փոքր շիջվում, իսկ ամռանը լիաթոք վառվում է կանցերոգեն կծվահոտով: Բան ասել չես կարող՝ Յոթանասունհինգերորդ փողոցի մատույցներում շինարարական մաղձից ազատվելու շատ տեղ կա, ու դա է գլխավոր պատճառը, որ բեռնատարները քաղաքի ամենահեռավոր կետերից էս կողմերը նշան բռնած, շալկվոր եզան պես պոզերն աջուձախ խեթելով՝ ուղղվում են այստեղ: Ճանապարհը քաղաքից դեպի բեռնաթափման վայրերը, անկասկած, ամենամոտիկներից չի, ու թվում է՝ թափքը մի կերպ քարշ տվող բեռնատարի վարորդներին հարմար կլինի քարն ու հողը որքան հնարավոր է՝ մոտիկ թափել, բայց դա միայն թվում է, որովհետեւ մինչեւ նրանց քթի առաջ մի շիշ արաղ կամ երկու նեղլիկ կոնք չպարացնես, քո ուղղությամբ չեն նայի, սարսաղներն իբր վատությունը քեզ են անում, կքշեն՝ աշխարհի ծերը կհասնեն, բայց անպետք հող է, ինչ է, առանց շահի չեն բերի, որ, ասենք, փորածդ ֆունդամենտի փոսը լցնես:

Յոթանասունհինգերորդ փողոցում ապրող Զինան, երախտապարտ լինելն ի՞նչ է՝ չգիտի: Բնությունը նրա երակներն ինչ անձնային հատկանիշ ասես չի ներարկել, բացի երախտագիտությունից, հետեւաբար՝ երախտագիտությունը Զինայի բնավորության բազմաթիվ թույլ կողմերից մեկն է: Զինային շատ չկա՝ էսօր մերսի ասեց, վաղը հետեւից քֆուր կտա, էսօր իրեն մեկնված ձեռքը ճակատին կպցրեց՝ պաչեց, վաղը եւեթ էդ ձեռքի մեջ բոլ-բոլ կթքի։ Սրանք են երախտագիտության մասին Զինայի տարրական պատկերացումները, բայց Զինայի պատկերացումները՝ դենը: Դենը նաեւ, որ երբ Զինան երթուղային է նստում, ուղեւորները նրա ծաղկավոր շրջազգեստի միզահոտից դիվոտվում, հեւիհեւ շպրտվում են դեպի բաց պատուհանները՝ ընթացքից դուրս նետվելու, դենը՝ իր անձի մեծարանքը պարտադրելու ու դիմացի անձի մեծարանքով պարտադրվելու Զինայի ապաշնորհությունը, հարցը ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը: Տվյալ դեպքում հարցն այն է, որ Զինան փող չունի: Անժխտելի իրողություն է՝ Զինան փող չունի, որ ամսվա էն հատուկ օրերին շոր առնի՝ արանքը փռի, էժան մի բոնբոներկա առնի խնամոնց դեմը դնի, տան դամաշնիկն ու դրսի ոտնամանը մեկ չանի, հետեւաբար, նման պայմաններում հազիվ թե Զինան մի շիշ ավելորդ արաղի փող ունենա, բայց արի ու տես՝ էն, ինչ ուրիշներն արաղով են անում, Զինան արել է առանց դրա` առանց մի շիշ արաղի նա ծռել է քաղաքային էտած ծառերի ճյուղերով բեռնավորված բեռնատարի քիթն ու մտցրել այն փողոց: 

Հասարակական համակեցություն, հարգանք դեպի հարեւանի ազատ անցուդարձի մի քանի քառակուսի մետրը՝ նման բաներ Զինան եղած օրվանից չի ընկալում: Չի ընկալում, դրա համար էլ բերել ու փոր տված բողբոջներով ճյուղերի դեզը փողոցի ձախ պռնկին դատարկել է տվել, ու հիմա ձախից՝ Զինայի դեզը, աջից՝ գազատարի հենասյունն ու ավտո քանդող Գուրգենի կապտամետալիկ «Վեկտրայի» հոշոտված դիակը: Փողոցն էս երկուսի նեղ հարեւանությունից էնքան է անձկացել, որ ազատ անցուդարձը դարձել է անհնար, իսկ մեքենատեր հարեւանների ուշունցները՝ անպակաս: Բայց Զինայի տան դռան դեմն էտած ճյուղերի դեզը միակը չի՝ իրար հերթագայող նման ուղիղ երեք դեզ կա Զինայի տան դռան դեմը, ուրեմն Զինան հաջողացրել՝ ոչ պակաս երեք բեռնատարի քիթ է ծռել դեպի փողոց: Զինան երեք ավտո ծառերի ճյուղերը լցրել է դռան դեմը, ճանապարհի երթեւեկը դրա հիսուն մետր երկարությամբ հատվածում կաթվածահար է արել ու հիմա չգիտի՝ ինչ պիտի անի էդ քանակությամբ ճյուղերի հետ: Մի քանի համեմատաբար հաստ ճյուղեր է կտրտել Զինան, հաստ ճյուղերից ճեղաններն ու կնճակներն առանձնացրել, երկու հակի մեջ է միավորել ու պլանավորել, որ վերեւ-ներքեւ անելուց ձեռաց տուն կբարձրացնի: Բարձրացնելու փոխարեն, սակայն, Զինան նստել է դեզի կողքը, վրադիր շրջազգեստի փեշերի վրից գրկել է ծնկները եւ շիվար հայացքով քննում է ճյուղերի երեք դեզը, քննում է ու հասկանում՝ էս տեմպերով գործը որ գնաց, հաստատ ճյուղերը կկտրտի մինչեւ Հիսուսի երկրորդ գալստյան ձմեռն ու չի հասցնի գործն իր ավարտին: Ու չնայած Զինայի սպառնալի տարիքին, երբ մարդը մահվան ահից ակամա սկսում է հավատալ աստծուն, Զինան համառորեն Հիսուսի երկրորդ գալստյանը չի ուզում հավատալ ու չի էլ հավատացել նրա առաջին գալստյանը, դրա համար էլ նա փորձել է լուծումներ գտնել:

Մինչ հարեւան Համոյին կպչելը Զինան թաղի երկու ջահելի է գտել ու աշխատանք է առաջարկել նրանց: Առաջարկել է ճյուղերը կտրտել ու խոստացել է առատորեն վարձատրել՝ մարդա հազար դրամ ու Զատկի ձվով-թարխունով բրդուճ պերերիվին՝ ղողանջել է առատաձեռնությունը Զինայի շուրթերից, ու սիրասուն ջահելները, աչքաբաց ջահելները մեծ քաղաքի, որ հազար դրամի դիմաց սկի իրենց հերերի պապիրոզի համար խանութ չեն գնա, տնկել են մատները Զինայի ուղղությամբ: Մեկ մատ՝ չէ, որքան մատ հնարավոր է տնկել, հերթով տնկել են Զինայի ուղղությամբ, ապա հրավիրել նրան աշելու իրենց ու պատասխանելու հարցին՝ նմա՞ն են իրենք արդյոք Զինայի փայ հարիֆի:

Զինան ջահելներին չի նայել, որովհետեւ նայի, ի՞նչ անի, նա առանց նայելու էլ ֆակտ գիտի՝ սրանք իրականում հենց էլ հարիֆ չեն: Զինան նրանց հարցին չի էլ պատասխանել, բայց դրա փոխարեն ռադ է արել նրանց՝ «դե ռադ էղեք ստից, շան լակոտներ» բառերով ու կպել Համոյի ջանին: Համոյի ջանին Զինան կպել է էն պատճառով, որ փայտահատի հռչակ ունի նա: Ժամանակին հաստոցային սղոց է ունեցել Համոն ու կուբամետրը երկու-երկուսուկես հազարով կտրել է հարեւանների վառելափայտը, կտրել է էնքան, մինչեւ կտրել է բուն սղոցի շարժիչի թելը: Վերջերս Համոյին հաջողվել է խախալի գլուխը մի քանի կոպեկ-բան գցել եւ նորոգել պարապուրդի մատնված իր հաստոցային սղոցը: Անկասկած, սղոցն էն հինը չի՝ ամպերաժն է թույլ, անվապտույտների քանակությունն է քիչ, շարժիչն անընդհատ տաքանում է, բայց էդ տեխնիկական մանրամասները Զինային ի՞նչ՝ նա իմացել է սղոցի մասին ու դեմ եկել Համոյին։ «Կկտրե՞ս»,- հարցրել է Զինան Համոյին՝ աչքերը վերապահմամբ թարթափելով, որից հետեւում է, որ կտրելը նա պատկերացնում է մուֆտա, առանց դիմացը որեւէ բան առաջարկելու, բայց Համոն հո գիտի Զինայի արժեքը՝ կտրի՜, չկտրի՜, կտրի անվճար կամ նույնիսկ էդ կտրելու դիմաց Զինային վճարի ինքը, միեւնույն է՝ Զինայի խերը չի տեսնի, Զինայից ամենասովորական շնորհակալությունն ի՞նչ է, բախտ չի ունենա լսել, ուստի նա չի ուզում կտրել, չի ուզում, համա բերանն էլ բացել չի ուզում, որովհետեւ Զինայի սեւ ցուցակում ներառված մարդկանց նա չի խնայում. լեզվի մկաններում որքան ուժ ունի, սեւացնում ու պարսավում է: Նենց չի, որ Զինայի պարսավանքների պատճառով գիշերը քնել չի լինում, բայց, միեւնույն է, հաճելի քիչ բան կա դրանում: «Կկտրեմ, բայց էսօր չէ, էգո՛ւց»,- ամեն անգամ պատասխանում է Համոն ու էս եղանակով գլուխն ազատում Զինայից:

Փողոցը չափչփող ջահելների ուղղությամբ հայացքը հառելու իմաստ այլեւս Զինան չի տեսնում, ուստի հույսով լի հայացքը հառում է դեպի Համոյի տունը: «Կկտրեմ, բայց էսօր չէ, էգո՛ւց»,- ամեն անգամ ասում է Համոն, բայց էդ «վաղը» չի գալիս ու չի գալիս: Եվ ուրեմն կլինի արդեն տասնհինգ օր, փողոցը՝ անձուկ, ուշունցները՝ անպակաս, ու այս ամենին անհաղորդ, Զինան նստում է դեզի կողքը, վրադիր՝ փեշերի վրայից գրկում է ծնկներն ու հասկանում՝ իրեն որ մնա, մինչեւ Հիսուսի երկրորդ գալստյան ձմեռ ճյուղերի հախից չի կարողանա գալ:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ